Մատչելիության հղումներ

logo-print

Կարսի քաղաքապետը ստորագրահավաք է անցկացրել հօգուտ հայ-թուրքական սահմանի վերաբացման


Ինչպես այսօր հաղորդել է «Ռոյթեր» գործակալությունը, Կարսի քաղաքապետ Նայիֆ Ալիբեյօղլուն 50 հազար ստորագրություն է հավաքել հօգուտ հայ-թուրքական սահմանի վերաբացման:

Նրա կարծիքով, Թուրքիան եւ Հայաստանը մեծապես կշահեն, եթե բացվեն ավտոճանապարհներն ու երկաթուղին։ «Չէ՞ որ Կարսը շատ ավելի մոտ է Հայաստանին, քան Թուրքիայի խոշոր բնակավայրերին», - ասել է Ալիբեյօղլուն՝ համոզմունք հայտնելով, որ սահմանի վերաբացումը կնպաստի խաղաղության հաստատմանը ողջ տարածաշրջանում։

«Հայաստանը Թուրքիայի հետ կապված է օդային կամրջով, Թուրքիայում մոտ 50 հազար հայաստանցի է աշխատում, իսկ Ստամբուլի խանութներում կարող եք գնել հայաստանյան արտադրության օղի ու կոնյակ։ Եվ սա այն պայմաններում, երբ ցամաքային սահմանը մնում է փակ», - փաստել է Կարսի քաղաքապետը։

Ինչ վերաբերում է ցեղասպանությանը, ապա Կարսի քաղաքապետն ասում է. - «Իմ պապի եղբորն էլ հայերն են սպանել, մենք բոլորս նման պատմություններ ունենք, բայց պետք է սովորենք աշխատել միասին: Այնպես, ինչպես ֆրանսիացիներն ու գերմանացիներն են անում Եվրամիության շրջանակներում»։

Նայիֆ Ալիբեյօղլուն Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» մահմեդական կուսակցության անդամ է։

Ռազմավարական եւ ազգային հետազոտություների հայկական կենտրոնի հարցման արդյունքներով, հայ-թուրքական սահմանի բացմանը կողմ են հայաստանցիների 43 տոկոսը եւ դեմ՝ 35 տոկոսը։


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG