Մատչելիության հղումներ

Գլխավոր կասկածյալը հերքում է հայ օդաչուների մասնակցությունը Հասարակածային Գվինեայում հեղաշրջման փորձին


Հասարակածային Գվինեայում վերսկսված հեղաշրջման փորձի գործով դատավարությունում գլխավոր կասկածյալ Նիք դյու Թուան կրկին պնդել է, որ անցած մարտին իր հետ միասին ձերբակալված վեց հայ օդաչուները որեւէ կապ չունեն նավթով հարուստ աֆրիկյան այդ երկրի նախագահին տապալելու փորձի հետ:

Հասարակածային Գվինեայի մայրաքաղաք Մալաբոյից ստացվող հաղորդագրություններում փոխանցվում է, որ Նիք դյու Թուան, ով նախկինում Հարավաֆրիկյան Հանրապետության անվտանգության ուժերի սպա է եղել, երեքշաբթի երեկոյան դատավարության նիստում հայտարարել է, որ հայերը եւ 12 այլ ամբաստանյալներ ոչինչ չգիտեին պատրաստվող հեղաշրջման մասին: Դյու Թուան ցուցմունք էր տալիս երկու ամիս ընդմիջումից հետո վերսկսված դատավարության նիստում:

Նրա ցուցմունքը Հայաստանի ներկայացուցիչները կօգտագործեն որպես լրացուցիչ փաստարկ՝ հօգուտ հայ օդաչուներին ազատ արձակելու: Դյու Թուայի ցուցմունքները, այդուհանդերձ, կարծես հաշվի չի առնում այդ նախկին իսպանական գաղութի կառավարությունը, քանի որ գլխավոր դատախազ Խոզե Օլո Օբոնոն պահանջում է մահապատժի դատավճիռ Նիք Դյու Թուայի համար եւ 102-ից մինչեւ 16 տարվա ազատազրկման դատավճիռ՝ մյուս ամբաստանյալների համար:

Վեց հայ օդաչուները «Անտոնով-12» բեռնատար ինքնաթիռի անձնակազմի անդամներն են: Ինքնաթիռը այս տարի ավելի վաղ վարձակալել էր գերմանական Central Asian Logistics (CAL) ընկերությունը՝ դեպի Հասարակածային Գվինեա առեւտրային թռիչքներ իրականացնելու նպատակով: Ինքնաթիռը պատկանում է հայաստանյան «Տիգա էյր» ընկերությանը:

Հասարակածային Գվինեայի իշխանությունները, որոնց Միացյալ Նահանգները եւ միջազգային կազմակերպությունները բազմիցս մեղադրել են մարդու իրավունքները ոտնահարելու համար, պնդում են, թե հայ օդաչուները օժանդակել են հարավաֆրիկյան «վարձկանների» առաջապահ ջոկատին, որը պիտի տապալեր 1979 թվականից ի վեր երկրի նախագահ Թեոդորո Օբյենգ Նգուեմային: Առաջապահ ջոկատը, ըստ մեղադրանքի, պիտի նախապատրաստեր վարձկանների հիմնական խմբի՝ շուրջ 70 այլ հարավաֆրիկացիների, ժամանումը, ովքեր ավելի վաղ ձերբակալվել էին Զիմբաբվեում:

Հայ օդաչուները, ում պաշտպանելու բոլոր հնարավորությունները օգտագործում են Հայաստանի իշխանությունները, կտրականապես հերքում են մեղադրանքը: «Տիգա Էյր»-ը եւ CAL-ը նույնպես պնդում են, որ անձնակազմը մեղավոր չէ՝ հայտարարելով, որ երբեք որեւէ առնչություն չեն ունեցել Դյու Թուայի հետ: «Հայ օդաչուները 200 տոկոսով անմեղ են», - սեպտեմբերի 27-ին «Ազատություն» ռադիոկայանին ասել էր CAL-ի նախագահ Թոմաս Ռիներդը:

Ինչպես հաղորդում է «Ասոշիեյթեդ Փրես»-ը, Դյու Թուան հրաժարվել է իր նախկին խոստովանական ցուցմունքից՝ հայտարարելով, թե այն պարտադրված է եղել իրեն: «Ինձ հարցաքննում էր Զիմբաբվեի ոստիկանությունը, եւ նրանք սպառնացին սպանել ինձ, եթե չպաշտպանեմ հեղաշրջման իրենց պաշտոնական վարկածը», - ասել է նա:

Լրատվական գործակալությունները հաղորդում են, որ ամբաստանյալներից շատերը օգոսոտոսին, երբ սկսվել էր դատավարությունը, դատարանում ցույց են տվել սպիներ, պնդելով, թե դրանք կտտանքի հետքեր են:

Դատավարությունը, որին ներկա են հայ դիվանագետներ, հետաձգվել էր օգոստոսի վերջին, երբ Քեյփթաունում ձերբակալվեց Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թեթչերի որդին՝ Մարկ Թեթչերը՝ պատրաստվող հեղաշրջումը ֆինանսավորելու կասկածանքով:

«8 նոր անուններ են հայտվել մեղադրյալների ցուցակում՝ ներառյալ Մեծ Բրիտանիայի քաղաքացի Մարկ Թեթչերը, ով կհարցաքննվի հեռակա կարգով», - «Ֆրանս Պրես» գործակալության մեջբերմամբ, երեքշաբթի օրը ասել է գվինեացի մի փաստաբան:


Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG