Մատչելիության հղումներ

Երեւանում կայացավ ՀԱՊ անդամ պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների խորհրդի հերթական նիստը


Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ղրղըզստանի անվտանգության քարտուղարները երեքշաբթի օրը Երեւանում անցկացրին խորհրդի հերթական նիստը:

Նիստի օրակարգում տեղ էին գտել միջազգային ահաբեկչության, թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարին, անօրինական միգրացիային վերաբերող հարցեր:

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Իգոր Իվանովի խոսքերով՝ «քաղաքական հայտարարություններից արդեն անցնում են կոնկրետ գործողությունների»:

Խոսքը վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը, զինվորական կադրերի պատրաստմանը, թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարին, որը այսօրվա նիստում քննարկված ուղղություններից մեկն էր. համատեղ գործողություն է իրականվացվել` «Կանալ 2004», եւ այսօր ամփոփվել են դրա արդյունքները:

Սա նմանատիպ երկրորդ գործողությունն էր, որին մասնակցել են ՀԱՊ անդամ պետությունների բոլոր իրավապահ մարմիները: Գործողությունը անցկացվել է երկու փուլով, եւ երկրորդ փուլին մասնակցել են նաեւ Ադրբեջանի, Իրանի եւ Ուզբեկստանի իրավապահները:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործադիր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի խոսքերով, արդյունքները տպավորիչ են:

«Շատ կարճ ժամանակահատվածում առգրավվել է ավելի քան 5 տոննա թմրանյութ, մի քանի հազար քրեական գործ է հարուցվել, հայտնաբերվել են թմրանյութերի տեղափոխման նոր ճանապարհներ», - ասաց նա՝ ընդգծելով, որ ամենակարեւորը այս գործողությանը այլ պետությունների մասնակցությունն էր:

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Իգոր Իվանովը նիստի ավարտին հրավիրած ասուլիսում ասաց, որ այսօր չեն քննարկվել պայմանագրի անդամ պետությունների տարածքներում հակամարտությունների խնդիրները, ինչպես նաեւ Ուկրաինայում (որը չի անդամակցում պայմանագրին) հետընտրական լարվածությունը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG