Մատչելիության հղումներ

logo-print

Կոալիցիոն ուժերի միջեւ սրվում են տարաձայնությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ


Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծում ամենասկզբունքային հարցի՝ համամասնական ու մեծամասնական տեղերի հարաբերակցության խնդրի շուրջ նախագիծը հեղինակած քաղաքական ուժերի տարաձայնությունները հստակ կերպով երկու մասի են բաժանել խորհրդարանական իշխանամետ մեծամասնությանը:

Մի կողմում, կոալիցիոն ուժերից «Օրինաց երկիր»-ն ու Դաշնակցությունն են, ինչպես նաեւ Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) խորհրդարանական խմբակցությունը, մյուս կողմում՝ կոալիցիոն ամենամեծ ուժը՝ Հանրապետական կուսակցությունը, եւ «Ժողպատգամավոր» խումբը:

Երեկ Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը խորհրդարանական այս ուժերն իրենց տեսակետերն են ներկայացրել հարցի շուրջ: Դաշնակցությունն ու «Օրինաց երկիր»-ը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը,սահմանային փոխզիջում են համարում համամասնական տեղերի առնվազն 70 տոկոսը: Հանրապետական կուսակցության խմբակցության եւ «Ժողպատգամավոր» խմբի համար, մինչդեռ, սահմանային փոխզիջումը համամասնական տեղերի առավելագույնը 60 տոկոսն է: Այս դեպքում համամասնականով ընտրված պատգամավորների թիվը ներկայիս հարաբերակցությունից կավելանա ընդամենը 3-4 պատգամավորով:

Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, ով երեկվա խորհրդակցությանը ներկայացրել է կուսակցության տեսակետը, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ օրերս հարցը քննարկվել է խմբակցության նիստում, եւ «միաձայն որոշում է կայացվել, որ այն համամասնությունը, որ մինչեւ այժմ գործել է, պետք է պահպանվի նաեւ առաջիկա ընտրությունների ընթացքում»: Որոշումը խմբակցությունը կայացրել է կուսակցության խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նույնպիսի հայտարարությունից հետո:

Ավելի վաղ Դաշնակցությունն էր հայտարարել, որ տեղերի հարաբերակցությունը նույնը մնալու դեպքում կքննարկի քաղաքական կոալիցիայից իր դուրս գալու հարցը: Հարցին, թե ի հեճուկս Դաշնակցության չի՞ ընդունվել արդյոք նման որոշում, Մելիքյանը պատասխանեց. - «Ոչ: Որոշումը ընդհանրապես ոչ մի խմբակցության եւ ոչ մի կուսակցության դեմ չի կայացվել»:

Իսկ պատասխանելով հարցին, թե չի՞ պատրաստվում Հանրապետական կուսակցությունն էլ հայտարարել, թե տեղերը նույնը չմնալու դեպքում, կամ իրենց համար ընդունելիից համամասնական տեղերը ավելացնելու դեպքում կքննարկի կոալիցիայից դուրս գալու հարցը, Գագիկ Մելիքյանը ասաց. - «Ինձ ավելի շատ հավանական է թվում մեր ասած թվի պահպանումը»:

Դիտարկմանը, թե նախագահ Քոչարյանը կարող է այլ հարաբերակցություն առաջարկել, Մելիքյանը արձագանքեց. - «Չեմ կարծում, որ հանրապետության նախագահի կարծիքը կտարբերվի... Ցանկացած դեպքում նախագահի կարծիքը մեզ համար ընդունելի եւ որոշիչ է»:

Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի մոտ նույն առիթով խորհրդակցություն տեղի կունենա նաեւ հաջորդ շաբաթասկզբին, որից հետո, ամենայն հավանականությամբ, հարցը կտեղափոխվի քաղաքական խորհրդակցության երկրի նախագահի հետ :


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG