Մատչելիության հղումներ

Ազգային ժողովում շարունակվում են բյուջեի նախագծի քննարկումները


Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում չորեքշաբթի օրը ներկայացվեց 2005 թվականի պետական բյուջեի նախագծի այն հատվածը, որը վերաբերում է սոցիալական ոլորտին։ Բանավեճի առիթ դարձավ Հայխնայբանկի ավանդների փոխհատուցման չարչրկված խնդիրը:

Ազգային ժողովում կոալիցիայի կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծը ենթադրում է այդ նպատակով արդեն հաջորդ տարվանից բյուջեում նախատեսել 3 միլիարդ դրամ, եւ որոշ պատգամավորների հետաքրքրում էր, թե բյուջեի նախագծում կառավարությունը այդ նպատակով ինչու՞ գումարներ չի նախատեսել։ Կառավարության ներկայացուցիչը պարզաբանեց, որ բյուջեի նախագիծը կազմելիս նման հարց չի քննարկվել, կառավարության ծրագրերի տեսակետից այդ հարցը առաջնահերթություն չէ:

«Երեք միլիարդի խնդիրը որպես հարցադրում կարող է քննարկվել, բայց պետք է դիտվի այս առաջնահերթությունների մեջ», - ասաց ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը: - «Եթե Ազգային ժողովը կգտնի, որ դա ներկայացված առաջնահերթություններից ավելի առաջնային է, դա ձեր որոշելիքն է»:

Սոցիալական բնագավառի ծախսերը, ինչպես նիստում ներկայացրեց Պավել Սաֆարյանը, ընթացիկ տարվա համեմատությամբ հաջորդ տարի կավելանան 27 տոկոսով ու կհասնեն շուրջ 46 միլիարդ դրամի։ Այս գումարի առյուծի բաժինը կուղղվի կենսաթոշակների եւ ընտանեկան նպաստների ավելացմանը։ Մասնավորապես, 467 միլիոն դրամով կավելանան պետական բյուջեից կենսաթոշակառուներին տրվող հավելումները: Ընդհանուր առմամբ միջին կենսաթոշակը երկրում ներկայիս 8300 դրամից կհասնի 9800 դրամի։

Որոշակիորեն կաճեն նաեւ ընտանեկան նպաստները։ Այս կապակցությամբ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը ասաց, թե դրանով ռեալ փորձ է արվել աղքատության նպաստի չափը հավասարեցնել նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին՝ մոտ 12300 դրամի։ Եկող տարի եւս ընտանեկան նպաստ կստանան երկրի առավել աղքատ 139 հազար ընտանիքներ։

Նախարարը, սակայն շեշտեց, թե առայժմ ոչ բոլոր նպաստառու ընտանիքներն են, որ իրականում կարիքավոր են, եւ խնդիրը այդպիսիներին բացահայտելն է։

«Եթե մենք կարողանանք այդ հասցեականությունը մեծացնել եւ իսկապես տալ այն ընտանիքներին, որոնք այլ հնարավորություն չունեն, ազատվող միջոցները մենք կարող ենք տրամադրել նույն զարգացման ծրագրերին, նույն մարզերում», - ասաց նախարարը:

Գալիք տարի ընտանեկան նպաստների գումարները նախատեսված է ավելացնել մոտ 4 միլիարդ դրամով՝ հասցնելով 20 միլիարդի: 2005 թվականի բյուջեի նախագիծը նոր աշխատատեղերի ստեղծումը խրախուսող նոր մոտեցում է պարունակում. այն գործարարները, ովքեր իրենց արտադրություններում նոր աշխատատեղ կստեղծեն, յուրաքանչյուր նոր աշխատատեղի հաշվով 7800 դրամի մասնակի փոխհատուցում կստանան պետությունից:

«Խոցելի խմբերում ընդգրկված անձանց աշխատանքի ընդունելու դեպքում գործատուին իրականացվելու է որոշակի փոխհատուցում, որպեսզի, մի կողմից, ապահովվի այդ խմբի զբաղվածությունը, մյուս կողմից՝ գործատուները որոշակի շահագրգռվածություն ունենան նրանց աշխատանքի ընդունելու գործում», - պարզաբանեց ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Սաֆարյանը:

Այսօր քննարկվեցին նաեւ բյուջեի նախագծի այն հատվածները, որոնք վերաբերում են առողջապահության, բնապահպանության, կրթության, եւ մշակույթին առնչվող հատկացումներին։ Նախատեսվում է, որ հաջորդ տարի ամենամեծ աճը կունենան առողջապահության ոլորտի հատկացումները։ Այս բնագավառի նորամուծություն այն է, որ հաջորդ տարվա ընթացքում ամբուլատոր բուժօգնություն ստանալու նպատակով դիմած հիվանդները հնարավորություն կունենան դեղորայք ստանալ անվճար, այսինքն՝ պետական միջոցների հաշվին։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG