Մատչելիության հղումներ

Երեքշաբթի օրը Ագարակ ավանում Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ Իրանի Էներգետիկայի նախարար Հաբիբոլա Բիթարաֆի ներկայությամբ սկսվեց Իրան Հայաստան գազատարի հայաստանյան հատվածի շինարարությունը:

«Գազատարի առաջին 40 կիլոմետրը, որի շինարարությունն սկսվել է այսօր, կառուցվելու է իրանական կողմի հատկացրած 30 մլն դոլար վարկի միջոցներով», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանը. - «40 կիլոմետրի շինարարության պայմանագիր էին ստորագրել նաեւ «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունը եւ որպես կապալառու՝ Իրանի «Սանիր» ընկերությունը։ Շինարարությունը պետք է ավարտվի մինչեւ 2007 թվականի հունվարի 1-ը, որից հետո Իրանի եւ Հայաստանի գազի համակարգերը կարող են միանալ եւ սկսել աշխատանքը»:

Մերի Հարությունյանը հավելեց նաեւ, որ Հայաստանի վարչապետը եւ Իրանի Էներգետիկայի նախարարը Զանգեզուրի Շինուհայր բնակավայրի մոտ այսօր առավոտյան մասնակցել են նաեւ Իրան - Հայաստան բարձրավոլտ էլեկտրագծի երկրորդ հերթի գործարկման արարողությանը:

«Ագարակ-Շինուհայր էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի շահագործմամբ կբարձրացվի նաեւ Իրանի եւ Հայաստանի էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունը», - ասաց նա՝ ավելացնելով, որ բարձրավոլտ էլեկտրագծի երկրորդ հերթի կառուցումն իրականացրել է իրանական «Սավանիր» ընկերությունը՝ նույնպես իրանական կողմի վարկավորման հաշվին: Ընդհանուր առմամբ ծախսվել է 8 միլիոն 400 հազար դոլար։

Այս բարձրավոլտ գծի շինարարության մասին Իրանի եւ Հայաստանի էներգետիկայի նախարարությունները համապատասխան պայմանագիր էին ստորագրել դեռեւս 2002թ.:

Իրանական արտահանման բանկի տրամադրած վարկերի պայմանները բավականին մատչելի են՝ ժամկետը 7,5 տարի, տոկոսադրույքը՝ տարեկան 5 տոկոս։ Սա, ըստ էության, պայմանական տոկոսադրույք է, քանի որ հայկական կողմը վարկը մարելու է ոչ թե փողով, այլ էլեկտրաէներգիայով։

Մյուս կողմից, Իրան - Հայաստան գազամուղի պարագայում, տնտեսականից զատ, լուծվում են կարեւորագույն երկու այլ խնդիրներ, որոնք որոշակիորեն արդարացնում են այդ վարկի դիմաց ապագայում վճարվելիք տոկոսները։ Նախ, բարձրանում է երկրի էներգետիկ անկախության աստիճանը, քանի որ գազ ստանալու այլընտրանքային ուղի է բացվում։ Նաեւ՝ ավելի որակյալ իրանական գազի մուտքը հայաստանյան շուկա որոշակի իմաստով ռուսական գազի հետ մրցակցության հնարավորություն կարող է ստեղծել:

Իրան - Հայաստան գազամուղով, միաժամանակ, օգտագործելով իրանական գազամատակարարման ցանցը, հնարավոր կլինի նաեւ Թուրքմենստանից էժան գազ ստանալ, ինչը եւս սակագների հնարավոր թռիչքը կանխելու հավելյալ հնարավորություն է։

Պատահական չէ, որ իրանական կողմի հետ կնքված պայմանագրի համաձայն, 2007 թվականից սկսած Հայաստանը պետք է 1 միլիարդ 100 միլիոն խորանարդ մետր գազ ստանա, այսինքն՝ մոտավորապես այնքան, որքան ներկա պահին Հայաստանը Ռուսաստանից է ստանում։

Պայմանագրի համաձայն, սկսած 2019 թվականից Իրանից Հայաստան գազի մատակարարման ծավալները կհասնեն 2 միլիարդ 300 միլիոն խորանարդ մետրի, իսկ ընդհանուր առմամբ 20 տարվա ընթացքում Հայաստանը իր հարավային հարեւանից մոտ 36 միլիարդ խորանարդ մետր երկնագույն վառելիք պետք է ստանա։

Իրան - Հայաստան գազամուղի կառուցումը սերտորեն կապված է Երեւանի ՋԷԿ-ի արդիականացման ծրագրին։ Նախատեսվում է Ճապոնիայի կառավարության 140 միլիոն դոլար վարկի հաշվին հիմնովին վերակառուցված ու գերարդիականի վերածված կայանում իրանական գազից ստացված էլեկտրաէներգիան արտահանել Իրան եւ, հնարավոր է, Էլեկտրաէներգիայի դեֆիցիտ ունեցող երրորդ երկրներ։

Որպեսզի այս ծրագիրը իրականություն դառնա, պետք է կառուցվի նաեւ Քաջարան - Սիսիան - Ջերմուկ - Արարատ - Երեւան 197 կիլոմետր երկարությամբ գազատարը, որի շինարարությունը մոտ 90 միլիոն դոլարի ֆինանսավորում է ենթադրում։ Ըստ Մերի Հարությունյանի, հավանական ներդրողների հետ այդ ուղղությամբ առայժմ բանակցություններ են ընթանում։

Առայժմ անհայտ է, թե Իրանի հետ իրականացվող Հայաստանի էներգետիկ ծրագրերին ի՞նչ մասնակցություն կունենան ռուսական ընկերությունները՝ «Գազպրոմ»-ը կամ «Ռուսաստանի միասնական էներգահամակարգեր» բաժնետիրական ընկերությունը, որոնք տնօրինում են Հայաստանի առանցքային էներգաարտադրող եւ գազաբաշխիչ հզորությունները։

Այսօր եւ վաղը Իրանի եւ Հայաստանի Էներգետիկայի նախարարները պետք է քննարկեն Հայաստան - Իրան էներգետիկ համագործակցության հեռանկարները։ Միեւնույն ժամանակ այսօր Հայաստան է ժամանել «Ռուսաստանի միասնական էներգահամակարգեր» բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Վոլոշինը եւ արդեն հանդիպել է նախագահ Քոչարյանի հետ:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG