Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Կեղծ զուգահեռներ» վերնագրի տակ «Առավոտ» թերթն այսօր ընդգծում է. - «Վրաստանում տեղի ունեցածի եւ Ուկրաինայում կատարվողի միակ նմանությունն այն է, որ երկու դեպքում էլ Արեւմուտքը չի թաքցնում իր շահագրգռությունը՝ կիրառելով միեւնույն սցենարը: Այստեղից է, հավանաբար, գալիս հիմնական սխալը, որը գործում են Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը՝ ուկրաինական իրադարձությունները գնահատելիս: Ընդդիմությունը, հասկանալի է, պաշտպանում է Յուշչենկոյին, որին, իր հերթին, պաշտպանում է Արեւմուտքը: Իշխանությունը, հակառակը, պաշտպանում է Յանուկովիչին, քանի որ նրան պաշտպանում է Ռուսաստանը: Յուշչենկոյի կողմնակիցներին մեր իշխանությունը համարում է երկրի իրավիճակն ապակայունացնող ամբոխ, որին ֆինանսավորում է Արեւմուտքը: Սակայն մեր վերնախավի երկու մասերն էլ խորը մոլորության մեջ են, որովհետեւ չեն հասկանում, որ Արեւմուտքն ու Ռուսաստանը իրականում ի զորու չեն ո՛չ հրահրել, ո՛չ էլ կասեցնել մեկ այլ երկրում տեղի ունեցող հեղափոխությունը: Հայաստանյան ընդդիմության ապրիլյան ելույթներն այդպես էլ շարունակություն չունեցան ո՛չ այն պատճառով, որ Արեւմուտքը մեր ընդդիմադիրներին նույնքան շռայլ չֆինանսավորեց, ինչպես Վրաստանի եւ Ուկրաինայի դեպքում: Եվ ո՛չ այն պատճառով, որ հայաստանյան իշխանությունները՝ ի տարբերություն Վրաստանի եւ Ուկրաինայի իշխանությունների, ցուցարարների հանդեպ ուժ կիրառեցին... Պարզապես», - շեշտում է «Առավոտ»-ը, - «ի տարբերություն վրացիների եւ ուկրաինացիների, մեր ժողովուրդն իրական այլընտրանք չունի: Մեզ մնում է թերեւս ընտրել չարյաց փոքրագույնին: Իսկ դրա համար հեղափոխություն չեն անում»: «Ուկրաինայում տեղի ունեցող նարնջագույն հեղափոխությունը հետեւողականորեն հերքում է հայաստանյան քաղաքական լիդերներից շատերի պատկերացումները քաղաքական պրոցեսների համար նպաստավոր եւ աննպաստ ժամանակների մասին: Մասնավորապես, մեր ընդդիմադիր քաղաքական գործիչներից շատերը մինչ այժմ էլ չեն թոթափել թյուրըմբռնումներն այն մասին, որ ասենք՝ քաղաքականության մեջ էական են եղանակային պայմանները», - իր հերթին վերլուծում է «Հայկական ժամանակ» թերթը՝ հիշեցնելով. - «Ի դեպ, հայաստանյան ընդդիմությունն իր միակ քաղաքական հաջողությունն ամրագրել է տեղատարափ ձյան պայմաններում. հենց ձյունառատ մի օր էր, որ Հայաստանի ԿԸՀ-ն չհամարձակվեց Ռոբերտ Քոչարյանին հռչակել ՀՀ նախագահ եւ ստիպված եղավ հայտարարել նախագահի ընտրությունների երկրորդ փուլի մասին»: «Վատ ընդդիմությանը ոչինչ չի խանգարում այդպիսին լինել», - բանաձեւում է «Հայկական ժամանակ»-ը:

«Հայոց աշխարհ» թերթում այսօր բերված է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետեւյալ գնահատականը. - «Թե՛ Վրաստանում, թե՛ Ուկրաինայում ընդդիմությունն ուներ հստակ դիմագիծ, ցայտուն առաջնորդ, ի դեմս Սահակաշվիլու եւ Յուշչենկոյի, ծրագիր եւ համապատասխան սոցիալական հենարան: Բայց անհնար է զրոյից ինչ-որ բան ստեղծել, փողոցից ինչ-որ մեկին բերել, առաջնորդ դարձնել եւ ստիպել, որ ոչ թե 20-30 հազար, այլ 500 հազար հոգի փողոց դուրս գա եւ ոչ թե 2-3 օր, այլ մի ամիս մնա հրապարակներում: Հայաստանում այդպիսի քաղաքական ուժ գոյություն չունի»: «Իրավունք» թերթի մեկնաբանի հայացքով՝ Ուկրաինայում «ռուսական քաղաքականության ձախողումը, ինչը երկրորդն է Աբխազիայից հետո, կդրդի Մոսկվային որոշ չափով վերանայելու սեփական մոտեցումները». - «Այն, որ այսօր Ուկրաինայում ե’ւ նախագահ Կուչման, ե’ւ պաշտոնապես հաղթող ճանաչված Յանուկովիչը համաձայն են անել այն, ինչ ընդդիմությունը պահանջում է, այսինքն՝ նշանակել նախագահական նոր ընտրություններ, եւ ամենայն հավանականությամբ, գերագույն դատարանը հենց այդպես էլ կվարվի, իսկ Յուչենկոն փոխել է իր պահանջները եւ ձգտում է առանց նոր ընտրությունների հռչակվել Ուկրաինայի նախագահ, ցույց է տալիս, որ այսօր որեւէ երկրում ռուսամետ գործչի իշխանության բերելը գրեթե անիրագործելի է, եթե վերջինս չի ընդունվում հանրության կողմից»: «Եթե ուկրաինական շարունակությունը լինի այդ երկրի մասնատման տեսքով, ապա դա նույնպես բավականին հիմնավոր հետեւանքներ կունենա գլոբալ առումով», - նախանշվում է «Իրավունք»-ում: - «Այդպիսի զարգացումը կհանգեցնի ամբողջ հետխորհրդային բեեւռացման գործընթացների կտրուկ արագացման»: «Բոլոր դեպքերում պարզ է»,- գրում է մեկնաբանը, - «որ ուկրաինական անհաջողությունից հետո Մոսկվան կձգտի ավելի վճռական քայլերի Հարավային Կովկասում, որպեսզի գոնե այդ տարածաշրջանում չունենա դիրքային նահանջ: Հայաստանի պարագայում գրեթե ակնհայտ է, որ Կրեմլը ամենամոտ ապագայում այլեւս չի հանդուրժի կոմպլեմենտարիզմի որեւէ դրսեւորում»:

«Սննդամթերքի նախատոնական թանկացումները այս անգամ էլ կկրկնվեն եւ պատճառը ապրանք արտադրողների եւ ներմուծողների հակամրցակցային համաձայնություններն են», - անդրադառնում է այսօր «Ազգ» թերթի մեկնաբանը: Մեզ մոտ գների բարձրացումը, ըստ նրա, պայմանավորված է հիմնականում սուբյեկտիվ գործոններով: Դրա մի վկայությունն էլ «դրամի շարունակվող արժեվորման պայմաններում սպառողական ապրանքների գների չիջնելն է»: «Ազատ մրցակցային դաշտի այս խեղումների դեմ պատժամիջոցներ պետք է մտցվեն», - ընդգծվում է «Ազգ»-ում: - «Հակառակ դեպքում կշարունակվի մենատեր «գործարարների» խրախճանքը՝ բաղկացած ստվերային գործունեության մեծ ծավալներից, աշխատակիցների ստրկական եւ ցածր վարձատրվող աշխատանքից եւ մեզ բոլորիս պարբերաբար հրամցվող ապրանքների գների բարձրացումից»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG