Մատչելիության հղումներ

Կառավարությունը վստահ է, որ «ԱրմենՏել»-ը կստորագրի հաշտության պայմանագիրը


Հայաստանի կառավարությունն հավանություն է տվել «ԱրմենՏել»-ի հետ կնքված հաշտության պայմանագրին, ինչը ենթադրում է, որ վերացել են մտահոգությունները, թե հունական կողմը կհրաժարվի ստորագրել այդ պայմանագիրը, որը կառավարության անունից դեռեւս անցած շաբաթ ստորագրել էր արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Այդուհանդերձ, «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքին՝ հաստատել կամ հերքել այս տեղեկությունը, «ԱրմենՏել»-ից այսօր ձեռնպահ մնացին պատասխանել։ Իսկ արդարադատության նախարարը Ազգային ժողովում լրագրողներին ասաց, թե, իր կարծիքով, Աթենքում այսօր գումարվող «ԱրմենՏել»-ի տնօրենների խորհրդի նիստում հաշտության համաձայնագիրը կստորագրվի։

Ըստ նախարարի, այդ նիստին հեռակա կարգով մասնակցում է «ԱրմենՏել»-ում Հայաստանի կառավարության շահերը ներկայացնող տրանսպորտի եւ կապի փոխնախարար Սերժ Սարգսյանը:

«Տնօրենների խորհրդի նիստերը կարող են իրականացվել նաեւ հեռակա կարգով», - ասաց Դավիթ Հարությունյանը՝ ավելցնելով. - «Կմասնակցի մեր ներկայացուցիչը՝ Սերժ Սարգսյանը»:

Պետք է ակնկալել, որ այդ հաշտության կայացմամբ առաջիկա մի քանի ամիսներին Հայաստանի կապի համակարգում որոշակի փոփոխություններ կլինեն։

Կնքված հաշտության համաձայնագրով «ԱրմենՏել»-ը, վերստանալով իր մենաշնորհի այն հատվածները, որ վերաբերում էին IP հեռախոսակապին, ստիպված է սեղմել իր մենաշնորհի այն տիրույթը, որը վերաբերում է բջջային հեռախոսակապին։ Քանզի, դեռեւս «ԱրմենՏել»-ի հետ հաշտության պայմանագիրը չկնքած, կառավարությունն արդեն, ըստ էության՝ առանց մրցույթի, սակայն, ֆորմալ ձեւով պահպանելով օրենքի պահանջը, գործունեության լիցենզիա էր տվել «Ղ-Տելեկոմ» ընկերությանը։

Առայժմ անհայտ է, թե ինչպիսի՞ն են այս նորահայտ ընկերության հայաստանյան ծրագրերը, որքա՞ն ներդրումներ է պատրաստվում այն անել, ինչքա՞ն բաժանորդի հաշվով, ինչպիսի՞ն են լինելու նրա ծառայության սակագները, ու ամենակարեւորը, թե ի՞նչ որակի ծառայություն է ստանալու սպառողը։

Կառավարությունը, մինչդեռ, հստակ գիտի, թե ինչ է ստանալու «Ղ- Տելեկոմ»-ից առաջիկա 4 տարիների ընթացքում։ Նոյեմբերի 4-ի նիստում ընդունված թիվ 1480 Ա որոշման համաձայն, որը զետեղված է կառավարության պաշտոնական ինտերնետային էջում, կառավարությունը հանձնարարել է ֆինանսների եւ արդարադատության նախարարություններին «Ղ-Թելեկոմ»-ի հետ պայմանագիր ստորագրել՝ վերջինիս առաջարկած պայմաններով: Ըստ այդմ՝ շարժական կապի նոր օպերատորը Հայաստանի Հանրապետությանը կվճարի 2004-2005 թվականների ընթացքում՝ 1,5 միլիոն դոլար, 2006 թվականի ընթացքում՝ 1 միլիոն, 2007-ին՝ 2 միլիոն, իսկ 2008-ին՝ 0,5 միլիոն դոլար։

Նշված որոշումը, սակայն, պարունակում է նաեւ երկու ուշագրավ կետեր, որոնք, թերեւս, լույս են սփռում, թե ինչու այնքան խորհրդավոր պայմաններում, ու ամենակարեւորն է՝ կայծակնային արագությամբ ընթացավ հայաստանյան շարժական կապի շուկա երկրորդ օպերատորին մուտքի արտոնման մրցույթը։

Թե որքան նեդրումներ է պատրաստվում անել «Ղ-Տելեկոմ»-ը Հայաստանում, կառավարության հիշյալ որոշման մեջ նշված չէ։ Փոխարենը, որոշման 4-րդ կետում ասված է. - «Առաջարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամին ընդունել «Ղ-Տելեկոմ» ընկերության բարեգործական առաջարկությունը, որի համաձայն «Ղ-Տելեկոմ»-ը 2004-2005 թվականներին հիմնադրամին կվճարի 1 միլիոն, իսկ 2006 թվականին՝ եւս 1 միլիոն։ Բացի այց, նշված որոշման 5-րդ կետի համաձայն, Լեռնային Ղարաբաղի կառավարությանը առաջարկվում է ընդունել «Ղ-Թելեկոմ»-ի առաջարկությունը Ղարաբաղի կապի համակարգում առաջիկա երկու տարվա ընթացքում 10 միլիոն դոլարի ներդրում անելու վերաբերյալ։

Կարելի է ենթադրել, որ հայաստանյան շարժական կապի շուկա մտնելու համար պոտենցիալ հավակնորդի առջեւ որպես պայմաններ դրվել են Հայաստան հիմնադրամին բարեգործություն անելու, ինչպես նաեւ Ղարաբաղում նշված չափի ներդրում անելու պահանջները։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG