Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հետխորհրդային որեւէ հանրապետությունում անցկացվող ընտրություններին Հայաստանում անթաքույց ուշադրությամբ են հետեւում: Չափազանց մեծ է դրանք մեր ընտրությունների հետ համեմատելու, նմանություններ եւ տարբերություններ գտնելու եւ դրանցից ինչ-ինչ հետեւություններ անելու գայթակղությունը: Ուկրաինայի պարագայում այդ հետաքրքրությունն առավել ընդգծված է», - մատնանշում է «Առավոտ» թերթը: - «Այս ընտրությունները տեւական ժամանակով կանխորոշելու են Ուկրաինայի եվրոպական քաղաքականության հետագա ընթացքը, ինչը որոշիչ ազդեցություն է ունենալու նաեւ ԱՊՀ-ի, հետեւաբար եւ՝ Հայաստանի ճակատագրի վրա: Վերջապես, Ուկրաինայում կայացած ու ԵԱՀԿ դիտորդների կողմից արդեն իսկ «ոչ լեգիտիմ» որակված նախագահական ընտրությունները գոնե հայ հասարակայնության հնարամիտ եւ կեղծարար հատվածին հետաքրքիր են այն առումով, թե որքան հեռուն կգնան ընտրությունները կեղծելու իրենց լկտիության մեջ ուկրաինական իշխանությունները: Մյուս կողմից, հայ հասարակայնության մնացյալ հատվածներն ամենեւին անտարբեր չեն ուկրաինական ընդդիմության հետեւողականության պաշարի նկատմամբ»: «Իրավունք» թերթի մեկնաբանը այսօր խտացրել է. - «Ուկրաինայում ծավալվող դրամատիկ իրադարձությունները ցույց են տալիս, որ զուտ ուժային լծակներին տիրապետող ռուսամետ գործչի վրա խաղագումար դնելը շոշափելի արդյունք չի տա, եթե այդ գործիչը չի վայելում ժողովրդականություն: Ավելի վաղ դա երեւաց Աբխազիայի եւ Աջարիայի օրինակներով, բայց Ուկրաինայում՝ որպես շատ խոշոր պետությունում, հետեւանքներն էլ կարող են լինել շատ էական: Մասնավորապես, դրանից ուղղակիորեն կախված է ԱՊՀ-ի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի ճակատագիրը, հետեւաբար նաեւ իրադարձությունների զարգացումը հենց մեր տարածաշրջանում: Իսկ մեզանում», - ի մի է բերում մեկնաբանը, - «արտաքին քաղաքական կարեւորագույն գործոններից մեկը ոչ միայն Ուկրաինայում ծավալվող իրադարձություններն են, այլեւ զարգացումները ղարաբաղյան հարցի շուրջ: Աթկինսոնի, մեղմ ասած, ամենեւին էլ ոչ հայանպաստ զեկույցն այլեւս փաստ է, իսկ այսօր ՄԱԿ-ում սկսվելու են Ադրբեջանի կողմից օրակարգ մտցված հարցերի քննարկումները, որոնք ոչ մի բարենպաստ բան Հայաստանին չեն խոստանում»: «Ղարաբաղյան հարցի սրման տեսքով գոյություն ունեցող դետոնատորը ցանկացած պահի կարող է հանգեցնել սրընթաց եւ այս պահին բավականին դժվար կանխատեսելի իրադարձությունների», - կրկին նախանշվում է «Իրավունք»-ում: Այստեղ նաեւ բանաձեւված է. - «Այժմ Ռոբերտ Քոչարյանին ղարաբաղյան քաղաքականությունը ձախողելու մեղադրանք առաջադրելը նախկինների համար հիմքեր է ստեղծում գոյացնել հանրային պահանջարկ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու համար»:

«Արդյո՞ք Ֆրանսիա եւ ԱՄՆ առաջին նախագահի կատարած վերջին այցերը նրա՝ մեծ քաղաքականություն վերադարձի սկիզբ են։ Թե՞ այդ այցերը կրել են ընդամենը քաղաքավարական հանդիպումների բնույթ։ Այս հարցերի շուրջ հայաստանյան քաղաքական շրջանակներում կարծիքներն իրարից տրամագծորեն տարբերվում են», - արձանագրում է «Հայկական ժամանակ» թերթը։ Ամեն դեպքում, այդ այցերին կարեւորություն են տալիս ոչ միայն ՀՀՇ-ամերձ գործիչները, այլեւ, օրինակ, Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ով «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է. - «Միտումը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ Արեւմուտքը որոշակի խնդիրներ է ձեւավորում, կարծում եմ, կապված է նրա հետ, որ Հայաստանի քաղաքական դաշտը որոշակիորեն ամայի է մնացել, եւ գերտերությունները որոշակի ծրագրեր են մտմտում՝ հաջորդ նախագահական ընտրություններում իրենց համար ընդունելի նախագահի թեկնածու փնտրելով։ Ըստ ամենայնի, Արեւմուտքն իր համար ընդունելի է համարում Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, եւ նրա վերջին այցերը հենց այդ կոնտեքստում էլ պետք է դիտարկել»: «Հայկական ժամանակ»-ը մեջբերում է նաեւ հանրապետական մեկ այլ պատգամավորի, ըստ որի՝ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը դեկտեմբերին կայանալիք ՀՀՇ համագումարում չխոսի, պարզապես կապացուցի, որ «թքած ունի այս երկրի ու ժողովրդի վրա»: Իսկ նրա խոսելը արդեն «բավականին լուրջ ներքաղաքական տեղաշարժերի կարող է հանգեցնել՝ շատ անսպասելի զարգացումներով»։

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից մեկը տարածաշրջանային համագործակցության բացակայությունն է: Եվ Եվրամիության հետ Հարավային Կովկասի երկրների համագործակցության խոչընդոտներից մեկն էլ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումն է», - ընդգծվում է «Գոլոս Արմենիի» թերթում: - «Այսօր այդ անհեթեթ վիճակից դուրս գալու շանս կա, եւ դա Եվրամիության ձեռքում է»:

«Ազգ»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտի բարձրաստիճան մի պաշտոնյա ասել է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ կհաստատի այն դեպքում, եթե Երեւանը պաշտոնապես, թղթի վրա գրի, որ տարածքային պահանջներ չունի Թուրքիայից: Պաշտոնյան նկատել է, որ նման քայլի չի գնացել Հայաստանի նախկին իշխանությունը, չի գնա գործող, ինչպես նաեւ ապագա իշխանությունը: Միեւնույն ժամանակ, այս առումով «Ազգ»-ում մատնանշվում է. - «Երբ նորանկախ երկիրը անդամակցում է ՄԱԿ-ին, դա նշանակում է, որ այդ երկիրը ճանաչում է ՄԱԿ-ի անդամ մյուս երկրների սահմանները: Եվ վերջապես, եթե նույնիսկ Հայաստանը պաշտոնապես ճանաչի Թուրքիայի սահմանները, ապա դրա համար անհրաժեշտ է նախ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատում»:

Մինչ «Հայկական ժամանակ» թերթի աշխատակազմը վստահ է, որ իրենց գլխավոր խմբագրի ավտոմեքենան երեկ կողմնակի միջամտության հետեւանքով է բոցերի մեջ հայտնվել, պաշտոնական վարկածը «ինքնահրկիզումն է»: Խմբագիր Նիկոլ Փաշինյանի առաջարկած վարկածին, թե այս ակցիայի ետեւում կանգնած է «Մուլտի գրուպ» ընկերության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, նույն թերթում այսօր բերված է վերջինիս հետեւյալ արձագանքը. - «Ես այսքան գործ եմ անում այս երկրի համար, վաղը նորից գործարան եմ բացելու, ի՞նչ է, կարծում եք՝ Ծառուկյանն այնքան անլուրջ մարդ է, որ կարող էր նման բաներ անել»: «Ռոբերտ Քոչարյանի այս «օրթախ» ֆեոդալը», - ձեւակերպում է «Հայկական ժամանակ»-ը, - «խորհրդավոր ակնարկներ անելով, հույս ունի իր անձի եւ իր ունեցած հարաբերությունների մասին խորհրդավոր պատկերներ սերմանել հանրության շրջանում: Բայց բոլորն արդեն շատ հստակ պատկերացում ունեն նրա ով լինելու եւ գործունեության մասին»:

«Հայոց աշխարհ» թերթը, դատապարտելով լրատվամիջոցի վրա կատարված այս հերթական լկտի հարձակումը, ընդգծում է. - «Անկախ մանրամասներից, տեղի ունեցած ահավոր էությունը չի փոխվում եւ առանց այդ էլ պարզ է»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG