Մատչելիության հղումներ

Հայկական դրամը 11 տարեկան է


Այսօր լրացավ հայկական դրամի ներդման 11-ամյակը։ Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտում այդ առթիվ ունեցած իր ելույթում Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը պնդեց, թե ազգային արժույթը այդ ընթացքում կարողացել է ամրապնդել իր դիրքերը:

«Չնայած այդ ընթացքում արված ամենահոռետեսական կանխատեսումներին, դրամը ոչ միայն դիմացավ տարիների փորձությանը, այլեւ ներկայում լրջորեն ամրացրել է իր դիրքերը», - ասաց Սարգսյանը։

Իսկ վերջին ամիսներին մեր շուկայում դոլարի արժեզրկումը Կենտրոնական բանկի նախագահը կրկին բացատրեց ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պատճառներով։

«Դոլարի դիրքերի շարունակական թուլացումը միջազգային բորսաներում իր արձագանքն է գտել նաեւ Հայաստանում», - ասաց նա: - «Այդ իմաստով Հայաստանի տնտեսությունը ենթակա է համաշխարհային տնտեսության այսպես կոչված ցիկլերի ներգործությանը»:

Այդուհանդերձ, որպես դրամի արժեվորման գլխավոր պատճառ Տիգրան Սարգսյանը մատնանշեց վերջին 5-6 ամիսներին հայաստանյան շուկա դոլարային շոշափելի փոխանցումներով:

Այս տարվա առաջին 9 ամիսներին դրսից Հայաստան է փոխանցվել ավելի կես միլիարդ դոլար՝ մեկուկես անգամ ավելի, քան անցյալ տարվա նույն ժամանակաշրջանում։ Փոխանցումների 55 տոկոսը եկել է Ռուսաստանում աշխատող մեր հայրենակիցներից, 15 տոկոսը՝ ԱՄՆ-ից:

Վերջին երեք ամիսների ընթացքում դոլարն արժեզրկվել է ավելի քան 12 տոկոսով։ Այս ամենին Կենտրոնական բանկում շատ հանգիստ են նայում՝ փաստելով, որ դրամի փոխարժեքի կայունացումը իրենց խնդիրը չէ։

Ըստ Տիգրան Սարգսյանի, իրենց նպատակը սղաճը ցածր մակարդակի վրա պահելն է, քանի որ անհնար է միանգամից վերահսկելի պահել ինչպես դրամի փոխարժեքը, այնպես էլ սղաճը։ Որպես ապացույց նա վկայակոչեց Ռուսաստանի փորձը, որտեղ ոչ մի կերպ չի հաջողվում սղաճը պահել ծրագրած մակարդակի վրա ու միաժամանակ կայուն վիճակում պահել ռուբլու փոխարժեքը։

«Այդ պատճառով փոխարժեքի հարցում պասիվ դիտորդի դերն էլ բավարար է», - պնդեց Կենտրոնական բանկի նախագահը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG