Մատչելիության հղումներ

Դեւիդ Աթկինսոնի զեկույցը կքննարկվի ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանում


Երեկ երեկոյան Փարիզում տեղի ունեցած Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացված բրիտանացի զեկուցող Դեւիդ Աթկինսոնի զեկույցը կքննարկվի խորհրդարանական վեհաժողովի հունվարյան նստաշրջանում:

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, քաղաքական հարցերի հանձնաժողովի անդամ Տիգրան Թորոսյանը, ինչպես փոխանցել է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը, ասել է, որ ներկայացված զեկույցը «հիմնականում կրկնում է նախկին զեկուցող Թերի Դեւիսի զեկույցը` հաշվի առնելով սեպտեմբերի 14-ին արված փոփոխությունները, որոնցով Հայաստանի համար ոչ բարենպաստ մի շարք ձեւակերպումներ շտկվել էին»:

Հաղորդագրությունը, այդուհանդերձ, նշում է, որ թեեւ «բանաձեւի նախնական նախագիծը բարելավվել է հանձնաժողովին ներկայացված տարբերակի համեմատ, սակայն, ցավոք սրտի՝ ոչ այն բոլոր կետերով, որոնց հետ կապված Հայաստանի ներկայացուցիչը ներկայացրել էր իր առաջարկությունները»:

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սեիդովը, «Թուրան» գործակալության հաղորդմամբ, Ադրբեջանի համար «դրական» է համարում զեկույցը:

Ընդունված նախնական զեկույցի մասին Ստրասբուրգի կենտրոնական գրասենյակի տարածաշրջանային հարցերով պատասխանատու Դոսսոն որոշ տեղեկություններ փոխանցեց «Ազատություն» ռադիոկայանին: Նրա խոսքերով, զեկույցը «դատապարտել է ռազմական գործողությունները, ազգամիջյան թշնամանքը, որ տիրում է տարածաշրջանում»:

Նրա փոխանցմամբ, զեկույցը հաստատել է, որ «կատարվել է «էթնիկական զտում» եւ ստեղծվել է միատարր բնակչություն», «Ադրբեջանի տարածքի զգալի մասը գրավված է Հայաստանի կողմից», «Լեռնային Ղարաբաղի շուրջը գրավյալ տարածքները անմարդաբնակ են եւ կան միայն անջատողական ուժեր»:

Ըստ Դոսսոյի, ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանում, ամենայն հավանականությամբ, կընդունվի հետեւյալ սկզբունքը՝ այն, ինչ կատարվել է Լեռնային Ղարաբաղում, հանդիսացել է «Սահմանների անձեռնմխելիության մասին» միջազգային օրենքի ոտնահարում, հետեւաբար գրավող պետության, այսինքն՝ Հայաստանի կողմից պարտավորությունների խախտում:

Նշվել է նաեւ իրենց բնակավայրերից արտագաղթածների իրավունքը՝ վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը:

«Մինսկի խմբի գործընթացում առաջխաղացում չլինելու դեպքում Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են դիմել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային ատյանին, որի սկզբունքը տարածքային ամբողջականության պահպանումն է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Դոսսոն:


Ռուզան Կյուրեղյան, Փարիզ

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG