Մատչելիության հղումներ

Մասնավորեցվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը


Կառավարության նիստում հինգշաբթի օրը ընդունված որոշմամբ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մասնավորեցվել է շուրջ 40 միլիոն դոլարով:

Կոմբինատի բաժնետոմսերը վաճառվում են չորս մասնավոր ընկերությունների: Գերմանական «Քրոնիմեդ» ընկերությունը ստանում է ընկերության բաժնետոմսերի 60 տոկոսը, Երեւանի «Մաքուր երկաթ» գործարանը՝ 15, «Արմենիան Մոլիբդենիում փրոդակշն» փակ բաժնետիրական ընկերութունը եւ «Զանգեզուր Մայնինգ» ընկերությունը՝ 12,5-ական տոկոս։

Գործարքի վաճառքի մոտավոր արժեքը 40 միլիոն դոլար է, թեեւ, ամիսներ առաջ խոսվում էր այդ թվի առնվազն եռապատիկի մասին։ Կառավարության՝ ավելի ուշ տարածած մամլո հաղորդագրության մեջ չի նշվում ակնկալվող ներդրումների չափը:

Կառավարությունն այսօրվա նիստում քննարկվեց ու հավանության արժանացավ նաեւ «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» օրենքի նախագիծը։

Գյուղատնտեսության նախարարության գյուղտեխնիկայի շահագործման հսկողության վարչության պետ Վարդան Ղուշչյանը նիստից հետո լրագորղներին փոխանցեց, թե ներկայումս երկրի մոտ 15 հազար սեփականատերերը տնօրինում են 17,5 հազար միավոր խոշոր գյուղատնտեսական տեխնիկա: Նրա խոսքերով, ներկայացված օրինագիծն հաստատվելուց հետո կկանոնակարգվի հանրապետության ողջ գյուղտեխնիկակյի հաշվառումը, դրանց կտրվեն պետահամարանիշներ, դրանք սահմաված կարգով տարին մեկ անգամ տեխնիկական զննում կանցնեն։

Ակնհայտ է նաեւ, որ գյուղտեխնիկայի հաշվառումը եւ պետական գրանցումը նաեւ ֆիսկալ, այսինքն, պետական բյուջեն լցնելու նպատակ է հետապնդում։ Վարդան Ղուշչյանը այսօր ասաց, որ հանրապետությունում շահագործվող գյուղատնտեսական մեխանիզմների տերերը տարեկան մոտ 10 միլիարդ դրամի եկամուտ են ստանում, որից ոչ մի լումա հարկ չեն վճարում պետությանը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG