Մատչելիության հղումներ

Երեւանյան խաղից հետո Ռումինիայում պահանջում են ֆուտբոլի հավաքականի մարզչի հրաժարականը


Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Միրչեա Սանդուն այսօր հայտարարել է, որ երեկվա երեւանյան խաղից հետո քննարկվում է իր երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անգել Յորդանեսկուին փոխարինելու գաղափարը։

Ռումինիայի թիմը, որը համարվում է ֆուտբոլի 2006 թվականի աշխարհի առաջնության որակավորման մրցաշարի առաջատարներից մեկը թիվ 1 խմբում, Երեւանում ոչ ոքի (1։1) խաղաց Հայաստանի հավաքականի հետ՝ կորցնելով կարեւոր միավորներ եւ բարդացնելով իր մրցակցությունը Հոլանդիայի, Չեխիայի եւ Ֆինլանդիայի թիմերի հետ։

Այս գիշեր, երբ Ռումինիայի թիմը Երեւանից վերադարձել է Բուխարեստ, տեղի մարզասերները օդակայանում պահանջել են գլխավոր մարզչի հրաժարականը։

Մայրաքաղաքում լույս տեսնող «Զիուա» օրաթերթն այսօր գրել է. - «Ապաշնորհ մարզիչը եւ անհաջողակների թիմը խայտառակեցին մեզ Երեւանում»։ «Աստված պատժեց քեզ», - իր հերթին գրել է «Պրոսպորտ» մարզական թերթը՝ դիմելով Յորդանեսկուին, ով հայտնի է իր սնոտիապաշտությամբ եւ խաչեր է բերում մարզադաշտ։

Յորդանեսկուն, մինչդեռ, երեւանյան խաղից հետո հայտարարել է, թե մտադիր չէ հրաժարական տալ ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։


Արմեն Դուլյան

(Լուսանկարում՝ դրվագ Հայաստան - Ռումինիա հանդիպումից)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG