Մատչելիության հղումներ

logo-print

Պաշտպանության նախարարը հետամուտ է լինելու, որ 2005-ի բյուջեում ավելացվեն հատկացումները իր ղեկավարած ոլորտին


Հինգշաբթի օրը Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը Ազգային Ժողովի համապատասխան հանձնաժողովի փակ նիստից հետո համոզմունք հայտնեց, որ կառավարությունը միջոցներ կգտնի ավելացնելու իր ղեկավարած ոլորտի ծախսերը գալիք տարվա բյուջեում:

Պաշտպանության ոլորտին հատկացված ընդհանուր ծախսերը ընթացիկ տարվա պետբյուջեով կազմում են մոտ 50 մլրդ դրամ, հաջորդ տարվա պետբյուջեի նախագծով նախատեսված է մոտ 54 մլրդ դրամ:

Պատասխանելով լրագրողների հարցերին, Սերժ Սարգսյանը ասաց, որ նախատեսված հատկացումները ինքը անբավարար է համարում համակարգի արդյունավետությունը պահպանելու համար:

«Այն, ինչ այսօր քննարկվեց՝ ոչ», - ասաց նա: - «Բայց քննարկումները շարունակվում են, ես վստահ եմ, որ որոշակի փոփոխություններ լինելու են, եւ հանրապետության կառավարությունը հնարավորություն է գտնելու ավելացնելու: Որովհետեւ նախ՝ պետք է ավելացվի սպաների, ենթասպաների եւ ծառայողների աշխատավարձը»:

Շարունակելով՝ պաշտպանության նախարարը ասաց, որ ունի հանրապետության նախագահի եւ վարչապետի թույլտվությունը ասելու, որ հունվարի 1-ից սպաների աշխատավարձը բարձրանալու է 50 հազար դրամով, ենթասպաներինը եւ պայմանագրային ծառայողներինը՝ 30 հազար դրամով, ծառայողներինը՝ 10 հազար դրամով:

«Երկրորդ, մենք լուրջ պրոբլեմի առաջ ենք կանգնած՝ կապված միջազգային գների բարձրացման հետ: Այս խնդիրները պետք է անպայման լուծվեն, կոմպենսացվեն», - ասաց Սարգսյանը՝ մեկ անգամ էլ կրկնելով. - «Ես վստահ եմ, որ հանրապետության կառավարությունը միջոցներ է գտնելու՝ հայկական բանակին հատկացնելու այնքան գումար, որպեսզի մեր բանակի մարտունակությունը չտուժի»:

Նոյեմբերի 16-ին նախագահ Քոչարյանն ընդունել էր ռուսաստանյան «Ինգեոկոմ միավորում» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Միխայել Ռուդյակի գլխավորած պատվիրակությանը, որի առիթով նախագահի մամուլի գրասենյակը հաղորդել էր, որ ընկերությունն առաջիկայում սկսելու է Հայաստանի պաշտպանության նախարարության նոր շենքի կառուցման աշխատանքները:

Հարցին, թե արդյոք նոր շենքը կառուցվելու է բյուջեի հատկացումների հաշվին, նախարարը պատասխանեց. - «Ոչ: Բյուջետային ծախսեր չեն լինելու: Այդ ամբողջ գործընթացը լինելու է բաց, թափանցիկ: Լինելու է կառավարության որոշում, եւ դուք հնարավորություն եք ունենալու ծանոթանալ այդ որոշմանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG