Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Հայաստանը հույս ունի, որ Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը կբերի սահմանի բացմանը»


«Անդամակցությունը Եվրամիությանը պետք է բերի ավելի բաց հասարակության ձեւավորմանը Թուրքիայում, որը կբացի Հայաստանի հետ սահմանները եւ կճանաչի հայոց ցեղասպանությունը», - «Ռոյթեր»-ին երեկ տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Անդրադառնալով Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները սկսելու մասին հաջորդ շաբաթ կայացվելիք որոշմանը, Օսկանյանը ասել է. - «Հայաստանը կուզենար, որ սահմանների բացման հարցը Եվրամիության կողմից հնչեցվեր ավելի հետեւողականորեն, բարձրաձայն, նույնիսկ՝ ագրեսիվ կերպով, քանի որ սա կարեւոր խնդիր է նաեւ Եվրամիության համար»:

Հայաստանի արտգործնախարարը ասել է նաեւ, թե Եվրամիության անդամ պետությունների ճնշման տակ սահմանի վերաբացումը կարող է խթանել առեւտուրը եւ օգնել Թուրքիայի արեւելյան աղքատ շրջանների, ինպես նաեւ Հայաստանի տնտեսական զարգացմանը:

«Թուրքիայի արտաքին քաղաքականությունը պետք է համահունչ լինի Բրյուսելի վարած քաղաքականությանը, իսկ դա նշանակում է, որ Թուրքիայի սահմանները իր հարեւանների հետ չեն կարող փակ լինել», - հայտարարել է Վարդան Օսկանյանը:

Արտգործնախարարը շեշտել է սահմանների փակ լինելու պատճառով վերջին 10-15 տարում Հայաստանի կրած մոտ 1 միլիարդ դոլարի վնասը եւ ավելացնելով, թե, ի վերջո, Հայաստանը Հարավային Կովկասի մյուս երկու երկրների հետ միասին Եվրամիության «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրի անդամ է:

«Եթե Թուրքիան չի ցանկանում իրականացնել իր կողմից ստանձնած պարտավորությունները, օգտագործել ստեղծված առիթը, ողջ ծրագիրը դառնում է ժամանակավրեպ, գոնե՝ Հայաստանի համար», - ասել է Օսկանյանը:

Ղարաբաղի առնչությամբ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտնել է, թե «ինքը զգուշավոր լավատեսությամբ էր տրամադրված Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու հարցում այն դժվարին ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը երկար տարիներ ղեկավարած բազմափորձ Հեյդար Ալիեւի մահից հետո իշխանության եկավ նրա որդի Իլհամը:

«Ղարաբաղյան խնդրի կարգավորման Ադրբեջանի կողմից մասնակիցների փոփոխության հետ կապված բանակցային գործընթացի շարունակման սկիզբը շատ դժվար էր», - ասել է Օսկանյանը՝ ավելացնելով, որ վերջին շրաջանում կողմերի՝ «միմյանց նկատմամբ ջերմացումը» հիմք է տալիս հուսալու, թե հնարավոր կլինի «որոշ առաջընթաց արձանագրել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG