Մատչելիության հղումներ

Ամերիկահայ բարերարը պահանջում է ընթացք տալ իր հայցին


Մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք - Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում երեքշաբթի օրը ամերիկահայ հայտնի բարերար եւ գործարար Գրիգոր Նաջարյանի շահերի ներկայացուցիչները փորձում էին ապացուցել, որ ավելի վաղ գլխավոր դատախազության քննչական խումբը ապօրինի է կասեցրել Նաջարյանի հայցի քննությունը ընդդեմ վերջինիս նախկինում վստահված անձ Գրիգոր Իգիթյանի:

Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը Նաջարյանի ներկայացուցիչների դիմումի հիման վրա քրեական գործ էր հարուցել Գրիգոր Իգիթյանի դեմ՝ «խաբեության եւ վստահությունը չարաշահելու միջոցով ուրիշի գույքին տիրանալու» մեղադրանքով: Նաջարյանի շահերի ներկայացուցիչների խոսքերով, 1990-ականների սկզբին ամերիկահայ բարերարը Հայաստանի քաղաքացի Իգիթյանի միջոցով Երեւանում ձեռք է բերել անշարժ գույք, շինարարական աշխատանքներ կատարելու նպատակով հարյուր հազարավոր դոլարների հասնող ներդրումներ է արել, ինչից հետո Իգիթյանը իր անունով է ձեւակերպել այդ սեփականությունը՝ Նաջարյանին զրկելով սեփականության իրավունքից:

«Խոսքը երեք գույքերի մասին է», - ասաց Նաջարյանի շահերի ներկայացուցիչներից Աշոտ Պողոսյանը. - «Ֆոտոխանութ Աբովյան փողոցի վրա եւ Ձորագյուղ թաղամասում երկու մեծ շենքերի շինարարությունը, որտեղ կատարել է Ջորջ Նաջարյանը ներդրումներ, ինչը ընդունվել է նաեւ նախաքննության մարմնի կողմից: Գործողությունների ընթացքում այդ ներդրումները չքացել են: Այսօր մենք այդ հարցի պատասխանն ենք ուզում ստանալ, թե ի՞նչ են եղել այդ մարդու ներդրումները»:

Դատախազության քննիչները հրաժարվեցին պարզաբանումներ տալ, թե ինչի հիման վրա է կասեցվել գործը: Այսօրվա դատական նիստում հնչածից, այդուհանդերձ, կարելի է եզրակացնել, որ, ըստ էության, կասեցման համար հիմք են հանդիսացել նաեւ Գրիգոր Իգիթյանի պնդումները, թե ինքը նույնպես խոշոր ներդրումներ կատարել շենքերի շինարարության մեջ, եւ որ իր կատարած ներդրումները շենքերի արժեքի հիմնական մասն են կազմել:

Նաջարյանի շահերի ներկայացուցիչները տարբեր փաստարկներ բերեցին, թե նախաքննության ընթացքում ուղղակիորեն եւ անուղղակիորեն պարզվել է, որ Ջորջ Նաջարյանը իրոք կատարել է խոշոր փոխանցումներ շենքերի շինարարության համար: Հայցվոր կողմը պնդում է, որ սփյուռքահայ Ջորջ Նաջարյանի գույքին վերջինիս երբեմնի վստահված անձը խաբեությամբ է տիրացել եւ պարտավոր է վերադարձնել այն:

Հարկ է նշել, որ սեփականությունը ձեւակերպվել էր Գրիգոր Իգիթյանի անունով, քանի որ այն ժամանակ, երբ կատարվել էր գործարքը, օտարերկրացիները Հայաստանում սեփականություն ձեռք բերելու իրավունք դեռ չունեին:

Ջորջ Նաջարյանի մյուս վստահված անձը, ում, հայցվոր կողմի պնդմամբ, դարձյալ խաբեությամբ Գրիգոր Իգիթյանը դուրս է մղել համատեղ գրանցված ՍՊԸ-ից (Սահմանափակ պատասխանատվության ընկերություն), Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանն էր:

Վերջինս ներկա էր այսօրվա դատական նիստին եւ ասաց, թե Նաջարյանի խնդրանքով զուտ ձեւականորեն ընդգրկվել էր այդ ՍՊԸ ում՝ իմանալով, որ շենքերը իրականում պատկանում են Նաջարյանին: Այնուհետեւ, երբ Գրիգոր Իգիթյանը իրեն ասել է, թե Նաջարյանն ուզում է որ ինքը դուրս գա ՍՊԸ ից, Գուրգեն Մելիքյանի չի ճշտել, թե արդյոք դա Նաջարյանի ցանկությունն էր: Իսկ որ Իգիթյանը իրեն խաբել էր, Մելիքյանը միայն վերջերս է պարզել:

«Ջորջ եւ Քերոլայն Նաջարյանները մեր երկրում շատ հայտնի բարերարներ են, եւ այսպես նրանց հետ վարվելը սխալ է» - ասաց Մելիքյանը:

Դատական նիստը ընդմիջվեց երկու օրով:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG