Մատչելիության հղումներ

Հունվարի 1-ից սոցիալական վճարները կգանձի հարկային ծառայությունը


Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ, հունվարի 1-ից սոցիալական վճարները գործատուներից գանձելու գործառույթը սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից փոխանցվելու է տարածքային հարկային մարմիններին։

Դրա հետ է հիմնականում կապվում եկող տարվա ապրիլի 1-ից բազային կենսաթոշակը ներկայիս 3000 դրամից 4000-ի բարձրացնելու ակնկալիքները:

Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը նիստից հետո, պարզաբանելով որոշումը, լրագրողներին ասաց, որ այս գործընթացը մոտ 12 օրենքներում որոշակի փոփոխություններ է ենթադրում, որոնք այսօրվա նիստում նախագծերի տեսքով հաստատվել են եւ մինչեւ երկուշաբթի կուղարկվեն Ազգային ժողով։ Կառավարությունն ակնկալում է, որ այդ փոփոխությունները կընդունվեն մինչեւ տարեվերջ:

Ալավերդյանի պնդմամբ, այդ փոփոխությունների շնորհիվ, առաջին հերթին, կաճեն իբրեւ կենսաթոշակ վճարվող դրամական միջոցները:

«Եթե կենսաթոշակային հիմնադրամին մենք կարողանանք անհրաժեշտ միջոցներով ապահովել, բնականաբար, կենսաթոշակառուները առաջիկա տարիներին կարող են ակնկալել կենսաթոշակների բարձրացում», - ասաց նա:

Հարկային ծառայությունը, անշուշտ, ավելի պրոֆեսիոնալ կառույց է ու իր զինանոցում ավելի ազդու միջոցներ ունի, քան կենսաթոշակային հիմնադրամը:

«Հարկային ծառայությունը ունի գործառույթներ, որով կենսաթոշակային հիմնադրամը օժտված էլ չէ՝ հետաքննական գործառույթով, օպերատիվ-հետախուզական գործառույթով», - պարզաբանեց Արմեն Ալավերդյանը:

Նախնական գնահատումների համաձայն, սոցապ վճարների գանձման գործառույթը հարկային պետական ծառայությանը փոխանցման հետեւանքով գանձվող սոցապ վճարների ծավալը կաճի 15-20 տոկոսով, այսինքն, մոտավորապես այնքան, որքան վերջին տարիներին աճում են պետական բյուջեի հարկային եկամուտները։

Ակնհայտ է, որ սոցապ վճարներ գանձման գործառույթը հարկային խառայությանը հանձնելուն զուգընթաց պետք է լուծվի այն մարդկանց հարցը, ովքեր ներկայումս Սոցիալական ապահովագրության հիմնադրամում զբաղվում են այդ գործով։ Արմեն Ալավերդյանի փոխանցմամբ, հիմնադրամի այդ 428 աշխատակիցները դուրս չեն մնա ու նրանք մեխանիկորեն, առանց արգելքների կտեղափոխվեն հարկային ոլորտ ու կստանա մոտավորապես այնքան աշխատավարձ, որքան ստանում են հարկային ծառայության աշխատակիցները.

Կատարվելիք կառուցվածքային փոփոխություններ, անշուշտ, ուղղված են ստվերային եկամուտների ու թաքնված զբաղվածության դեմ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գնահատումներով, հանրապետության տնտեսության մասնավոր հատվածում ներկայումս 130-150 հազար փաստացի աշխատողներ գործատուների մոտ իրավաբանորեն գրանցված չեն, աշխատում են բանավոր պայմանագրերի հիման վրա, որոնց աշխատավարձերից, բնականաբար, սոցիալական վճար կամ եկամտահարկ չի գանձվում։

Մեծ խնդիր կա ոչ միայն թաքնված աշխատավարձերի բացահայտման ու հարկման, այլեւ զգալիորեն կեղծվող ու թերհայտարարագրվող աշխատավարձերի բացահայտման հետ կապված։ Ու այս առումով եւս հարկային պետական ծառայության հնարավորություններն անհամեմատ ավելի մեծ են։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG