Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ո՞ւմ են վստահում երեւանցիները». «Հայոց աշխարհ»-ում ներկայացվող՝ օրերս անցկացված մի հարցման համաձայն, Հայաստանի մայրաքաղաքի բնակիչների միայն 18,5 տոկոսն է դրական գրահատում նախագահի գործունեությունը, մոտ 14 տոկոսը՝ կառավարության, 9,5-ը՝ Ազգային ժողովի եւ քաղաքապետարանի:

«Մեծ քաղաքականություն վերադարձի ցանկություն ունենալը մի բան է, բայց ահա նման հնարավորություն Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայումս ակնհայտորեն չունի», - անդրադառնում է այսօր «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը։ - «Ժամանակից շուտ նա ցանկացավ վերադառնալ։ Այ, մի 20-30 տարի հետո... միգուցե... Թեեւ, մյուս կողմից, Հայաստանի նման փոքր երկրի ինչի՞ն է պետք այդչափ մեծ երջանկությունը»։ Այս մեկնաբանի ընկալմամբ՝ երկու օր առաջ օդանավակայանում Տեր-Պետրոսյանի զրույցը լրագրողների հետ խոսում է նրա «ցանկության մասին՝ օգտվել ստեղծված առիթից եւ շոշափել իր քաղաքական ասպարեզ վերադառնալու արտաքին հնարավորությունները»: «Տեր-Պետրոսյանը զգում է, որ այդ առումով նշմարվում են իր վերադարձի որոշակի արտաքին հնարավորություններ, բայց ներքին առումով երկրի ներսում իր «պահանջարկը» չկա», - նշված է «Հայոց աշխարհ»-ում։ - «Դրանով է բացատրվում, որ նա փորձում է որոշակի պայմաններ թելադրել սեփական կողմնակիցներին. այն է՝ հավաքեք 50 հազար մարդ, հրավիրեք ինձ, այն ժամանակ կորոշեմ՝ գալի՞ս եմ, թե՞ ոչ»։ «Ակնհայտ է, որ Հայաստանը կանգնելու է Ղարաբաղի հարցով միջազգային լուրջ ճնշումների առջեւ», - շրջանակել է մեկնաբանը։ - «Ակնհայտ է նաեւ, որ այդ ճնշումները Հայաստանից ներս տեղափոխվելու պարագայում թուլացնելու են մեր դիրքերը վճռորոշ բանակցությունների նախօրեին»։

«Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ 6-ամյա լռությունից հետո առաջին քիչ թե շատ ծավալուն լրագրային հայտնությունը ակնհայտորեն հասարակական ռեակցիա ստուգելու միտում ունի», - իր հերթին ընդգծում է «Հայաստանի Հանրապետություն» թերթը: - «Այսինքն, կարեւորն այն է, թե ինչ կասեն նրա ասածների մասին, որպեսզի նախկին նախագահը ստուգի՝ արդյո՞ք ազգովի խնդրելու գոնե սաղմեր կան»: Այս առումով Տեր-Պետրոսյանի պատասխանները լրագրողներին բնորոշվում են որպես «քաղաքական պարտիզանի խոսքեր». - «Նա ուզում է ասել մի բան, որ ավելի շատ կուզենար, որ դիմացիններն իրեն ասեին»: Մյուս կողմից, «Առավոտ» թերթի խմբագիրն այսօր շեշտում է. - «Սա «վերադարձ» չէր: Տեր-Պետրոսյանի ընդդիմախոսների եւ համակիրների ոգեւորությունը վաղաժամ է»: «Նրա ասածը շատ արագ նենգափոխվում է, եւ դրա շուրջ ժողովրդական բանահյուսություն է առաջանում», - գրում է խմբագիրը: - «Ճիշտ նույն ձեւով երեկ օդանավակայանում իր ասածների շուրջ, վստահ եմ, նոր առասպել է հյուսվելու. ժողովրդի մեջ տարածվելու է՝ իբր առաջին նախագահն ասել է՝ «Գնացեք, 50 հազարանոց միտինգ հավաքեք, եւ ես կվերադառնամ»: Ընդհանրապես, Տեր-Պետրոսյանի եւ լրագրողների վերջին թեթեւ զրույցը պաշտոնական քարոզչությանը առաջին նախագահին հայհոյելու մի 2-3 շաբաթվա առատ նյութ տվեց»: «Բայց եթե Տեր-Պետրոսյանի ընդդիմախոսների պահվածքը քիչ թե շատ հասկանալի է՝ նրանք վախենում են առաջին նախագահի վերադարձից եւ համենայնդեպս հակաքարոզչություն են ծավալում, ապա կողմնակիցներից ոմանց վարքը զուրկ է տրամաբանությունից», - մատնանշում է խմբագիրը: - «Եթե այդ մարդիկ իրենցից ինչ-որ բան են ներկայացնում եւ ինչ-որ գաղափարներ ունեն, ապա նրանք չպիտի սպասեն մինչեւ Տեր-Պետրոսյանը խոսի, որպեսզի դրա շնորհիվ նորից հայտնվեն ուշադրության կենտրոնում»:

«Իրավունք» թերթի մեկնաբանը այն կարծիքին է, թե «դա լավ մտածված եւ ցուցադրական գործողություն էր». - «Օդանավակայանում կազմակերպված ակցիայով Տեր-Պետրոսյանը ցույց տվեց, որ Միացյալ Նահանգներից վերադառնում է հատուկ գլոբալ առաքելությամբ, որը հաշվարկված է երկար ժամկետի համար, սակայն դեռեւս հասունացած չի համարում այն պայմանները, որպեսզի ինքը վերադառնա մեծ քաղաքականություն»: Ըստ «Իրավունք»-ի մեկնաբանի՝ հիմա Լեռնային Ղարաբաղի հարցում «միջազգային ֆոնը նույնիսկ ավելի աննպաստ է, քան 1993 թվականին», եւ, ընդհանրապես, «Հայաստանում ակնհայտորեն տիրում է ապակայունացման մթնոլորտ եւ ապակայունացմանն են նպաստում նաեւ կառավարող կոալիցիայի ներսում տիրող հարաբերությունները»: Թերթում մատնանշվում է. - «Ազգային ժողովի խոսնակ Բաղդասարյանը իր հաշվետվությունը ներկայացնելիս, ըստ էության, բավականին լուրջ մեղադրանքներ առաջադրեց կառավարությանը, ինչին հետեւեցին կոալիցիոն գործընկերների ոչ այնքան բարի արձագանքները: Բարվոք չեն հարաբերությունները նաեւ, այսպես ասած, անկուսակցական իշխանավորների միջավայրում: Օրինակ, դատավորների միության խորհրդի հայտարարությունը վկայում է արդարադատության նախարարի եւ գլխավոր դատախազի, մեղմ ասած, լարված հարաբերությունների մասին»:

Խորհրդարանի նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում արձանագրելով, որ ղարաբաղյան հարցում Հայաստանը այսօր հայտնվել է «ծանր վիճակում», սահմանել է. - «Այն ուժերը, որոնք գտնվում են ընդդիմության մեջ, միայն հայտարարությունների միջոցով կարող են ազդել քաղաքական պրոցեսների վրա: Բուն գործունեությունը իշխանությունների խնդիրն է»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG