Մատչելիության հղումներ

Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը չորեքշաբթի օրը կանխատեսեց, որ տնտեսական աճը երկրում կնվազի՝ մնալով, այդուհանդերձ, համեմատաբար բարձր մակարդակի վրա:

Խաչատրյանի խոսքերով՝ եթե անցած տարի տնտեսական աճը կազմել է մոտ 13, այս տարի ակնկալվում է, որ կգրանցվի 11 տոկոս, ապա գալիք տարվա համար նախատեսվում է 8 տոկոս տնտեսական աճ:

«Այսինքն, նվազման միտումը կա, եւ դա բնական է՝ ինչքան բազան մեծանում է, այնքան հետագա աճը նվազում է», - ասաց նախարարը՝ հավելելով, որ դա գոհացնում է իրեն: - «Ոչ միայն ես եմ գոհ. շատ կազմակերպություններ ու երկրներ օրինակ են բերում Հայաստանը»:

Տնտեսական աճի բարձր տեմպերի հետ կապված առանցքային հարցը դրա ազդեցությունն է մարդկանց կենսամակարդակի վրա: Հայաստանյան եւ օտարերկրացի շատ փորձագետներ համարում են, որ տնտեսական աճի հետեւանքով շահում են միայն փոքրաթիվ մեծահարուստները:

Խաչատրյանը, սակայն, կրկնեց կառավարության տեսակետը, թե մարդկանց ավելի լայն խավեր են սկսում իրենց կենսամակարդակի վրա զգալ տնտեսական աճի ազդեցությունը: «ժողովրդի ամենաաղքատ խավը դա զգում է իր վրա: Ոչ թե գոհ է, բայց փոփոխություն զգում է»:

Հարցին, թե ինչի վրա է հիմնված նման կարծիքը, նախարարը պատասխանեց. - «Աղքատ խավին տալիս ենք ընտանեկան նպաստ՝ կոնկրետ գումար: Եթե այս տարի տալիս ենք 9 հազար դրամ, ապա մյուս տարի տալու ենք 12 հազար: Անցյալ տարի տալիս էինք 7 հազար: Կարող է մեծ չէ ազդեցությունը, բայց որ կա լրացուցիչ գումար՝ փաստ է»:

«Իհարկե դա անբավարար է», - հավելեց Վարդան Խաչատրյանը: - «Դրա համար էլ մենք ծրագիր ունենք աստիճանաբար ավելացնելու: Բայց հիմա մենք այդ ծրագրից առաջ ենք՝ ավելի արագ ենք ավելացնում, քան պլանավորված էր»:

Ըստ հաշվարկների՝ աղքատության գծից (12 հազար 800 դրամ) ցածր զամբյուղով Հայաստանում ապրում է բնակչության 42,9 տոկոսը, իսկ չքավորության շեմից (7 հազար 800 դրամ) ցածր ապրում է բնակչության 7 տոկոսը:

Այս հաշվարկները, սակայն, արժանահավատ չի համարում սոցիոլոգ Հրանուշ Խառատյանը: «Այդ 7 տոկոսի մասին, որ խոսվում է, դա համաշխարհային բանկի մեթոդոլիագիայով արված վերջին հետազոտության արդյունքն է, որը, կարծում եմ, բոլոր մասնագետները խիստ կասկածելի են համարել», - ասաց նա: - «Եթե չեմ սխալվում, նույնիսկ ֆինանսների նախարարությունը խնդրել է կրկնել այդ հետազոտությունը՝ այնքան անակնկալ, անսպասելի եւ անհավատալի արդյունքներ են ստացվել»:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG