Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Երկիր» թերթը ուշադրություն է սեւեռում ՀՀՇ-ն՝ որպես երկրի իշխանության միակ այլընտրանք հանդիսացող ուժ ներկայացնելու քարոզչության ծավալմանը՝ ուղղված, ինչպես նշում է թերթը՝ ոչ թե հայաստանյան, այլ դրսի սպառողին: Նախանշվում է, որ առաջիկայում էլ ծավալվելու է «նախկին նախագահին հաջորդ նախագահ տեսնելու ինչ-ինչ ուժերի շահագրգռվածության մասին տեսական մտավարժանքների, «հավաստի լուրերի» եւ, բնականաբար, անթաքույց ցանկության դրսեւորումների գովազդային արշավ»:

«Իրավունք» թերթն այսօր ամերիկյան դիվանագիտական աղբյուներ է վկայակոչում, թե «Լեւոն Տեր-Պետրոսյանը, ամենայն հավանականությամբ, վերադառնում է ակտիվ քաղաքականություն». - «Սակայն խոսել նրա վերադարձի մասին որպես Հայաստանի նախագահի ապագա թեկնածուի, գոնե առայժմ անհիմն է: Ավելի շուտ Տեր-Պետրոսյանի առաքելությունն է լինելու ներկայիս վարչախմբի, այսպես կոչված, այլընտրանքային արեւմտյան կողմնորոշում ունեցող քաղաքական բեւեռի ձեւավորումը»: Այս առումով ավելի հավանական է համարվում, որ «առաջին նախագահը ավելի շուտ կաջակցի հավանական թեկնածուներից մեկին»:

«Ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ Հայաստանի իշխանությունների համար կարծես ստեղծվել է հույժ անբարենպաստ իրավիճակ», - ձեւակերպում է այսօր «Իրավունք»-ի մեկնաբանը: - «Եվ դրա ինդիկատորներից մեկն էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նախկին իշխանությունները ներկայացնող քաղաքական ուժերի աննախադեպ ակտիվացումն է»: «Նախկինների ակտիվացման համար բարենպաստ ֆոն են ստեղծում նաեւ Ուկրաինայում ծավալված իրադարձությունները», - նշվում է «Իրավունք»-ում: - «Ընդհանուր առմամբ, ամբողջ ընդդիմադիր դաշտում բավականին ուժեղացել են արեւմտամետ տրամադրությունները՝ անկախ ընդդիմադիր կոնկրետ կուսակցությունների ավանդական աշխարհաքաղաքական կողմնորոշումներից»:

«Ընդամենը մեկ տարի առաջ իշխանափոխության համար պայքարի առաջին գծում գտնվող ընդդիմությունն այսօր ընդամենը մեկ բան է անում՝ ամիսը երկու անգամ, երեքշաբթի օրերին, ԱԺ ամբիոնից հայտարարություններ է անում իրեն սպառած վարչախմբի մասին ու նրանց կոչ անում օր առաջ հեռանալ... Դաշինքում շատերը համաձայն չեն դաշինքի վերջին շրջանի ամորֆությանը, որը թելադրում է ՀԺԿ նախագահը», - ուրվագծում է «Հայկական ժամանակ» թերթի մեկնաբանը: - «Այսօր արդեն փաստն այն է, որ «Արդարություն» դաշինքում սկիզբ է առել փլուզման գործընթաց: Առաջինը դաշինքից անգլիական ձեւով, կարելի է ասել, արդեն հեռացել է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը»: Աշոտ Մանուչարյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին երեկ ասել է, որ իրենց համագործակցությունը «ոչ միայն ԱԺՄ-ի ու Հայրիկյանի, այլ նաեւ մի քանի այլ ուժերի հետ, հնարավոր է վերածվի ընդդիմադիր նոր ֆորմատի, որն իր վրա կվերցնի հասարակական նոր ալիքը առաջնորդելու պատասխանատվությունը»:

Մոսկվայի քաղաքապետ Լուժկովի այցի առիթով «Հայկական ժամանակ»-ում այսօր շեշտադրվում է, թե նա ավտորիտար ռեժիմների «քաղաքական գերեզմանափորը» դառնալու զարմանալի հատկություն ունի. - «Երբ լավ հարաբերություններ է ունենում որեւէ քաղաքական ղեկավարի հետ եւ նրան ջերմեռանդորեն պաշտպանում է՝ այդ գործիչը շուտով դուրս է մղվում քաղաքական ասպարեզից»: Մատնանշվում են իրադարձությունները Աբաշիձեից մինչեւ Յանուկովիչ: Ինչ վերաբերում է Երեւանի ու Մոսկվայի ֆինանսատնտեսական կապերի զարգացման գործընթացին, «Հայկական ժամանակ»-ում ակնարկված է. - «Ռուսական կասկածելի ծագմամբ փողերը կարող են շրջապտույտներ անել միայն Հայաստանի պես երկրներում... Մեր եւ ռուսական իշխանությունների մենթալիտետները համընկնում են, եւ այս պարագայում նրանք կարող են «փոխշահավետ» պայմանավորվածությունների գալ»:

«Երբ միջազգային որեւէ ատյանում քննարկվում կամ ընդունվում է ադրբեջանական կողմի հերթական նախաձեռնությունը, մեզանում... ոմանք մեղադրում են ինչ-որ համաշխարհային ուժերի, երկրորդները նավթային շահեր են փնտրում, սակայն իրականում մերոնց եւ ադրբեջանցիների տարբերությունը ընդամենը նախաձեռնություն ցուցաբերելու, այն մինչեւ վերջ առաջ տանելու, այսինքն՝ սեփական ազգային շահերը հետապնդելու ցանկության մեջ է», - ընդգծվում է այսօր «Հայոց աշխարհ» թերթում: - «Մինչեւ այժմ ինչպես արտգործնախարարության, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության միջոցով միջազգային ատյաններում մեր ազգային շահերի պաշտպանության խնդիրը հանգել ու հանգում է ընդամենը հակառակորդի նախաձեռնություններին հակազդելու եւ միջազգային կառույցների պահանջների կատարմանը հետեւելու գործելակերպին: Բացակայում է դիվանագիտական ու քարոզչական ճակատներում հաղթանակի հասնելու հիմնական պայմանը՝ սեփական նախաձեռնությունը, հակահարձակումը եւ, որ ավելի կարեւոր է՝ շարունակական ճնշումը հակառակորդի թույլ կետերի վրա»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG