Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց աշխարհ» թերթում այսօր մի կարճ հաղորդագրություն կա, թե նախագահի նստավայրից իրենց տեղեկացրել են, որ Ռոբերտ Քոչարյանը մտադիր չէ առաջադրել իր թեկնածությունը երրորդ ժամկետին. - «Սակայն իրեն փոխարինողի ընտրության հարցում էլ շտապել չի ցանկանում ու պատրաստվում է նշել նրա անունը հաջորդ ընտրությունների նախօրեին՝ 2008 թվականին»:

Իսկ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ Հայաստանում Իտալիայի դեսպանատանը հանդիպել է Պիետրո Ագոյի հետ, որը ոչ վաղ անցյալում ղեկավարում էր Եվրախորհրդի նախարարների կոմիտեի «Ագոյի խումբը», որ զբաղվում է Հայաստանի մոնիտորինգով: «Նշված հանդիպումը վկայում է, որ Տեր-Պետրոսյանի քաղաքական ակտիվացման գործընթացը շարունակվում է», - մեկնաբանում է «Հայկական ժամանակ» թերթը: - «Արեւմուտքը Տեր-Պետրոսյանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում, քանի որ ուզում է հասկանալ, թե ինչքանով է նա պատրաստ այլընտրանք լինել Քոչարյանին»: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Տեր-Պետրոսյանը «արեւմտյան դեսպանների հետ հանդիպումներում ասում է, որ պատրաստ է քաղաքականություն վերադառնալ, եթե վստահ լինի, որ կարող է նախագահ ընտրվել ազատ եւ արդար ընտրություններում, որի արդյունքները ոչ ոքի մոտ կասկած չեն հարուցի»:

«Ազգ» թերթում այսօր բերված են մի հարցման արդյունքներ, ըստ որի 30 երեւանցիներից եւ ոչ մեկը, ում դիմել են լրագրողները, դրական չի արձագանքել առաջին նախագահի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու հնարավորությանը:

«Վերջին շրջանում արձանագրվում է ընդդիմադիր ուժերի աշխուժացման ակնհայտ միտում, որն առայժմ քաոսային կերպարանք է ընդունել», - ձեւակերպում է այսօր «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը: - «Այդ ակտիվությունը պայմանավորված է ոչ թե ներհայաստանյան ինչ-ինչ գործընթացների ազդեցությամբ, այլ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները նաեւ մեզանում կրկնելու ցանկությամբ... Ներկայումս ականատես ենք զուգահեռաբար ծավալվող մի քանի հապշտապ քայլերի, որոնցից մեկն էլ ՀՀՇ-ի եւ նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի ակտիվանալու, քաղաքական ասպարեզում երեւալու փորձերն են»: «Հայոց աշխարհ»-ում պատկերավորված է. - «Առկա թույլ քաղաքական լարվածությունը մեծացնելու «առաքելությունը» ճարահատյալ դրվում է «քաղաքական լճակի» ծերացած խեցգետինների ու աղմկարար գորտերի վրա... Իսկ ստեղծված թանձր ճահիճը փոթորիկ ծնելու որեւէ ներուժ իր մեջ չի պարունակում»:

«Արդյոք Հայաստանի ընդդիմության ձախողման հիմնական պատճառն այն չէ՞, որ ի տարբերություն Վրաստանի եւ Ուկրաինայի ընդդիմադիրների, որոնց պայքարն իշխանության դեմ ռուսական եւ արեւմտյան արժեքային տարբեր համակարգերի հակամարտության դրոշմ ուներ, մեր պարագայում կարծես ընդամենը մրցակցություն էր, թե ով է ավելի ռուսամետ»: Այս հարցին «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը «Առավոտ» թերթում, մասնավորապես, պատասխանել է. - «Հեռու եմ այն մտքից, թե Արեւմուտքը ժողովրդավարությունը պաշտպանում է միայն այն դեպքում, երբ հավաստիացումներ են արվում, որ մենք իրենց հետ ենք: Արեւմուտքը միշտ է պաշտպանում ժողովրդավարությունը: Իսկ Ռուսաստանը վերջին 100 տարվա ընթացքում անընդհատ պաշտպանում է այն մարդկանց, ում ժողովուրդը չի ընդունում եւ դրա հետեւանքով կորցնում է»: Ըստ Արամ Սարգսյանի, հայաստանյան դեպքերն «իբրեւ օրինակ ծառայեցին համաշխարհային հանրությանը, որ իրենց վերաբերմունքն արտահայտեն ավելի խիստ ու մոբիլ: Եթե մեր դեպքերն այսպիսի ընթացք չունենային, Վրաստանում չէր լինի նման ակտիվ աջակցություն: Եվ հիմա էլ, եթե Հայաստանում ինչ-ինչ զարգացումներ լինեն, կլինի նույն աջակցությունը»: «Առավոտ»-ի հարցազրույցում «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը նաեւ ընդգծում է. - «Հասարակական լայն զանգվածներ ներառող քաղաքականությունը պահանջում է շատ ավելի լուրջ գումարներ: Իսկ արտաքին աջակցությունը եւ ֆինանսական հնարավորությունները փոխկապակցված են»:

Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի հայացքով, Ուկրաինայում տեղի ունեցողը ընդհանուր առմամբ «նպաստավոր ֆոն է ստեղծում ետխորհրդային ողջ տարածաշրջանում հետզհետե ժողովրդավարացման եւ լիբերալ գաղափարների հաղթանակի համար»: Անդրադառնալով տեսակետին, թե Ուկրաինայից հետո Արեւմուտքը կանցնի Հայաստանի ժողովրդավարացմանը, նա ասում է. - «Ես ավելի հակված եմ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները գնահատել որպես Ուկրաինայի ժողովրդի ժողովրդավարության համար հետեւողական պայքարի արդյունք... Իսկ դավադրությունների տեսություններին այդքան շատ չեմ հավատում»: Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի ակտիվացմանն առնչվող մեկնաբանություններին, թե միջազգային հանրությունը կամ Արեւմուտքը կարող են նրա հետ պայմանավորվածություններ ձեռք բերած լինել, նախկին արտգործնախարարը ձեւակերպում է. - «Դրանք արդեն սպեկուլյացիաներ են: Եվ այդքան ծանր պետք չէ ընդունել առաջին նախագահի արտասահմանյան գործուղումները կամ հարցազրույցը: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանը էլ ավելի շատ կխոսի»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG