Մատչելիության հղումներ

Երկուշաբթի օրը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հատուկ նստաշրջանում կոմիտեի նոր նախագահ ընտրվեց խոշոր գործարար, «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նորընտիր նախագահը խոստանում է ամեն ինչ անել հաջորդ օլիմպիական խաղերում Աթենքի անհաջողությունից խուսափելու համար:

Գագիկ Ծառուկյանը Հայաստանի օլիմպիական կոմիտեի արդեն նախկին նախագահ Իշխան Զաքարյանի տեղակալն էր եւ մի քանի տարի շարունակ ֆինանսավորել էր ազգային օլիմպիական կոմիտեն:

Միաձայն ընտրվելուն հաջորդած իր ելույթում ազգային օլիմպիական կոմիտեի նոր նախագահը ասաց, որ եթե մինչեւ այժմ ինքը միայն ֆինանսական աջակցություն էր ցուցաբերում օլիմպիական կոմիտեին եւ որեւէ պատասխանատվություն չէր կրում, ապա այժմ մեծ պատասխանատվություն է դրվում իր ուսերին: Խոստանալով հետագայում էլ տրամադրել Հայաստանում սպորտի զարգացման համար անհրաժեշտ միջոցները՝ Ծառուկյանը ասաց, թե իր կողքին լավագույն թիմը պետք է լինի՝ լավագույն մարզիչները, ֆեդերացիաների նախագահները:

«Եթե ես 2007 թվականին նկատեցի, որ մենք չունենք այն սպորտսմեններին, որոնք մշտական իրենց տեղն ունեն՝ Եվրոպայի եւ աշխարհի մրցումներում առաջին-երկրորդ տեղերն են գրավում, ուրեմն ես արդեն պետք է մտածեմ ուզբեկ, ռուս, վրացի առնեմ, որ հայկական դրոշը բարձրացնեն», - հայտարարեց ազգային օլիմպիական կոմիտեի նորընտիր նախագահը:

Արդեն միայն ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչու ինքը չփորձեց վերընտրվել ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնում, պատասխանեց, թե նախկինում, չնայած Աթենքի օլիմպիական խաղերի անհաջողությունից հետո շրջանառվող բոլոր խոսակցություններին, ինքը կողմ էր այդ երկու պաշտոնները համատեղելուն, քանի որ կառավարության առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի կոմիտեի լիազորությունները սահմանափակ էին: Իսկ այժմ, նրա խոսքերով, այդ լիազորությունները տարողունակ են եւ արդեն դրանք տարանջատելու ժամանակն է:

Իր չառաջադրվելը Զաքարյանը չկապեց Աթենքի օլիմպիական խաղերում հայաստանցի մարզիկների անհաջող ելույթի հետ՝ ասելով, թե այդ անհաջողությունը «խորքային պատճառներ ուներ»:

Օլիմպիական կոմինեի նոր նախագահը, սպորտում կարեւոր նշանակություն տալով ֆինանսական գործոնին, խոստացավ առաջիկայում եւս մեծ գումարներ ներդնել:

«Ինչքան որ պետք է, ես դա անելու եմ: Եթե ես էս ծանր գործի մեջ մտել եմ, ուրեմն պետք է միանշանակ հաղթանակով դուրս գամ», - ասաց Գագիկ Ծառուկյանը:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG