Մատչելիության հղումներ

Երեքշաբթի օրը Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, աղետի գոտու այլ բնակավայրերում հազարավոր մարդիկ այցելեցին գերեզմանատներն ու հուշակոթողները՝ ոգեկոչելու ավերիչ երկրաշարժին զոհ գնացած ազգականներին ու մտերիմներին:

Ամենածանր տպավորությունը դեկտեմբերի 7-ին թողնում է Գյումրիի գերեզմանատունը: Երկրաշարժի ժամանակ այնքան մարդ է զոհվել, որ ասես ամբողջ քաղաքը գերեզմանատանն է:

Աղետի գոտում այսօր եղավ նաեւ նախագահ Քոչարյանը: Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցու մոտ դեմ առ դեռ դուրս եկան Ռոբերտ Քոչարյանն ու անցած նախագահական ընտրություններում նրա հիմնական ախոյան Ստեփան Դեմիրճյանը: Նախագահն ու ընդդիմության առաջնորդը չտենելու տալով միմյանց շարունակեցին իրենց ճանապարհը:

Գյումրիի կենտրոնում ժամանակավոր տնակներ արդեն չեն երեւում, բայց դա չի նշանակում, թե 16 տարի հետո բնակարանային խնդիրը արդեն լուծված է:

«Հիմնականում տները պատրաստեցին փողոցի բանուկ մասերին, որ երեւա, թե շենք է շինած», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց գյումրեցի Գեւորգ Գրիգորյանը: - «Թե չէ տնակներ շատ կան քաղաքում»:

Գյումրիում մինչեւ այժմ մոտ 4 հազար ընտանիքներ բնակվում են ժամանակավոր տնակներում:

15 տարի տնակում ապրող Սիլվա Մխիթարյանի խոսքերով, իր 11-ամյա որդին այդ տնակում է ծնվել, այդտեղից է թաղել ամուսնուն:

«Ցուրտ է: Երեխայի քթին եմ ձեռք տվել՝ տեսնելու երեխաս կենդանի՞ է, թե՞ ոչ: Երեխայիս ձեռնոցները հագցրած եմ քնեցնում», - ասաց նա:

Կնոջ հետ տնակում ապրող Սամվել Նարիմանյանի խոսքերով, իրենց բնակարան էին խոստացել դեռ 5-6 տարի առաջ: «Բայց ո՞վ է տերը», - ասաց նա: - «Տեր չկա, տիրական չկա: Ո՞ւմ բողոքես»:

Վանաձորում բնակարանային խնդիրը սուր չէ: Վանաձորցիների խոսքերով, այն լուծվել է արտագաղթի «շնորհիվ»:

«Մեր շենքի 40 տոկոսը գնացած է», - օրինակ բերեց մի կին: - «Իմ տանից չամուսնացած աղջիկս է գնացել: Գնացել է աշխատի, որ օգնի, որ ես ապրեմ»:

Պաշտոնապես աղետի գոտի հասկացությունը արդեն վերացված է. հիմա այն զարգացման գոտի է կոչվում: Բայց այդ գոտում ապրող մարդիկ ասում էին, թե զարգացման ոչ մի միտում չեն տեսնում:

«Զարգացման գոտի անունը դրեցին, բայց զարգացում չկա», - ասաց գյումրեցի Գեւորգ Գրիգորյանը: - «Աշխատատեղ չկա, աշխատատեղ է պետք ստեղծել»:

Իսկ վանաձորցիներից ոմանց կարծիքով, Վանաձորը նոր է սկսում աղետի գոտի դառնալ՝ ավելի են վատանում կենսապայմանները:

«Իբր աղքատության տոկոսը պակասել է», - դառը հումորով ասաց մի տարեց վանաձորցի: - «Եթե մենք տարեցներս մահանում ենք, ապա տոկոսը կպակասի... Դա ինչ թվաբանություն է, չեմ հասկանում»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG