Մատչելիության հղումներ

logo-print

Կառավարությունը հաստատել է Աղքատության նվազեցման ծրագրի մոնիթորինգի հայեցակարգը


Հինգշաբթի օրը Հայաստանի կառավարությունը հաստատել է Աղքատության նվազեցման ծրագրի մոնիթորինգի հայեցակարգը՝ նշելով, որ ընդունված փաստաթուղթը կարեւորությամբ երկրորդն է Աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրից հետո:

Այսօր ընդունված փաստաթուղթը, ըստ էության, տեսական բնույթ է կրում. հաստատվել են ցուցանիշներ, որոնց հիման վրա պետք է մոնիթորինգ անցկացվի եւ ավելի հստակ գնահատական տրվի ծրագրի իրականցմանը:

Պարզաբանելով ընդունված փաստաթղթի էությունը, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության համակարգում գործող Աղքատության կրճատման ծրագրի համակարգող կենտրոնի ղեկավար Հովհաննես Ազիզյանը կառավարության նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ասաց, որ ընդգրկվել են ցուցանիշների հետեւյալ համակարգերը՝ աղքատության կրճատում եւ բարեկեցության աճ, կրթություն, առողջապահություն, հիմնական հանրային ծառայություններ եւ բնակարանային պայմաններ, սոցիալական եւ քաղաքացիական մեկուսացվածություն ու անհավասարություն, բնապահպանական կայուն զարգացում:

«Այսպիսի վեց համախմբերի է բաժանվել ընդհանուր ցուցանիշների համակարգը», - ասաց Ազազյանը՝ համոզմունք հայտնելով, որ դրանց հիման վրա անցկացված մոնիթորինգը կվերհանի հստակ պատկերը:

Տվյալները, ինչպես ներկայացվեց, ստացվելու են երեք աղբյուրներից՝ պետական վարչական ռեգիստրից, ազգային վիճակագրական ծառայությունից եւ անկախ հետազոտություններից:

Հայաստանում աղքատության շեմ է ընդունվել 12 հազար դրամը:
«Տասներկու հազար դրամ շեմը միջազգային համադրելիության ցուցանիշ է», - պարզաբանեց Հովհաննես Ազիզյանը: - «Դա ցուցանիշ է, որը գալիս է «մեկ օրը մեկ դոլար» գաղափարից: Ընդ որում, 12 հազար դրամը դա փաստացի արդյունքն է, որը ստացվում է տնային տնտեսությունների հետազոտություններից»:

Ազիզյանի ներկայացմամբ, ազգային վիճակագրության ծառայության տվյալներով, սպառողական նվազագույն զամբյուղը կազմում է մոտ 14 հազար դրամ:

Ազգային վիճակագական ծառայության ուսումնասիրություններով, աղքատ է Հայաստանի բնակչության շուրջ 43 տոկոսը (2003 թվականի տվյալներով): Առաջընթաց, այդուհանդերձ, կա. 2001 թվականին Հայաստանի բնակչության 51 տոկոսն էր աղքատ, 2002-ին՝ 48 տոկոսը: Ընթացիկ տարվա վիճակագրական ծառայության տվյալները, բնականաբար, դեռ չկան, բայց, Ազիզյանի համոզմամբ, հետընթաց չի լինի:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG