Մատչելիության հղումներ

Հայաստանը, ըստ հայ քաղաքագետի, ակնկալում է Թուրքիայի հետ հարաբերությունների կայունացում


«Ես չեմ բացառում, որ Ռուսաստանը կարող էր պաշտոնական Անկարայի առջեւ դնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաղորդակցությունների բացման հարցը», - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Անկարա կատարած այցի առիթով Երեւանի ակնկալիքների մասին ռուսաստանյան «Ռոսիյսկայա գազետա» թերթի հարցազրույցում ասել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ Ռուբեն Սաֆրաստյանը:

Քաղաքագետի կարծիքով, Կարս - Գյումրի երկաթգծի գործարկումը տնտեսապես ձեռնտու է նաեւ Ռուսաստանին: Ընդհանրապես, հայ-թուրքական սահմանի վերաբացումով կլուծվի ոչ միայն Հայաստան - Թուրքիա, այլեւ Թուրքիայի եւ Եվրամիության, Թուրքիայի ու Ռուսաստանի, ողջ Հարավային Կովկասում փոխհարաբերություններում առկա ամենախրթին հարցը: Այդ դեպքում, ըստ Սաֆրաստյանի, կգործեր Արեւմուտքի կողմից առաջադրված՝ «Տնտեսական համագործակցության միջոցով՝ դեպի քաղաքական հակամարտությունների կարգավորում Հարավային Կովկասում» բանաձեւը:

Բացի այդ, «Ռուսաստանի ղեկավարի այցը կարող է դրական լիցք հաղորդել ղարաբաղյան խնդրի բանակցային գործընթացին», քանի որ «Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ է, իսկ Թուրքիան, որպես Մինսկի խմբի անդամ, այս հարցում Ադրբեջանի վրա մեծ ազդեցություն ունի»:

Պատասխանելով նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կայունացման դեպքում Ռուսաստանի՝ որպես Հայաստանի ռազմավարական գործընկերոջ դերի նվազման մասին ռուսաստանցի որոշ քաղաքագետների պնդումներին առնչվող հարցին, Ռուբեն Սաֆրաստանը նշել է. - «Հայ-թուրքական հարաբերությունների կայունացումը ձեռնտու է նաեւ Ռուսաստանին, ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ զուտ տնտեսական տեսանկյունից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG