Մատչելիության հղումներ

Դատախազությունը որոշել է, որ անհրաժեշտ է կարճել «Հոկտեմբերի 27»-ից անջատված մասով գործը


Երեքշաբթի օրը Հայաստանի գլխավոր դատախազության կոլեգիան միաձայն որոշում է ընդունել«Հոկտեմբերի 27»-ից անջատված մասով քրեական գործը կարճելու անհրաժեշտության մասին:

«Ամփոփելով քրեական գործի նյութերը, կոլեգիան որոշում է կայացրել, որ սպառված են բոլոր միջոցները՝ թե’ քննչական եւ թե’ օպերատիվ-որոնողական, նոր տվյալներ ձեռք բերելու այլ անձանց մասնակցության եւ առկայության վերաբերյալ, եւ կոլեգիան միաձայն որոշում է կայացրել քրեական գործը հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ կարճելու անհրաժեշտության մասին», - կոլեգիայի նիստի ավարտին հրավիրված ասուլիսում տեղեկացրեց Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Գուրգեն Ամբարյանը՝ ավելացնելով, որ քննչական խմբի ղեկավար Մարսել Մաթեւոսյանը կոլեգիայի նիստում զեկուցել է, որ գործը սպառված է եւ առաջարկել է կարճել այն:

Ինքը՝ Մարսել Մաթեւոսյանը ասուլիսում հայտարարեց. - «Քննության արդյունքների ամփոփումը ցույց է տվել, որ այսօր մենք չունենք կոնկրետ անձ, որին մեղադրանք առաջադրենք»:

Ըստ էության, հարցը սկզբունքորեն որոշված է. գործը կարճելու մասին իրավաբանական որոշումը պետք է ընդունի քննչական խումբը, որը գլխավորում է Մարսել Մաթեւոսյանը: Այսինքն՝ մնացել է զուտ տեխնիկական հարց:

«Հոկտեմբերի 27»-ի գործից 4 տարի առաջ՝ 2000-ի ամռանը, այս մասը առանձնացվեց՝ նպատակ ունենալով պարզել, թե արդյո՞ք կային հանցագործության այլ մասնակիցներ, դրդիչներ, հնարավոր կազմակերպիչներ: Մեկուկես տարի առաջ անջատված մասը զինդատախազության վարույթից հանձնվեց Գլխավոր դատախազությանը: Վերջինս էլ այսօր ընդունած որոշմամբ, փաստորեն, պատասխանում է այդ հարցերին, թե՝ կազմակերպիչներ չկան:

Գլխավոր դատազան Աղվան Հովսեփյանի նախագահությամբ անցած նիստին մասնակցել են ոչ միայն կոլեգիայի անդամները, այլեւ « 27»-ի գործով քննաչական խմբի անդամները, անջատված մասով քննաչական խմբի անդամները, դատարանում մեղադրանքը պաշտպանած դատախազները:

Ասուլիսում Մարսել Մաթեւոսյանը ներկայացրեց «Հոկտեմբերի 27»-ից անջատված մասով գործով տարված բոլոր աշխատաքները՝ կատարվել են 172 հարցաքննություն, բազմաթիվ առերեսումներ, զննություններ, առգրավումներ, փորձաքննություններ, քննարկվել են տուժողների իրավահաջորդների, նրանց ներկայացուցիչների բազում միջնորդություններ եւ այլն:

«[Այդ գործողությունները] Նոր ենթադրյալ, հորինված կամ ոչ հորինված անձանց ի հայտ բերելու առումով որպես այդպիսին արդյունք չեն բերել», - ի մի բերեց Մաթեւոսյանը՝ շարունակելով. - «Ի վերջո, եթե այդ անձինք չկան, գոյություն էլ չունեն, որոշակի շրջանակներին անհրաժեշտ է, որպեսզի դրանք ստեղծվեն... Տարիներ շարունակ գործը որպես այդպիսին ձեւականորեն պահելը իմաստ չունի»:

Մաթեւոսյանի խոսքերով, այլ հանցակիցների սկզբնաղբյուրը հանդիսացել է Նաիրի Հունանյանի սկզբնական ցուցմունքը, որից նա հետագայում հրաժարվել է եւ որը հետագայում չի հաստատվել:

1999-ի հոկտեմբերի 27-ին զոհված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե շատ ավելի զարմանալի կլիներ, եթե գործով քննություն կատարեին եւ նոր հանգամանքներ ներկայացնեին:

«Ակնհայտ էր, որ այդ գործը ի սկզբանե անջատեցին, որ հետո կարճեն: Դա այս իշխանություններին նման է», - ասաց Արամ Սարգսյանը: - «Ես կարծում եմ, «Հոկտեմբերի 27»-ը բացահայտվելու է... եւ այս կոլեգիան էլ իր որոշման համար պատասխան է տալու»:

ՀԺԿ եւ «Արդարություն» դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի խոսքերով, իշխանություններն ամեն ինչ արեցին գործը կոծկելու համար:

«Ոճրագործության առաջին իսկ օրվանից նշվեց, ասվեց, որ այս տականքների հետեւում որեւէ ուժ կանգնած չէ, եւ մինչ օրս հետեւողականորեն Ռոբերտ Քոչարյանի կամակատարները իրականացնում են այդ հրահանգը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Դեմիրճյանը՝ ավելացնելով. - «Ակնհայտ է իշխանությունները շահագրգռվածությունը գործը կոծկելու մեջ»:

Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ով գլխավոր դատախազության որոշման մասին դեռեւս չգիտեր, «Ազատություն» ռադիոկայանին, այդուհանդերձ, ասաց. - «Անկախ նրանից, այսօր է կարճվել, թե չէ՝ պիտի կարճվեր... Նման խնդրում մեղավորներ պետք չէ փնտրել»:

«Հայաստանը իր կարողություններով այն պետությունը չէ, որպեսզի կարողանա ընդհանրապես խորանալ ամբողջ եղելությունների մեջ», - շարունակեց նա՝ կրկին հնչեցնելով իր կարծիքը, թե «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչները դրսից են. - «Հենց այդ պարագան է, որ, կարծում եմ, որ գործը պիտի կարճվեր հնարվորությունների բացակայության պառճառով»:


Հրաչ Մելքումյան եւ Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG