Մատչելիության հղումներ

Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի ՁԻԱՀ-ի «աղետից» խուսափելու համար


Հայաստանոում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Լիս Գրանդեն չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակում հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ պաշտոնական վիճակագրական տվյալները ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի (մարդու իմունային անբավարարության վիրուս եւ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ) տարածման մասին տագնապալի են:

«Եթե այս երկիրը հիմա ոչինչ չանի հիվանության տարածումը կանխելու համար, դուք ականատես կլինեք աղետի», - ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսում հայտարարեց Լիս Գրանդեն:

Ասուլիսում հրապարակվեցին բազմաթիվ տվյալներ, այդ թվում՝ միայն ընթացիկ տարում Հայաստանում արձանագրվել է կանանց շրջանում ՄԻԱՎ-ի 13 նոր դեպք, ինչն աննախադեպ է 1988-ից ի վեր տարվող վիճակագրության մեջ:

Հայաստանում այսօր գրանցված է 304 ՄԻԱՎ վարակակիր: Խոսքը պաշտոնապես գրանցվածների մասին է: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակվածների իրական թիվը, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալներով, մոտ է 3 հազարին: Թեեւ անհանգստացնողը ոչ թե այս թվերն են, այլ դրանց աճի միտումները:

ՄԱԿ ի գլխավոր քարտուղարի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի գծով տարածաշրջանային հատուկ հանձնակատար Լարս Օլոֆ Քալլինգսը զգուշացրեց, որ պետք է միջոցներ ձեռնարկել տարածաշրջանի այլ երկրների, օրինակ, Ռուսաստանի ու Ուկրաինայի վիճակին չհասնելու համար: Ռուսաստանում այսօր 860 հազար վարակակիր կա:

Հայաստանի պարագայում մտահոգիչ է հատկապես վերջին տարիներին հիվանդության կտրուկ տարածման փաստը: ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանի փոխանցմամբ, վերջին 4 տարիների ընթացքում ավելի շատ վարակակիրներ են արձանագրվել, քան ամբողջ տարեգրության ընթացքում:

Ընդ որում, միայն 2004-ին արձանագրվել է 53 նոր դեպք, ինչն ամենաբարձր ցուցանիշն է նախորդ բոլոր տարիների համեմատ:

ՄԻԱՎ-ի վարակակիրներից 60-ի մոտ ախտորոշվել է (ՁԻԱՀ (ՄԻԱՎ-ը ընդամենը վիրուսն է, իսկ ՁԻԱՀ-ը՝ արդեն այդ վիրուսի առկայության հետեւանքով զարգացած հիվանդությունը):

«Այս 60 դեպքից 30-ը, այսինքն՝ կեսը, արձանագրվել է վերջին երկու տարիների ընթացքում: Այս տարի արձանագրվել է 17 դեպք», - ասաց Գրիգորյանը՝ ավելացնելով, որ միայն այս տարի երկրում արձանագրվել է ՁԻԱՀ-ից մահվան 11 դեպք:

2002 թվականին ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային ծրագրի ընդունումից հետո է միայն Հայաստանում սկսվել քիչ թե շատ համակարգված պայքարը հիվանդության տարածման դեմ: Այս տարի առաջին անգամ պետբյուջեից այս նպատակով տրամադրվել է 50 մլն դրամ:

«Գլոբալ հիմնադրամ» կազմակերպությունը Հայաստանին տրամադրել է 3 մլն 200 հազար դոլարի դրամաշնորհ՝ երկու տարվա կրթական եւ այլ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ծրագրեր իրականացնելու համար:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG