Մատչելիության հղումներ

Բրիտանական «Էկոնոմիստ»-ի հերթական անդրադարձը Ղարաբաղին


«Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում ոչինչ չի հիշեցնում, թե սա պատերազմական գոտի է», - գրում է «Էկոնոմիստ» բրիտանական հանդեսը, որն իր վերջին համարում ակնարկ է տպագրել Ղարաբաղի մասին։

Հոդվածագիրը վկայում է, որ Ստեփանակերտի փողոցները մաքուր են, հասարակական շինությունները նորոգված, գործում են լավ հիվանդանոց, հեռուստակայան, խաղատներ եւ նույնիսկ «ֆիթնես-ակումբ». - «Հայաստանը Ղարաբաղին միացնող ճանապարհը թերեւս լավագույնն է Հարավային Կովկասում»։

«Ղարաբաղի հայերը համոզված են, որ շահել են պատերազմը», - գրում է «Էկոնոմիստ»-ը՝ փաստելով. - «Նրանք ունեն նախագահ, դրոշ եւ փոքր բանակ»։

Հոդվածի հեղինակը միաժամանակ արձանագրում է, որ, չնայած Ստեփանակերտի բարեկարգ տեսքին, ղարաբաղցիների կյանքը այնքան էլ դյուրին չէ. - «Նրանց «հանրապետությունը» մնում է չճանաչված։ Ղարաբաղն ավելի շուտ Հայաստանի շարունակությունն է, քան անկախ միավոր։ Բանակը խորապես ինտեգրված է հայաստանյան բանակի հետ, դրամը հայկական է, ավտոմեքենաները՝ հայաստանյան համարանիշերով։ Ղարաբաղի բարեկարգ ենթակառույցները Հայաստանի հատկացրած «վարկերի» եւ սփյուռքից ստացված նվիրատվությունների արդյունք են»։

«Էկոնոմիստ»-ը մեջբերում է «Ինթերնաշնլ քրայսիս գրուփ» (International Crisis Group) կազմակերպության վերլուծաբան Ֆիլիպ Նուբելին, որն ասել է, թե պատերազմի վերսկսումը քիչ հավանական է։ «Սակայն», - ավելացրել է մասնագետը, - «շարունակվող առճակատումը շահարկվում է Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ խոչընդոտելով ժողովրդավարության կայացումը երկու երկրներում»։


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG