Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի կոնգրեսի ստորին պալատը հաստատել է Հայաստանին եւ Ղարաբաղին հատկացվելիք օգնությունը


Միացյալ Նահանգների կոնգրեսի ստորին պալատը շաբաթ օրը վերջնականապես հաստատել է 2005 թվականին Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին հատկացվելիք կառավարական օգնության չափը։

Ամերիկայի հայկական համագումարի Երեւանյան գրասենյակի ղեկավար Արփի Վարդանյանը երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ հաջորդ տարի Հայաստանին հատկացվելու է 75 միլիոն դոլար՝ 13 միլիոնով ավելի, քան նախապես առաջարկում էր Ջորջ Բուշի վարչակազմը։

Ներկայացուցիչների պալատը որոշել է նաեւ 3 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն հատկացնել Լեռնային Ղարաբաղին։ ԱՄՆ-ը առայժմ աշխարհի միակ պետությունն է, որ անմիջական մարդասիրական օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղին։

2005 թվականին Հայաստանին եւ Ադրբեջանին հավասար ռազմական օգնություն է հատկացվելու՝ 8 միլիոն 750 հազար դոլար: Մինչդեռ Բուշի վարչակազմը ի սկզբանե առաջարկում էր Հայաստանին 6 միլիոն դոլարով պակաս ռազմական օգնություն տրամադրել, քան Ադրբեջանին։

Ամերիկյան կառավարական օգնության չափը դեռ պետք է հաստատի Սենատը եւ ստորագրի Ջորջ Բուշը։

Միեւնույն ժամանակ անցած շաբաթավերջին Սենատը վերջնականապես հաստատել է Հայաստանի բնականոն առեւտրային կարգավիճակը։ Արփի Վարդանյանի վկայությամբ, առեւտրային սահմանափակումները, որոնք տարիներ առաջ սահմանվել էին Ջեքսոն-Վենիկի լրամշակմամբ, այլեւս չեն գործելու, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ի եւ Հայաստանի առեւտրային հարաբերությունները թեւակոխում են նոր փուլ։


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG