Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ն «արմատապես փոխված» իրավիճակ է տեսնում Հայաստանում


Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը հաստատել է Աղքատության հաղթահարման եւ տնտեսական աճի եռամյա վարկի ներքո Հայաստանի տնտեսական ցուցանիշների ամփոփումը։ Դա Հայաստանին թույլ է տալիս ստանալ 105,3 միլիոն դոլար արժողությամբ վարկի վերջին՝ 13 միլիոն 700 հազար դոլար մասաբաժինը։

Այս կապակցությամբ հրավիրված ասուլիսում Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը շեշտեց, թե կատարվել են ԱՄՀ-ի առջեւ ստանձնած բոլոր պարտավորությունները: Իր հերթին, Հայաստանում ԱՄՀ-ի ներկայացուցիչ Ջեյմս ՄըքՀյուն բարձր գնահատեց Հայաստանի տնտեսական կատարողականը՝ ասելով, թե եռամյա ծրագրի մեկնարկին Հայաստանը լուրջ մակրոտնտեսական պրոբլեմներ ուներ՝ բյուջետային մեծ պարտքեր, բանկային ճգնաժամ, ֆինանսական կարգուկանոնի բացակայություն էներգետիկ հատվածում եւ համատարած աղքատություն։

ԱՄՆ-ի գնահատմամբ, երեք տարվա ընթացքում Հայաստանում իրավիճակը արմատապես փոխվել է:

«Ճիշտ տնտեսական քաղաքականության որդեգրումը սկսել է տալ իր արդյունքները: Հայաստանը հիմա ունի տնտեսական աճի բարձր տեմպեր, աղքատության ցուցանիշները նվազել են ու կենսամակարդակը սկսել է բարելավվել», ասուլիսում հայտարարեց ԱՄՀ-ի ներկայացուցիչը։

Այդուհանդերձ, Արժույթի հիմնադրամի գործադիր խորհուրդը երեկ արձանագրել է, որ չնայած Հայաստանում արձանագրված տնտեսական առաջընթացին, «իշխանությունները պետք է վերացնեն կամայականության դրսեւորումները հարկային եւ մաքսային ոլորտներում», ինչը կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե եռամյա ծրագրի ավարտը նշանակո՞ւմ է արդյոք, որ Հայաստանը այսուհետ կհրաժարվի ԱՄՀ-ի համեմատաբար թանկ վարկերից, Վարդան Խաչատրյանը պատասխանեց. - «Քաղաքական որոշումը արդեն ընդունվել է եւ մենք սկսել ենք բանակցել նոր ծրագրի շուրջ»:

Արժույթի միջազգային հիմնադրամի վարկերը չեն մտնում պետական բյուջե: Դրանցով պարզապես համալրվում են երկրի արտարժութային պահուստները՝ ավելացնելով երկրի արտաքին պարտքը։ Դրանք աղքատ երկրներին տրվող արտոնյալ վարկեր են՝ տարեկան 0,5 տոկոս տոկոսադրույքով ու մարման 10 տարի ժամկետով։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG