Մատչելիության հղումներ

logo-print

Քոչարյանը հավաստիացնում է, որ Ղարաբաղի հարցում «ամեն ինչ լավ է ընթանում»


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուրբաթ օրը հավաստիացրեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցում «ամեն ինչ լավ է ընթանում»: Նախագահը ասաց, որ պատրաստվում է մոտ ապագայում առանձին հարցազրույց տալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլի վերաբերյալ:

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ լրագրողներին ասել էր, թե Ղարաբաղյան հարցի լուծումը «մեզ համար գնալով ավելի է բարդանում»: «Այն, ինչ կարող էինք ստանալ 1997 թվականին, այլեւս երբեք չենք ստանալու», - ասել էր Տեր-Պետրոսյանը: Անդրադառնալով սրան, Ռոբրետ Քոչարյանը ասաց. - «Առաջին եւ երկրորդ նախագահների մոտեցումները չեն փոխվել: Ամեն մեկը մնում է այն դիրքորոշումների վրա, որոնց վրա եղել է»:

«Դա նաեւ բնական եմ համարում», - շարունակեց Քոչարյանը: - «Եթե ինքը [Տեր-Պետրոսյանը] հանկարծ ընդունի, որ այլ կարգի լուծումներ կան, կնշանակի, որ 98 թվի հրաժարականը իզուր էր. կարելի էր ուղղակի համաձայնվել եւ առաջ շարժվել»:

Քոչարյանը, ասելով, թե չի ուզում արձագանքել առաջին նախագահի հարցազրույցի այլ հարցադրումներին՝ ավելացնելով. - «Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը ե’ւ իրավունք ունի, ե’ւ ցանկալի է, որ պարբերաբար մամուլի առջեւ հանդես գա, իր կարծիքը հայտնի»:

Նախագահ Քոչարյանը լրագրողներ հարցերին պատասխանեց Երեւանի քաղաքապետարանի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունից հետո: Նախագահը ասաց, որ բավարարված է կատարված «հսկայածավալ աշխատանքով»:

«Երկրի մայրաքաղաքը պետք է ունենա այսպիսի քաղաքապետարանի շենք: Սա նաեւ քաղաքի, այսպես ասած կլասն է», - ավելացրեց նախագահը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG