Մատչելիության հղումներ

Շարունակվում է ԱՄՆ դոլարի սրընթաց անկումը հայաստանյան դրամի համեմատ


Հայաստանում այս օրերին ԱՄՆ դոլարի փոխարժեքի անկումը շարունակվում է, եւ փոխարժեքը գրեթե հավասարվել է 1997 թվականի մակարդակին: Կենտրոնական բանկի նախագահը, մինչդեռ, կրկին հայտարարում է, որ բանկը շարունակելու է չեզոք մնալ այդ հարցում:

«Միայն շուկայական գործոններով է որոշվելու Հայաստանի Հանրապետությունում փոխարժեքի խնդիրը», - երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Եթե երեկ երեկոյան մայրաքաղաքի փոխանակման կետերը ԱՄՆ մեկ դոլարը գնում էին 475 ու վաճառում 483 դրամով, ապա այսօր երեկոյան փոխանակման որոշ կետերում գնման գինը 460 դրամ էր, իսկ վաճառքինը՝ 470։

Տիգրան Սարգսյանը, նշելով, որ հասարակության ճնշող մեծամասնությունը ապրում է հայկական դրամով ստացվող եկամուտներով, ասաց, թե կարեւորն այն է, թե ինչպիսին են դրամով արտահայտված գները։ Իսկ փոխարժեքը, նրա խոսքերով, երկրորդական է, ածանցյալ, եւ եթե Կենտրոնական բանկը փորձի միջամտել ու կայունացնել դրամը, ապա գներն անխուսափելիորեն կաճեն:

«Արդյո՞ք կհամաձայնի մեր հասարակությունը ունենալ ֆիքսված փոխարժեք, բայց՝ չափազանց բարձր գների մակարդակ: Մեզ փորձում են դրդել այնպիսի գործողությունների, որոնց հետեւանքով գների աճը կարող է կրկնակի կան եռապատիկ ավելի լինի, քան մենք ծրագրավորել ենք», - ասաց Տիգրան Սարգսյանը:

Նրա պնդմամբ՝ եթե 2004 թվականի ընթացքում դրամը շարունակեր արժեզրկվել դոլարի նկատմամբ, ապա գների մակարդակը Հայաստանում անհամեմատ ավելի բարձ կլիներ, քան հիմա է։

«Աշխարհի ոչ մի կենտրոնական բանկի դեռեւս չի հաջողվել միաժամանակ ե’ւ փոխարժեքը կայուն պահել, ե’ւ գների մակարդակը՝ ցածր», - ասաց Սարգսյանը՝ ավելացնելով, որ դրամի հետագա արժեվորումը անխուսափելի է, քանի որ առաջնահերթը գների կայունություն է:

«Պետք է համակերպվենք այն մտքի հետ, որ դրամի արժեքավորումը դոլարի նկատմամբ էական զսպող ազդեցություն է թողել ներմուծվող ապրանքների գների մակարդակի վրա, ինչի մասին հայտարարություններով հանդես են եկել հենց ներմուծողները», - ասաց Կենտրոնական բանկի նախագահը:

Նա, այդուհանդերձ, ընդունում է, որ դրամի կտրուկ արժեվորումը անհարմարություն է ստեղծում ինչպես արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող գործարարների, այնպես էլ քաղաքացիների համար։ Մյուս կողմից, դա, անշուշտ, ձեռնտու է ապրանք ներկրողներին։

Ընդունելով, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը բարձր է համարում սպառողական գները, Կենտրոնական բանկի նախագահը, միաժամանակ, վկայակոչեց պաշտոնական վիճակագրության թվերը, որոնց համաձայն, այս տարվա 11 ամիսների վերջի դրությամբ, Հայաստանում ոչ թե գնաճ, այլ 0,3 տոկոսի գնանկում է տեղի ունեցել։

«Այս տարի հացի եւ հացամթերքների խմբի ապրանքների գները տարվաընթացքում եղել են կայուն եւ նույնիսկ արձանագրվել է որոշ ապրանքատեսակների գծով գնանկում: Դա ազդել է ամբողջ զամբյուղի գների մակարդակի վրա», - բացատրեց Տիգրան Սարգսյանը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG