Մատչելիության հղումներ

logo-print

Ընդդիմադիր նոր քաղաքական միավորումը կարող է ձեւավորվել արդեն հունվարին


Հայաստանյան մամուլում վերջերս շրջանառվող լուրերը, թե արդեն ձեւավորման փուլում է ընդդիմադիր արեւմտամետ նոր քաղաքական միավորում, այսօր հերքեցին դրա հնարավոր հիմնադիրները՝ հաստատելով, այդուհանդերձ, որ «խոսակցություններ այդ ուղղությամբ ընթանում են»:

«Նոր ձեւաչափի, նոր կողմնորոշում եւ ուղղվածություն ունեցող քաղաքական միավորի մասին խոսակցությունները միշտ էլ եղել են», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ազատական առաջադիմական կուսակցության առաջնորդ Հովհաննես Հովհաննիսյանը՝ այդուհանդերձ կարեւորելով մամուլում այդ մասին տարվող քննարկումները: - «Ընթանում են քննարկումներ, ինչի արդյունքում, վստահաբար կարող եմ ասել, որ կծնվի մի նոր ընդդիմադիր քաղաքական դաշինք, մի նոր ձեւաչափ»:

Ամեն դեպքում, ձեւավորվելիք միավորման դաշինքի մասին որեւէ հստակ բան՝ լինի դա քաղաքական հայտարարություն թե ինչ-որ փաստաթղթի ստորագրում, ակնկալվում է գալիք հունվարին:

«Ամբիցիաները պետք է գնան ոչ թե երկրորդ, այլ երրորդ պլան: Խնդիրը շատ ավելի կարեւոր է, քան սեփական ամբիցիաները կամ «լիդերացավը»: Ես կարծում եմ, ժամանակի ընթացքում կձեւավորվեն ե’ւ լիդեր, ե’ւ նոր մոտեցումներ», - շարունակեց Հովհաննիսյանը: - «Երկրում անհրաժեշտ է նոր բեւեռ, որի շուրջը կկարողանա համախմբվել մեր հասարակությունը»:

Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով, Ազգային ժողովի ընտրություններից առաջ ստեղծված «Արդարություն» դաշինքը ընտրությունների գնալու համար էր. - «Այն ձեւավորեց խորհրդարանական ընդդիմություն եւ կատարել ու կատարում է խորհրդարանական ընդդիմության գործառույթները»:

«Խնդիրն այն չէ, թե «Արդարություն» դաշինքը դրված խնդիրները լուծում է, թե չի լուծում: Խնդիրն այն է, որ իրապես մարտահրավերները երկրի առջեւ նոր որակ են ստացել եւ նոր մոտեցումներ ու նոր իդեաներ են պետք այս վիճակներից դուրս գալու համար», - ասաց նա՝ ավելացնելով, որ «Արդարություն» դաշինքի կուսակցություններից մի քանի հետ իրենք բանակցում են: - «Բացարձակապես նոր ձեւաչափը չի խանգարի «Արդարություն» դաշինքի գոյատեւմանը»:

Հովհաննսիյանի խոսքեորվ, նոր մոտեցումներն ու նոր գաղափարները անպայման զուտ արեւմտյան չեն լինելու:

«Դա չէ մեր խնդիրը, այլ այն, որ Հայաստանում կա ներքին եւ արտաքին ճնշումներին դիմակայելու խնդիր եւ հարվածի տակ է Ղարաբաղի հարցի լուծման ապագան», - ասաց նա:


Նանե Աճեմյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG