Մատչելիության հղումներ

Փաուելի՝ Ղարաբաղին առնչվող ձեւակերպումները հարուցել են ադրբեջանական թերթի «զարմանքը»


Ադրբեջանական «Նովոյե վրեմյա» թերթը այսօրվա համարում ադրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի` Իլհամ Ալիեւին ուղղված նամակին՝ հատուկ ուշադրություն դարձնելով նամակի հատկապես Լեռնային Ղարաբաղին առնչվող հատվածին:

Բաքվում լույս տեսնող ռուսալեզու թերթի փոխանցմամբ, նշված նամակում Փաուելը, փաստելով, որ անցած 15 տարիների ընթացքում հետխորհրդային տարածքում ազգամիջյան հակամարտությունները սառեցված վիճակում են եւ չկա առաջընթաց, նաեւ ընդունել է հակամարտությունները կարգավորելուն ուղղված ԱՄՆ «ջանքերի» ապարդյունությունը:

Թերթի զարմանքն է առաջացրել այն, որ նամակում, ի տարբերություն Մերձդնեստրի եւ Աբխազիայի, որոնք որակվում են որպես Մոլդովայի եւ Վրաստանի «ապստամբ տարածքներ», Լեռնային Ղարաբաղը հիշատակվում է որպես «Լեռնային Ղարաբաղ», այլ ոչ թե` «Ադրբեջանի անբաժանելի մաս»:

«Կամա թե ակամա Փաուելը միջնորդավորված կերպով հաստատել է, որ Միացյալ Նահանգները, փաստորեն, արդեն ճանաչել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը», - եզրակացրվել է հոդվածում:

«Բոլորը առանց այդ էլ գիտեն, որ Հայաստանից բացի Լեռնային Ղարաբաղին պաշտոնապես օգնություն ցուցաբերող միակ երկիրը Միացյալ Նահանգներն են», - շարունակում է «Նովոյե վրեմյա» թերթը՝ որպես ասվածի հիմնավորում բերելով 60 դպրոցների եւ 3250 ընտանիքների բնակարանների վերակառուցման համար ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից 2002 թվականի հոկտեմբերի Ղարաբաղին տրամադրված 15 միլիոն դոլարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG