Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 13-ը նոյեմբերի)

«Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Կառլոս Պետրոսյանի պաշտոնանկությունը մեր հասարակական-քաղաքական կյանքի եւս մեկ կարեւոր նրբերանգ բացահայտեց. այն է՝ քաղաքական կյանքը, երկրի կառավարումը վերջնականապես տեղափոխվում են կուլիսային հարթություն: Պետրոսյանի պաշտոնանկության մասին լուրը շատ էր հիշեցնում խորհրդային ժամանակները, երբ հայտարարվում էր, որ այսինչն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն կամ այլ աշխատանքի անցնելու, կամ էլ՝ առողջական վիճակի կապակցությամբ: Ու մինչ հանրությունը տանջվում է՝ գտնելու համար հարցի պատասխանը, թե ինչու պաշտոնանկ արվեց ԱԱԾ տնօրենը, այդպես էլ չի գտնվում մի պաշտոնյա, որ պարզաբանի տեղի ունեցածը: Բանը հասավ այնտեղ, որ երկրի վարչապետը փաստորեն խոստովանեց, որ տեղեկացված չէ ԱԱԾ տնօրենի պաշտոնանկության պատճառների մասին», - շրջանակում է «Հայկական ժամանակ»-ը՝ նաեւ որակելով. - «Այս ամենի պատճառը ըստ էության այն է, որ բոլորը կարծես համակերպվել են մտքին, որ երկրի իշխանական համակարգը բաժանված է բոստանների` սա Ռոբերտ Քոչարյանի բոստանն է, սա՝ «Օրինաց երկիր»-ի, սա՝ ՀՀԿ-ի կամ ՀՅԴ-ի եւ այլն, եւ այսպես շարունակ: Ու բոստանատերերը իրենց հայեցողությամբ վարուցանք են անում իրենց հատկացված հողամասերում «կուզենք կվարենք, կուզենք կցանենք» սկզբունքով: Վարչապետը չի մտնում Քոչարյանի բոստանը, Քոչարյանը՝ վարչապետի, ՀՅԴ-ն` «Օրինաց երկիր»-ի, «Օրինաց երկիր»-ը՝ ՀՀԿ-ի եւ այլն: Եվ այս պայմաններում դեռ պետք է շնորհակալ լինել Ռոբերտ Քոչարյանին, որ նա Պետրոսյանի պաշտոնանկության մասին հաղորդագրություն է տարածել»: «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանն այսօր ի մի է բերում. - «Իշխանություն-ընդդիմություն «աշնանային ռաունդի» չկայանալու փաստը հանգեցրել է քաղաքական դաշտում ծավալվող պայքարի երկու զուգահեռ «ճակատների» ձեւավորման, մեկը՝ իշխանական կոալիցիայի ներսում, մյուսը՝ ընդդիմության, կամ ավելի ճիշտ՝ այդպիսին դառնալու նպատակադրում ունեցող ուժերի եւ անհատների միջեւ: Դրա հետեւանքով ե՛ւ իշխանամետները, ե՛ւ ընդդիմադիրները կարծես մոռացել են իրենց հակառակորդ ճամբարի գոյության մասին եւ զբաղված են ավելի անմիջական ու ամենակարեւորը՝ շոշափելի խնդրի լուծմամբ: Այդ խնդիրն է. առաջնության ձեռքբերումը իշխանամետների կամ ընդդիմադիրների «ենթախմբերում», ինչը թույլ կտա ինչ-որ բան ստանալ կամ ստանալու հույս ունենալ պայքարի հաջորդ հանգրվաններում»: Մեկնաբանի հայացքով, հայրենի քաղաքական դաշտում այսօր պայքարի թերեւս միակ գործուն մեթոդը «քաղաքական աննշան պաճուճանքով քողարկված» մեր ավանդական «քցոցին» է: «Քցում են» բոլորը՝ բոլորին, ամեն քայլափոխի, ամեն մի կոնկրետ հարցի հետ կապված»: Իսկ ընդհանուր առմամբ, մի առավելություն է մատնանշում մեկնաբանը. - «Եթե իշխանամետ ուժերի շրջանում շարունակվող խուլ մրցակցությունը, իսկ երբեմն էլ բացահայտ անհամաձայնության դրսեւորումները այնուամենայնիվ կարգավորվում են նման պայմաններում անկախ դատավորի կարգավիճակում հայտնվող երկրի բարձրագույն իշխանության կողմից, ապա ընդդիմադիր դաշտում «դատավոր» անգամ չկա, ուստիեւ այստեղ «խաղի կանոնները» խախտվում են ամեն քայլափոխի»:

«Ինչքանո՞վ են վստահելի «ընտրովի» մեր իշխանությունները» վերնագրի տակ «Ազգ» թերթը Երեւանում անցկացված սոցիոլոգիական հարցման տվյալներ է մատուցում, համաձայն որոնց, մոտ 19 տոկոսը ընդհանրապես հրաժարվել է պատասխանել, 40 տոկոսից ավելին անհրաժեշտության դեպքում անգամ չի դիմի ընտրովիներին, 24 տոկոսն էլ պատգամավորի հանդիպել է, բայց՝ անօգուտ:

«Քոչարյանը հանրային վստահությունը վերականգնելու տեսական քայլեր ունի», - գրում է «Հայկական ժամանակ»-ի տեսաբանը: - «Խոսքը առաջին հերթին խորհրդարանը լուծարելու եւ նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին է: Բայց ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը ձեռնտու չէ ո’չ Քոչարյանին, ո’չ էլ նրան սատարող մեծամասնությանը»: «Այս համատեքստում Քոչարյանի իշխանության բախտը ամենեւին էլ կախված չէ Քոչարյանից, կախված է հանգամանքներից, ընդդիմությունից, առանձին գործիչների վճռականությունից», - ընդգծում է տեսաբանը: - «Քոչարյանի իշխանությունը այսօր իսկապես նման է պաշարված եւ բարոյալքված ամրոցի: Եվ այդ ամրոցի անկումը ընդամենը կախված է մի բանից. կգտնվի՞ գրոհի հրաման տվող որեւէ գործիչ, թե, այնուամենայնիվ, այդ ամրոցը շարունակելու է ներսից գարշահոտել»:

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի Ֆրանսիա կատարած այցի վերաբերյալ ո’չ առաջին նախագահի գրասենյակը, ո’չ էլ «Արմատ» կենտրոնը որեւէ մեկնաբանություն չեն անում: Իսկ Տեր-Պետրոսյանը պատրաստվում է նոր ճամփորդության: «Երկուշաբթի օրը նա մեկնելու է Միացյալ Նահանգներ` այս անգամ ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի եւ սենատոր Հիլարի Քլինթոնի հրավերով», - փոխանցում է «Հայկական ժամանակ» թերթը: - «Մասնակցելու է «Քլինթոն. նախագահական կենտրոնի» բացման արարողություններին: Տեր-Պետրոսյանը ԱՄՆ-ում է գտնվելու շուրջ մեկ շաբաթ եւ այդ ընթացքում մի քանի այլ հանդիպումներ եւս ունենալու է: Իսկ թե ինչ հանդիպումներ են դրանք, պարզել չհաջողվեց: Ի դեպ, հրաժարականից հետո մինչեւ այս աշուն, Տեր-Պետրոսյանը արտերկրում եղել է երկու անգամ: Իսկ վերջին մեկ ամսում արդեն երկրորդ անգամ է մեկնելու երկրից»:

«Եթե Արմեն Սարգսյանը դեռ պատժաժամկետը չլրացած հայտնվի ազատության մեջ՝ այս պայմաններում, երբ Տիգրան Նաղդալյանի ընկերները համոզված են, թե նա է սպանության պատվիրատուն, կարելի՞ կլինի ապահովված համարել նրա անվտանգությունը»: «Առավոտի» այս հարցին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, որը նաեւ Վազգեն Սարգսյանի եղբոր աներորդին է, պատասխանել է. - «Եթե փաստերն այնքան համոզիչ լինեն, որ հնարավոր լինի պատժաչափը կրճատել կամ ներում շնորհել Արմեն Սարգսյանին, կարծում եմ` Տիգրան Նաղդալյանի ընկերներն ու հարազատներն էլ կհասկանան, որ Արմեն Սարգսյանն այնպիսին չէ, ինչպիսին ներկայացվում էր դատարանում: Արմենն ինքն էլ կողմնակից է այնպես ազատվելուն, որ դա արվի միայն փաստերի հիման վրա: Եվ նա կարծում է, թե կարո՛ղ է ապացուցել, որ ինքն այս հարցում անմեղ է»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG