Մատչելիության հղումներ

«Արդարություն» դաշինքի ղեկավար անդամներից Ազգային ժողովի պատգամավոր, Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանը երեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում, վերլուծելով Հայաստանի շուրջ ներկայիս իրավիճակին, այն ընդհանրացրեց որպես «լիակատար մեկուսացում»:

Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով, ստեղծված վիճակից միակ ելքը «ժողովրդավարացումն է՝ ընտրությունների միջոցով»:

«Կան նաեւ ծայրահեղ դեպքեր, երբ մինչեւ ընտրությունը տեղի է ունենում համընդհանուր ընդվզում», - շարունակեց Քոչարյանը: - «Այսօր այդպիսի իրավիճակ կա՝ ճնշումն է, մեր անընդհատ նահանջն է, օրինակ, կոնկրետ Ղարաբաղի հարցում: Բայց դրանք դեռեւս այնքան ցցուն չեն, որպեսզի ժողովուրդը իրեն դերակատար զգա»:

Ներկայացնելով սեփական գնահատականը, Շավարշ Քոչարյանը ասաց. - «Հայաստանում պետք է տեղի ունենա ժողովրդական ալիք՝ հանուն ժողովրդավարության: Այդպիսի մի հնարավորություն կա կապված սահմանադրական հանրաքվեի հետ»:

Ի տարբերություն ընդդիմադիր պատգամավորի, իշխող քաղաքական կոալիցիայի մաս կազմող «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար անդամ, Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը երկրում ժողովրդավարության զարգացման բացմաթիվ ուղիներ է տեսնում:

«Կարեւորագույն խնդիրներից մեկը, մեր կարծիքով, առաջին հերթին ինստիտուցիոնալ մոտեցումներն են», - այսօր հրավիրած ասուլիսում ասաց Շահգելդյանը՝ կարեւորելով այդ տեսանկյունից հատկապես Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքի բարեփոխումները:

Այս երկու պատգամավորների ասուլիսներում մեկ այլ ընդհանուր հարց էլ կար: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում Դեւիդ Աթկինսոնի պատրաստած՝ Լեռնային Ղարաբաղի հարցով զեկույցի քննարկմանը չմասնակցելու նպատակահարմարության մասին վերջերս արտահայտվել են թե’ Ազգային ժողովի փոխնախագահ, Դաշնակցության ղեկավար անդամ Վահան Հովհաննիսյանը, թե’ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը:

Շավարշ Քոչարյանի գնահատականով, ով նաեւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ է, դա «մարդկանց հոգեբանության մեջ ներթափանցող լիակատար մեկուսացում է»:

«Ես կարծում եմ, որ քննարկումները, իհարկե, կարեւոր են, եւ այնտեղ պետք է լինել եւ աշխատել», - այդ կապակցությամբ ասաց Մհեր Շահգելդյանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG