Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ինչու Աթկինսոնը կրկնեց Դեւիսին» հարցը շարունակում է տխուր թեւածել հայաստանյան մամուլում: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Եվրախորհրդի խորհրդարանական վերհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը «Հայոց աշխարհ» թերթի հարցազրույցում ասում է. - «Այդ ողջ զեկույցում խոսվում է Հայաստան-Ադրբեջան հակամարտության մասին, եւ Լեռնային Ղարաբաղն ընդհանրապես բացակայում է որպես հակամարտության կողմ։ Եթե Աթկինսոնը փաստորեն կրկնել է Դեւիսի տեսակետները, ապա ինչպիսի փոփոխություններ էլ եղած լինեն հանձնաժողովի նիստում, իսկ դրանք կարծես շատ չեն, չեն փոխի բուն փաստաթղթի էությունը, որը չի կարելի համարել ոչ միայն հայանպաստ, այլեւ գոնե մոտ իրականությանը»։ Այս թերթում բերված են նաեւ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետեւյալ ուրվագծումները. - «Հայաստանի որեւէ նախագահ չի ունեցել, չունի եւ դեռ երկար ժամանակ չի ունենա հասարակության քարտ-բլանշը՝ հանձնելու Ղարաբաղը: Հայաստանցիները, անշուշտ, բազմաթիվ մտահոգություններ, հանապազօրյա հացի, իրենց երեխաների վաղվա օրվա, ընտանիքների անվտանգությունը ապահովելու խնդիր ունեն... բայց հենց որ իրական սպառնալիք են զգում, տեղի է ունենում մոտավորապես այն, ինչ տեղի ունեցավ 1998 թվականին: Երբ նախագահը հրաժարական տվեց միայն այն պատճառով, որ գրեց «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածը: «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում պատկերավորել է. - «Ռոբերտ Քոչարյանի իրականացրած քաղաքականությունը նրան մտցրեց խրամատ: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Քոչարյանին չհաջողվի զինվորական համազգեստ հագցնել եւ խրամատ մտցնել նաեւ ամբողջ Հայաստանը եւ հայ ժողովրդին»: «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանը «Առավոտ» թերթում ասում է. - «Ցավոք, Քոչարյանը, լինելով շատ մեծամիտ, ինքն իրենով փոխարինեց նաեւ Արցախի իշխանություններին: Լինելով Հայաստանի նախագահ՝ միանձնյա որոշեց, որ ինքը կարող է փոխարինել ե’ւ Հայաստանին, ե’ւ Արցախին: Բայց միջազգային հանրությունը դա ընկալեց որպես զուտ դե-ֆակտո Հայաստանի նախագահի հանդիպումներ, եւ ըստ էության հակամարտությունը տեղափոխվեց Ադրբեջան-Հայաստան հարթություն: Եվ սա այն դեպքում, երբ հրադադարի ստորագրմանը մասնակից է եղել նաեւ Արցախի իշխանությունը»: «Ակնհայտ է, որ միջազգային կառույցներն ավելի ու ավելի ուշադիր են դառնում Ղարաբաղի նկատմամբ, ակնհայտ է նաեւ, որ այդ ուշադրությունը այնքան էլ շահեկան չէ Ղարաբաղի եւ Հայաստանի համար», - խտացնում է այսօր «Առավոտ» թերթի մեկնաբանը: - «Կոալիցիայի ներսում քաղաքական ուժերի ներկայացուցիչները մասնավոր զրույցներում խիստ մտահոգություն են հայտնում Ղարաբաղի հիմնահարցի կապակցությամբ»:

Որպես օրինակ Աթկինսոնի զեկույցը մատնանշելով՝ «Երկիր» թերթի մեկնաբանը ձեւակերպում է. - «Բաքուն մեկը մյուսի հետեւից կռվշտոցներ է սարքում տարբեր միջազգային ատյաններում՝ նպատակ ունենալով վերջնականապես խճճել առանց այն էլ բարդ իրավիճակը: Ադրբեջանը բավական հարմար պահ է ընտրել»: Մեկնաբանը նաեւ ենթադրում է, որ Մինսկի խմբի անդամ եռյակից մի երկիր «խորհուրդներ է տալիս Ադրբեջանի իշխանություններին՝ նման գործողությունների մղելով»: «Այլապես», - ակնարկվում է «Երկիր»-ում, - «Ադրբեջանի ղեկավարությունը նույնիսկ ամենակարող Հեյդար Ալիեւի օրոք չէր համարձակվում ակտիվ քայլեր անել՝ լինեն դրանք դիվանագիտական թե ռազմական, առանց ապավինելու արտաքին ուժերի աջակցությանը: Ի՞նչ ասել Իլհամ Ալիեւի մասին, որին սեփական երկրում անգամ չեն ընկալում իբրեւ լուրջ քաղաքական գործիչ»:

«Թեեւ մեր իշխանությունները հրապարակավ իբր լուրջ չեն վերաբերում ՄԱԿ-ի քննարկումներին, եւ դրա նախօրեին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը զինվորական համազգեստներով ցուցադրական ստուգայց կատարեցին Արցախում գտնվող զորամասերում, այդուհանդերձ, ՄԱԿ-ում կարող է սկիզբ առնել ապագա վտանգներով հղի գործընթաց», - նախանշում է «Իրավունք» թերթի մեկնաբանը: Վերլուծաբանների կարծիքով, ամենայն հավանականությամբ, ՄԱԿ-ի քննարկումները կավարտվեն տարածաշրջան մոնիտորինգային խմբերի գործուղմամբ, որոնք տեղում պետք է ուսումնասիրեն, թե արդյոք, օրինակ, կատարվել են էթնիկական զտումներ կամ այլ գործողություններ, որոնց մասին աղմկում է Ադրբեջանը»: Մեկնաբանն ավելորդ չի համարում հիշեցնել, որ Հարավսլավիա գործուղված ՄԱԿ-ի մոնիտորինգային խմբերից սկսվեց այն գործընթացը, որի արդյունքում Միլոշեւիչը՝ որպես պատերազմի հանցագործ, կանգնեց միջազգային դատարանի առջեւ»:

«Բավականին մեծ է հավանականությունը, որ միջազգային բարդ ֆոնի առկայության պատճառով Ռոբերտ Քոչարյանը հարկադրված լինի գնալ համակարգային փոփոխությունների, այսինքն՝ իրագործել «հեղափոխություն վերեւից»», - նշվում է «Իրավունք»-ում: - «Այդպիսի գործողությունների համար, ինչպես ցույց է տալիս մի շարք երկրների փորձը, ամենահարմար ժամանակն է Ամանորին նախորդող կամ անմիջապես հաջորդող մի քանի օրերի ժամանակաշրջանը, երբ ե’ւ պետական ու քաղաքական կառույցների, ե’ւ գործիչների, ե’ւ հանրության առանձին խմբերի դիմադրության կարողությունը նվազագույնն է»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG