Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 4-ը դեկտեմբերի)

Դաշնակցության ներկայացուցիչներից պատգամավոր Արմեն Ռուստամյանը «Հայոց աշխարհ»-ի թղթակցին ասել է. - «Ուղղակի ցավում եմ, որ ժամանակին չկարողացանք հասնել նրան, որ նախկին իշխանությունների գործունեությանը լիարժեք քաղաքական գնահատական տրվեր։ Այդ պատճառով էլ կատարվածից բավարար հետեւություններ չարվեցին, եւ այսօրվա զարգացման տեմպերի ոչ բավարար լինելը այն ժամանակվա անհետեւողականության արդյունքն է։ Դրա համար էլ Տեր-Պետրոսյանն ու իր շրջապատը կրկին փորձում են հրապարակ գալ»: Արմեն Ռուստամյանը «Նախկինների վերադարձի համար հիմքեր չկան» վերնագրով հարցազրույցում, մասնավորապես, ընդգծում է. - «Հայաստանից արտագաղթի ամենամեծ ալիքը եղել է Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին: 1998-ից հետո ներկա իշխանությունները գործ ունեն հետեւանքների հետ։ Այո՛, դժբախտաբար չեն կարողացել արմատապես կոտրել այդ իներցիան, որովհետեւ տնտեսության զարգացումը ցանկալի մակարդակի չի հասել... Այսուհանդերձ, անկախ այսօրվա իրողություններից ունեցած հիմնավոր դժգոհությունից, մարդիկ միշտ էլ կարող են համեմատել, եւ այդ համեմատությունը նախորդ ռեժիմի օգտին չէ»։

«Տեր-Պետրոսյանի վերադարձը հրապարակային քաղաքական ասպարեզ՝ այլեւս իրողություն է», - մատուցում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը: - «Քաղաքական ուժերը մի տեսակ վերադասավորվում են ըստ այն նոր իրողության, որ քաղաքական դաշտում նոր խաղացող է հայտնվել»: «Հիմա միանշանակ է, որ եթե աշխարհաքաղաքական այս ցիկլում Հայաստանում ձեւավորվելու է ընդդիմություն, եթե Հայաստանում լինելու է ժողովրդավարության եւ ազատության հաղթանակ, դա լինելու է Տեր-Պետրոսյան լիդերով», - գրում է մեկնաբանը: - «Մինչ Բուշի հետ հանդիպումը Տեր-Պետրոսյանը ուներ միայն մեկ հաղթաթուղթ` Ղարաբաղի հարցը, իսկ հիմա նրա ձեռքում հայտնվեց նաեւ երկրորդը, ըստ որի՝ ինքը շարունակում է հանդիսանալ Հայաստանի ժողովրդավարական, ազատական ուժերի լեգիտիմ եւ ճանաչված առաջնորդ»: «Հայկական ժամանակ»-ում նաեւ դիտարկում կա, թե «Տեր-Պետրոսյանի վերածննդի հիմնական «մեղավորները» գործող ընդդիմության լիդերներն են եւ հատկապես Դեմիրճյան - Սարգսյան - Գեղամյան եռյակը, որոնք իրենց քաղաքական գործունեության ընթացքում վերջնականապես ապացուցեցին իրենց անհաղորդությունը քաղաքականություն կոչվող արվեստին». - «Նրանք ցույց տվեցին, որ մոսկովյան կոմպեքսը անհաղթահարելի է իրենց համար, իսկ ազատությունը ոչ թե հայացքների համակարգ է, այլ՝ հակաքոչարյանական լոզունգներ արտասանելու պատրվակ»:

«Գոլոս Արմենիի» թերթում այսօր ներկայացվող վերլուծության համաձայն՝ եթե ՀՀՇ-ն ու Տեր-Պետրոսյանը վերադառնում են գործուն քաղաքականություն, ապա դա «միայն ու միայն միացյալ ընդդիմության մեղքով է, նրանց ապաշնորհ քաղաքական պահվածքի պատճառով»:

«Ընդդիմադիր դաշտի այս դատարկությունն է ներքաղաքական լարվածության պատճառը», - «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում ասում է պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: - «Ու քանի դեռ այդ դաշտը թափուր է, այս լարվածությունը չի թուլանալու»: Գործարար պատգամավորի հայացքով՝ անպատժելիության մթնոլորտը նկատելի է. - «Նաեւ նկատելի է, որ ժողովուրդը սկսել է զզվել լավ ապրողներից»: Ինչ վերաբերում է արտգործնախարար Օսկանյանի հայտարարությանը, թե մեր տնտեսությունը զարգանում է վագրի թռիչքներով, Ռուբեն Հայրապետյանն ասում է. - «Ինձ խիստ անհասկանալի է, թե այդ թռիչքները նա որտեղ է չափել ու եզրակացրել, որ դրանք վագրային են: Ես ո՛չ որպես գործարար, ո՛չ էլ որպես տնտեսագետ՝ մեր տնտեսության մեջ զարգացման նման թռիչքներ չեմ տեսնում»:

Գլխավոր դատախազությունը երեկ հաղորդագրություն տարածեց «Հայկական ժամանակ» թերթի խմբագրության ավտոմեքենայի հրկիզումը ամրագրելով հանցագործություն: «Սա այն բացառիկ դեպքերից է, երբ դատախազությունը հաղորդագրություն է տարածում ոստիկանության վարույթում գտնվող քրեական գործի մասին», - նշում է այսօր «Հայկական ժամանակ»-ը, որի տեղեկություններով՝ դա պայմանավորված է այս հարցում իշխանության թեւերի միջեւ առկա հակասություններով: «Առավոտ» թերթը, իր հերթին, խմբագրականում ընդգծում է. - «Հարցական է մնում՝ ինչո՞ւ էր ոստիկանությունը հենց սկզբից բացահայտ հասկացնում, թե չի ցանկանում քննել որեւէ այլ վարկած՝ ինքնահրկիզման վարկածից բացի: Դա թույլ է տալիս ենթադրել, որ ոստիկանությունը ամենեւին շահագրգռված չէ հանցագործության բացահայտմամբ եւ անում է ամեն ինչ կատարվածը կոծկելու համար: Մեր ղեկավարները թերեւս չէին ցանկանում, որ լուր տարածվեր, թե Հայաստանում լրագրողի վրա դարձյալ հարձակում է եղել»: «Ի վերջո, սակայն, պատմությունը շուռ եկավ նրանց դեմ, ովքեր ցանկանում էին հանցագործությունը կոծկել», - ամփոփել է «Առավոտ»-ը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG