Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. - «Ադրբեջանը սխալ է անում նման քայլի դիմելով»


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեքշաբթի օրը, խոսելով այսօր ավելի ուշ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի նախաձեռնությամբ «գրավյալ տարածքների» հարցի քննարկման մասին, կրկին ասաց, որ Ադրբեջանը սխալ քայլ է ձեռնարկել եւ բանաձեւն անցնելու դեպքում ստիպված է լինելու բանակցել Լեռնային Ղարաբաղի հետ:

«Ադրբեջանը սխալ է անում նման քայլի դիմելով», - ասաց Վարդան Օսկանյանը: - «Եթե բանաձեւը անցնի, ես համոզված եմ, որ որոշ ժամանակ անց նրանք կգիտակցեն, որ սխալ են արել»:

«Մեզ չի մտահոգում բանաձեւի ընդունումը, մեզ մտահոգում է Ղարաբաղյան հարցի կարգավորման քաղաքական պրոցեսը», - շարունակեց Հայաստանի արտգործնախարարը՝ ձեւակերպելով, որ նման բանաձեւ անցնելու դեպքում Հայաստանի չի կարող շարունակել երկկողմ բանակցությունները Ադրբեջանի հետ: Բանակցություններին արդեն Լեռնային Ղարաբաղը պիտի ներկա լինի:

Նախարարի խոսքերով, եթե բանաձեւն անցնելուց հետո Ադրբեջանը պատրաստ կլինի բանակցություններ վարել Ղարաբաղի հետ, Հայաստանը կշարունակի ներգրավված լինել: Սակայն հիմնական բանակցությունները, այնուամենայնիվ, պետք է վարեն Ղարաբաղի իշխանությունների հետ:

Հայաստանը, ըստ Վարդան Օսկանյանի երբեք դեմ չի եղել «գրավյալ տարածքներում» դիտորդական առաքելություններ ընդունելուն, հակառակը՝ դրան միշտ Ադրբեջանն է խոչընդոտել:

«Մինսկի խմբի շրջանակներում Ղարաբաղը եւ Հայաստանը պատրաստ են աջակցելու նման առաքելության իրականացմանը», - ասաց Օսկանյանը:

Վերջերս Շահումյան-Գետաշեն բարեգործական կազմակերպությունը նախաձեռնել էր հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, այդ շրջաններից տեղահանված հայ փախստականների անունից նամակ էր հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին: Անդրադառնալով սրան, Օսկանյանը ասաց. - «Մենք կկարողանանք արդեն առավել շեշտակի դնել շահումյանցիների, գետաշենցիների, հյուսիսային մարդակերտցիների խնդիրը, որոնց մի մասը այսօր ստիպված բնակություն է հաստատել նման [«գրավյալ»] տարածքներում, որովհետեւ այդ մարդիկ սպասում են, թե երբ պետք է կոնֆլիկտը կարգավորվի, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ իրենց տները»:

Վարդան Օսկանյանը նաեւ ասաց, թե «Պրահայի գործընթացի» շարունակականությունը կախված է ՄԱԿ-ի քննարկումների արդյունքներից:

«Կախված է ՄԱԿ-ի բանաձեից. եթե ադրբեջանական տարբերակը ընդունվում է, պրահյան պրոցես ուղղակի չի կարող լինել: Դա միանշանակ է», - ասաց արտգործնախարարը: - «Այդ պատճառով էլ մենք հաճախ ասում ենք՝ հույս ունենք, որ հնարավոր կլինի կոմպրոմիսային ինչ-որ մի ձեւակերպում գտնել ՄԱԿ-ում, որը կբավարարի բոլոր կողմերի պահանջները: Եթե այդպիսի արդյունք լինի, պրահյան պրոցեսը կլինի կենդանի, եւ մենք պատրաստ ենք անմիջապես ներգրավված լինելու պրահյան գործընթացի երկրորդ փուլում»:

Հայաստանի արտգործնախարարը լրագրողների հարցերին պատասխանում էր Իտալիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարգարիտա Բոնիվերի հետ համատեղ ասուլիսում: Տիկին Բոնիվարը հայաստանյան այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել երկրի նախագահի, Ազգային ժողովի նախագահի, արտգործնախարարի հետ:

Նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, Ռոբերտ Քոչարյանը եւ Մարգարիտա Բանիվերը «քննարկել են երկկողմ եւ միջազգային հարցերի լայն շրջանակ, անդրադարձել են միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցությանը»:

«Իտալիայի փոխարտգործնախարարը կարեւորել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջիկա հունվարին նախատեսվող պաշտոնական այցը Իտալիա, որը, նրա կարծիքով, նոր խթան կհաղորդի երկու երկրների համագործակցությանը», - փոխանցում է հաղորդագրությունը:


Աննա Սաղաբալյան

(Լուսանկարում՝ Վարդան Օսկանյանը եւ Մարգարիտա Բոնիվերը ասուլիսի ժամանակ)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG