Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահը կրկին հորդորում է խորհրդարանական ընդդիմությանը վերադառնալ օրինաստեղծ աշխատանքի


Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը չորեքշաբթի օրը առաջին անգամ օգտվելով իր ոչ պարտադիր պարտականության հնարավորությունից եւ խորհրդարանի տարեկան գործունեության մասին հաշվետվությունը ներկայացնելով Ազգային ժողովի ամբիոնից, անցած գարնանային նստաշրջանից ի վեր խորհրդարանական աշխատանքը մասնակիորեն բոյկոտող ընդդիմադիրներին հորդորեց «վերադառնալ օրինաստեղծ աշխատանքի»:

Իր ելույթում վկայակոչելով անցած գարնանը ընդդիմության հետ երկխոսության փորձերը, Արթուր Բաղդասարյանը ասաց. - «Համոզված եմ, որ այդ քաղաքական քննարկումները մեծ դեր ունեցան, որպեսզի Հայաստանում իրոք քաղաքացիական բախումներ չլինեին»:

Շարունակելով՝ Ազգային ժողովի նախագահը ասաց, թե կրկին ուզում է դիմել ընդդիմադիր պատգամավորներին՝ «հորդորելով նրանց վերադառնալ լիարժեք օրինաստեղծ գործունեության», ինչը, նրա խոսքերով, հնարավորություն կտա «համատեղ աշխատել գոնե հաջորդ տարվա գարնանային նստաշրջանում»:

Խորհրդարանի ֆինանսական գործունեությանը Բաղդասարյանը չանդրադարձավ՝ բացատրելով, որ «դրա համար կա պետբյուջեի կատարողականի քննարկումը»:

Ազգային Ժողովի նախագահը իր հաղորդման մեջ անդադարձավ նաեւ պետություն - եկեղեցի հարաբերություններին՝ ընդգծելով հատկապես համագործակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ, ինչը ներառում է նաեւ պայքարն աղանդավորության դեմ:

Հաղորդումից պարզ դարձավ, որ Հայ Առաքելական եկեղեցին արդեն իր պաշտոնական ներկայացուցիչն ունի Ազգային Ժողովում՝ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Ազգային Ժողովի փոխնախագահ, Եվրախորհրդի խորհրդարանական Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե դա չի՞ հակասում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, մեր Սահմանադրության՝ խղճի ազատության եւ «եկեղեցին անջատ է պետությունից» նորմերին, ասաց. - «Քանի որ սա չկանոնակարգված, իրավական հիմքեր չունեցող համագործակցության ձեւ է, այստեղ որեւէ արտառոց բան չկա»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG