Մատչելիության հղումներ

OTE-ն չի շտապում ստորագրել համաձայնագիրը, որն արդեն ստորագրել է Հայաստանի կառավարության ներկայացուցիչը


Նոյեմբերի սկզբին Հայաստանի կառավարությունը արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին լիազորել էր 10-օրյա ժամկետում ստորագրել «ԱրմենՏել»-ի բաժնետոմսերի 90 տոկոսը տնօրինող հունական OTE-ի հետ բանակցությունների արդյունքներն ամրագրող փաստաթուղթը: Արդարադատության նախարարը, ինչպես փոխանցել է նախարարության խոսնակը, դեռեւս շաբաթ օրը ստորագրել է այդ փաստաթուղթը, մինչդեռ հունական կողմը չի շտապում ստորագրել այն:

«Հայաստանի Հանրապետության կողմից լիազորված արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը շաբաթ օրը ստորագրել է բանակցությունների արդյունքները ամրագրող փաստաթուղթը՝ այդպիսով իր լիազորությունների շրջանակներում կատարելով կառավարության հանձնարարականը», - երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց արդարադատության նախարարության խոսնակ Արա Սաղաթելյանը՝ OTE-ի՝ համաձայնագիրը դեռեւս չստորագրելու մասին էլ ավելացնելով. - «Ինչու, ինչ դրդապատճառներով կամ ինչի հետեւանքով հունական կողմը դեռ չի ստորագրել՝ այդ հարցին չեմ կարող պատասխանել: Այդ հարցով դիմեք հունական կողմին»:

«ԱրմենՏել»-ում, մինչդեռ, հրաժարվեցին որեւէ պաշտոնական տեղեկատվություն տրամադրել:

Եթե OTE-ին հրաժարվի ստորագրել համաձայնագիրը, հարցը, չի բացառվում, որ դառնա Լոնդոնի միջազգային տնտեսական դատարանի քննության առարկա: Նման զարգացումը չբացառեց նաեւ Արա Սաղաթելյանը:

Դիտարկմանը, թե անտրամաբանական է, երբ կողմերից մեկը չի ստորագրում նախապես համաձայնեցված փաստաթուղթը, Սաղաթելյանը հակադարձեց. - «Տրամաբանական է, քանի որ կողմերից յուրաքանչյուրը վավերացնում է բանակցությունների արդյունքը ամրագրող փաստաթուղթը՝ այդ կողմի համար յուրահատուկ անհրաժեշտ, պատշաճ ընթացակարգերով»:

«Ես որեւէ համոզմունք հայտնելու պատրաստ չեմ [թե հունական կողմը անպայման կստորագրի փաստաթուղթը], ցանկություն նույնպես չունեմ», - շարունակեց Սաղաթելյանը: - «Բանակցող թիմերը եկել են ընդհանուր հայտարարության, որը, ընդհանուր առմամբ, հստակ ամրագրվել է բանակցության արդյունքները ամրագրող փաստաթղթում, եւ զեկուցել են այդ փաստաթղթի բովանդակության մասին, ինչպես նաեւ ներկայացրել են այդ փաստաթուղթը իրենց լիազորած մարմիններին»:

Անցած շաբաթ կառավարությունը հաստատել էր Հայաստանում բջջային կապի երկրորդ օպերատորին՝ «Ղ-Տելեկոմ» ընկերությանը: «ԱրմենՏել»-ին բջջային կապի մենաշնորհից զրկելու մասին Հայաստանի կառավարության եւ հունական OTE ընկերության միջեւ վարված բանակցությունների եւ հաշտության պայմանագրի դեմ բողոքել էին IP հեռախոսակապ տրամադրող մոտ 250 հայաստանյան ընկերություններ: Վերջիններս, ըստ կառավարության որոշման, այլեւս այդ ծառայությունը պետք է զիջեն բացառապես «ԱրմենՏել»-ին:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG