Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Այսօր դժվար է ասել, թե ինչով կավարտվի այդ ամենը Ուկրաինայում։ Սակայն մի բան ակնհայտ է», - առանձնացնում է «Հայոց աշխարհ» թերթը. - «թավշե սցենարները գործում են միայն այն երկրներում, որտեղ ընդդիմությունը բավականաչափ ուժեղ է՝ իշխանությանը լրջորեն հավակնելու համար, սակայն բավարար ուժեղ չէ՝ ընտրություններում հաղթելու համար։ Որպեսզի կայանա թավշե հեղափոխություն, թավշե պետք է լինի նաեւ իշխանությունը, ինչպես, օրինակ, Վրաստանում»։ «Դարձե՞լ է արդյոք այնտեղ իշխանությունը թավշե, թե՞ ի վիճակի է հղկաքարով անցնել թավիշի վրայով։ Դատելով նրանից, որ նախագահ Կուչման երեկ Ուկրաինայում հատուկ դրություն է մտցրել, առավել հավանական է թվում երկրորդ տարբերակը», - ի մի է բերում «Հայոց աշխարհ»-ը։ «Առավոտ» թերթի մեկնաբանը կարծում է, որ «բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ ուկրաինական ընդդիմությունն ի վերջո հաղթանակ կտանի Կուչմայի վարչակազմի նկատմամբ». - «Նախ, ուկրաինական ընդդիմադիր շարժումը, ինքնին, բավականաչափ հզոր եւ կազմակերպված է: Ապա՝ այսպես կոչված, «շագանակների հեղափոխության» հաղթանակի համար առկա է աննախադեպ նպաստավոր միջազգային քաղաքական ֆոն»:

«Եվրախորհրդում բարեկամ երկրներ չունենք». Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի այս տխուր խոստովանության հետքերով «Հայկական ժամանակ» թերթում զարգացվում է. - «Մեր պատվիրակության ղեկավարը երեկ գտնվում էր բնավ էլ ոչ իր կարգավիճակին բնորոշ իշխանամետ տրամադրության մեջ։ Հարցին, թե՝ չի՞ կարծում Թորոսյանը, որ Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի վրա աճող միջազգային ճնշումը ուղղակի կապ ունի 2003-ի ոչ լեգիտիմ նախագահական ընտրությունների եւ բազմաթիվ այլ հակաժողովրդավարական գործողությունների հետ, նա պատասխանեց. -«Ուղղակի կապ չկա, բայց անուղղակի կապ, իհարկե, ունի։ Ուստի, պետք է արագացնել եվրոինտեգրացիայի տեմպերը»: Եվ, ի դեպ, առաջին անգամ չվիճարկեց, որ 2003-ի նախագահական ընտրությունները լեգիտիմ չէին», - ուշադրություն է սրում «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը:

«Ազգ» թերթում այսօր համադրված է. - «Արտգործնախարար Վարդան Օսկանյանը չի բաժանում Տիգրան Թորոսյանի տրամադրությունները, եւ Աթկինսոնի զեկույցի վերաբերյալ նրա գնահատականներում լավատեսական շեշտադրումներ կան»: Սրա հետ կապված՝ «Տաք է՝ չի զգում» վերնագրի տակ «Հայկական ժամանակ»-ում բնորոշված է. - «Մեր դիվանագիտությունը՝ արտգործնախարար Օսկանյանի գլխավորությամբ մի հանճարեղ միտք է հղացել, ըստ որի՝ փորձ է արվում, այսպես ասած, շանտաժի ենթարկել ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ ստիպել աշխատել իրենց փոխարեն: «Ստեփանակերտում կարծում են, որ, բարձրացնելով տարածքների հարցը, Բաքուն փորձում է միջազգային շահագրգիռ կառույցների ուշադրությունը շեղել ԼՂՀ տարածքի 15 տոկոսը, այդ թվում 1992 թվականին Ադրբեջանի օկուպացրած ամբողջ Շահումյանի շրջանը բնակեցնելու իր քաղաքականությունից», - փոխանցում է «Ազգ»-ի թղթակիցը: - «Լեռնային Ղարաբաղում կարծում են, որ Բաքվի քայլերը կրում են բացառապես քարոզչական բնույթ»:

«Պայթեցվել է Նիկոլ Փաշինյանի մեքենան: «Հայկական Ժամանակ»-ի խմբագիրը կասկածում է օլիգարխ Գագիկ Ծառուկյանին: Շատ հնարավոր է, որ այդպես էլ կա: Չնայած տեսականորեն նույնքան հնարավոր է, որ դա արած լինի ցանկացած օլիգարխ, ցանկացած ուժային պաշտոնյա, ցանկացած քրեական հեղինակություն», - ուրվագծում է այսօր «Առավոտ» թերթը «Թագավորների երկիր» վերնագրով խմբագրականում: - «Եվ քանի որ քրեականները, օլիգարխները եւ իրավապահները նույն ապուրի տարբեր բաղադրիչներ են, ճշմարտությունն այս հարցում երբեք չի բացահայտվի»: Ընդհանուր առմամբ, Հայաստանում, «Առավոտ»-ի վերլուծությամբ՝ «ֆեոդալական համակարգը գոյություն ունի նախեւառաջ այն պատճառով, որ այդպիսին է մեր ժողովրդի հոգեբանությունը, հասարակության ընկալումը». - «Ոչ միայն իշխանավորներն են ընկալվում «սյուզեռեն-վասալ» համակարգում, այլեւ բոլոր հանրաճանաչ դեմքերը: Օրինակ, մի՞թե Ստեփան Դեմիրճյանը ժողովրդի ընկալմամբ թագավոր չէ: Թագավոր է նաեւ Արտաշես Գեղամյանը: Պարզապես թագի փոխարեն զրահաբաճկոն է հագնում: Դե, իսկ Տիգրան Կարապետիչը թագավոր է ու թագավոր՝ ժողովրդի մոտ դերվիշի շորերով գնացող»: «Ճիշտ այդպես էին մտածում եվրոպացիները 16-17-րդ դարերում: Իսկ ի՞նչ է պետք, որ Հայաստանը ֆեոդալական հասարակարգից անցնի ազատ շուկայական (կապիտալիստական) հասարակարգի: Ժամանակ է պետք: Մոտ 400 տարի», - ժամադրում է «Առավոտ»-ը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG