Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ի թղթակցի առաջարկին՝ գնահատել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը արձագանքել է. - «Կարծում եմ՝ պրոբլեմներ կան, եւ չէի ուզենա ամեն ինչ պարզունակացնել ու ասել, թե անհանգստանալու խնդիր չկա։ Ըստ իս՝ ներքաղաքական գործընթացների վրա լուրջ ազդեցություն կարող են ունենալ արտաքին քաղաքական գործոնները. պետք չէ մոռանալ, որ կարգավորված չէ Լեռնային Ղարաբաղի հարցը, ու ադրբեջանական ուժերն ինչ-ինչ ծրագրեր, թերեւս, ունեն՝ գործընթացները հօգուտ իրենց տեղաշարժելու համար։ Այնպես որ, մտորելու խնդիրներ իրապես կան»։ Արտաշես Թումանյանը արձանագրում է. - «Երբ ընդդիմությունը մի տեսակ, չեմ ուզում ասել՝ թուլացած է, բայց արձակուրդի մեջ է, եւ իշխանության հետ առճակատում չկա, ինչպես մեկ տարի առաջ էր, ինչ-որ պրոցեսներ իշխանական շրջանակներում են սկսվում, եւ դա լիովին տեղավորվում է քաղաքական գործընթացների տրամաբանության մեջ։ Իշխանություն-ընդդիմություն առճակատման բացակայության պայմաններում՝ որոշ օպոզիցիոն տրամադրություններ հենց իշխանության մեջ են առաջանում»: «Այդտեղ որեւէ խնդիր ես չեմ տեսնում», - ասում է նախագահի աշխատակազմի ղեկավարը: - «Մինչեւ հերթական ընտրություններն ու հատկապես ընտրությունների նախաշեմին՝ ընդդիմության ձեւի եւ բովանդակության մեջ կլինեն նոր փոփոխություններ, անցումներ՝ մի կողմից մյուսը եւ գուցե նաեւ՝ բոլորիս համար անսպասելի անցումներ»։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի աշխատաոճին, խոսակցություններին, որ իր բոլոր որոշումները նա կայացնում է միանձնյա. այդ թվում՝ կադրային փոփոխություններն ու նշանակումները, Արտաշես Թումանյանն ասում է. - «Դա նախագահի հասցեին արված միակ բամբասանքն է, որին համաձայն եմ։ Իր բնավորությամբ, իր աշխատաոճով ինքը կարող է կարեւոր որոշումներն ընդունել միանձնյա, եւ ինքն էլ պատասխանատու է այդ որոշումների համար»։

Օրերս Ռոբերտ Քոչարյանը եղել է սահմանային մի շարք զորամասերում, առաջին գծում, ինչպես «Հայոց աշխարհ» թերթում է այսօր ձեւակերպված՝ «երկրի պաշտպանության առումով, բնականաբար, առանձնահատուկ նշանակություն ունեցող այդ զորամասերի մարտական եւ տեխնիկական պատրաստվածությանը, ուսումնական ծրագրերի կատարմանը, անձնակազմի սոցիալական պայմաններին ավելի մոտիկից» ծանոթանալու համար. - «Այցի արդյունքներից նախագահը գոհ է մնացել»: «Հայոց աշխարհ»-ում ամփոփված է. - «Գոնե մեր դեպքում կյանքով ապացուցված է հայտնի բանաձեւի ճշմարտացիությունը՝ «Խաղաղությո՞ւն ես ուզում, միշտ պատրաստ եղիր պատերազմի»: Մենք ամենից շատ ենք խաղաղություն ուզում»:

«Արդեն համարձակորեն կարելի է ասել, որ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը «պաշտոնապես» ձախողված է», - գրում է այսօր «Առավոտ» թերթի մեկնաբանը՝ մատնանշելով վերջին օրերին արտգործնախարար Օսկանյանի, դրան նախորդած՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ոչ լավատեսական արտահայտությունները: Օսկանյանի երեկվա հայտարարությունը՝ «Եթե Բաքուն շարունակի պնդել, որ ՄԱԿ-ում Լեռնային Ղարաբաղի կապակցությամբ բանաձեւ ընդունվի, ու եթե այդ բանաձեւն, այնուամենայնիվ, ընդունվի, ապա բանակցային գործընթացում իրադրությունն արմատապես կփոխվի, եւ փաստորեն, այդ դեպքում Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի Լեռնային Ղարաբաղի հետ», ըստ մեկնաբանի, ընդամենը «վերջին ակորդն է քաղաքական այն որոշման, ըստ որի՝ այլեւս պաշտոնապես բարձրաձայնվում է բանակցությունների տապալման փաստը»: «Անհեթեթ է ենթադրել, որ Բաքուն, անսալով Օսկանյանի ձայնին, իսկույնեւեթ ՄԱԿ-ից ետ կվերցնի «գրավյալ տարածքների» հարցի քննարկման մասին իր դիմումը: Ավելին, վերջին օրերին Ադրբեջանն է'լ ավելի է ակտիվացնում հակամարտությունը միջազգային այլ ատյաններում (օրինակ՝ Հաագայի դատարանում) ու այլ ձեւաչափերով արծարծելու իր ուղեգիծը, ինչի մասին օրերս հայտարարել է արտգործնախարար Մամեդյարովը: Ուրեմն ի՞նչ... պատերա՞զմ: Թերեւս՝ ոչ անմիջապես ու թերեւս՝ փոքր-ինչ այլ դրսեւորումներով», - եզրափակել է «Առավոտ»-ի մեկնաբանը: «Հայկական ժամանակ» թերթի կապակցմամբ, Ռոբերտ Քոչարյանի վերջին այցը հայ-ադրբեջանական մի շարք սահմանային զորամասեր ուղղակի կապ ունի հայ-ադրբեջանական վերջերս նկատվող սրացումների հետ, եւ «Քոչարյանը, չորս օր անցկացնելով զորամասերում, ադրբեջանցիներին ցույց է տալիս, որ ՀՀ-ն պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման»:

«Հայաստանը դուրս կգա ղարաբաղյան կարգավորման գործընթացից, եթե Բաքուն բանակցային գործընթացը փորձի տեղափոխել այլ ատյաններ» վերնագրի տակ «Ազգ» թերթում բերված են բանակցային ձեւաչափից դժգոհություններ Լեռնային Ղարաբաղից: Մասնավորապես, փորձագետ Դավիթ Բաբայանը ընդգծում է. - «Երբ բանակցային գործընթացը տանում է միայն Հայաստանը, ապա ստացվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածքային վեճ է. եւ այս ենթատեքստում մենք շատ քիչ հնարավորություն ունենք միջազգային հանրությանը համոզելու, որ մենք ճիշտ ենք... Եթե երկու կողմերն ուղիղ չեն բանակցում, ճեղքում ակնկալելը հնարավոր չէ, որովհետեւ, ի վերջո, Ղարաբաղը պետք է կրի պայմանավորվածությունների իրականացման բեռը»: «Եթե բանակցային ձեւաչափի մակարդակը հակամարտության կողմերի նախագահների ընդգրկմամբ է, ապա դրան պետք է մասնակցի ԼՂՀ նախագահը», - իր հերթին ասում է ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: - «Ամենացանկալին կլիներ, որ Հայաստանը, Ադրբեջանը եւ ԼՂՀ-ն բանակցեն եռակողմ ձեւաչափով, որտեղ կողմերից յուրաքանչյուրը կունենա հավասար լիազորություններ եւ հավասար պարտավորություններ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG