Մատչելիության հղումներ

«Հայաստանում առայժմ բացակայում են կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարելու առաջնահերթ նախապայմանները»


Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տարածած հայտարարության մեջ նշվում է, թե Հայաստանում դեռեւս բացակայում են կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարելու առաջնահերթ նախապայմանները, այն է` իշխանությունների կողմից «իրական քաղաքական կամքի դրսեւորումը եւ հասարակության ակտիվ մասնակցությունը»:

«Հանրապետության քաղաքական եւ տնտեսական բոլոր ոլորտները թափանցած կոռուպցիան հանգեցնում է ազգի բարոյականության անկմանը, քայքայում պետականության հիմքերը եւ երկիրը խոցելի դարձնում արդի աշխարհաքաղաքական մարտահրավերների դեմ հանդիման», - նախազգուշացվում է հայտարարության մեջ:

«Վերջին տարվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից ընդունվել է Հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման միջոցառումների ծրագիր: Հայաստանը միացել է GRECO-ին (Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբին) եւ OECD-ի (Եվրոպայի տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության) հակակոռուպցիոն նախաձեռնություններին», - արձանագրում է հայտարարությունը` դրական գնահատելով նաեւ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի, Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի, ՀՀ գլխավոր դատախազության կազմում Կոռուպցիայի դեմ պայքարի բաժնի ստեղծումը:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի ներկայացուցիչները նաեւ կոչ են արել Հայաստանին միանալ Կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG