Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ» թերթի ընդգծմամբ՝ եթե երկրաշարժի մասին լուրով երեկվա խուճապը ստեղծելով` ինչ-որ մեկը ցանկանում էր ապացուցել ժողովրդի անվստահությունն իշխանությունների հանդեպ. դա նրան լիովին հաջողվեց: «Բանն այն է, որ ժողովուրդը երեկ նախընտրեց հավատալ անհիմն զրույցներին, իսկ հետո էլ դեռ երկար ժամանակ հրաժարվում էր հավատալ պաշտոնական հերքումներին: Նման պահվածքը մեր պետության քաղաքացիների համար ավելի տրամաբանական է», - խտացնում է «Առավոտ»-ը: - «Մենք սովոր ենք, որ իշխանության ներկայացուցիչները մեզ երբեք երես չեն տալիս ճշմարիտ տեղեկատվությամբ, որ ոլորտին էլ այն վերաբերի՝ ընտրությունների արդյունքներին, դատաքննություններին, օտարերկրյա ներդրումներին կամ տնտեսական «վագրային» աճին: Հետեւաբար ժողովուրդն ունի բոլոր հիմքերը այս դեպքում եւս չհավատալ պետության տված տեղեկատվությանը եւ մտածել, որ անգամ հնարավոր երկրաշարժի մասին պաշտոնական աղբյուրներից իրականությանը համապատասխանող տեղեկություն չի ստանա»:

Ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնից Կառլոս Պետրոսյանի ազատումը «Առավոտ»-ի մի վարկածով կապվում է գողացված ավտոմեքենաների հետ, բայց ընդհանուր առմամբ ձեւակերպված է. - «Իր պաշտոնավարության օրոք Պետրոսյանը համարվում էր Ռոբերտ Քոչարյանի հավատարիմ մարդ, ու նրա պաշտոնանկության իրական պատճառը այս ոլորտին քիչ թե շատ ծանոթ մարդիկ դժվարացան մեկնաբանել»: Իսկ համակարգի գործունեության արդյունավետության տեսանկյունից, ըստ թերթի, կադրային այդ փոփոխությունը որեւէ բան չի փոխի: «Հայկական ժամանակ» թերթի շեշտադրմամբ, Գորիկ Հակոբյանը նախեւառաջ հայտնի է որպես «պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի շրջապատին պատկանող մարդ»: «Իրավունք»-ի մեկնաբանն էլ առանձնացրել է. - «Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ այդ կառույցի առաջին դեմք հարյուր տոկոսանոց չեկիստի նշանակելը հուշում է, որ շեշտակի բարձրացվելու են ազգային անվտանգության ծառայության կշիռն ու նշանակությունը»: Ենթադրվում է որ կվերականգնվի «ներքաղաքական հետախուզության ինստիտուտը», ինչը Ռոբերտ Քոչարյանին կօգնի ամրապնդել սեփական դիրքերն ու ունենալ հրատապ օպերատիվ տեղեկատվության հուսալի այլընտրանքային աղբյուր»: «Իրավունք»-ի ուրվագծմամբ, հանրապետության նախագահը այսօր գործում է «միանգամայն անկանխատեսելի». - «Կառլոս Պետրոսյանի պաշտոնանկությունից հետո ե’ւ կառավարող կոալիցիայում, ե’ւ ընդհանրապես ամբողջ վերնախավում սպասողական վիճակ է: Անորոշ լուրեր են պտտվում կադրային փոփոխությունների փաթեթի մասին, հնչում են տարատեսակ ազգանուններ, բայց Քոչարյանի կադրային մտահղացումների մասին ամբողջական տեղեկատվություն ունեցողները կա’մ չափազանց քիչ են, կա’մ ընդհանրապես չկան, ուստի ամբողջ իշխանական բուրգում լարվածություն է սպասվում»:

«Հայոց աշխարհ» թերթն այսօր ձեւակերպել է. - «Ասիական ոխակալությամբ» առաջնորդվող շահարկողները, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր՝ հետդատավարական շրջանում, երբ մանավանդ լրացել է «Հոկտեմբերի 27»-ի 5-ամյա տարելիցը, ոչ մի կերպ չեն հաշտվում աղետը պատմությանը հանձնելու մտքի հետ։ Մինչդեռ մենք բոլորս, հանրությունը, թեպետ անամոք, գիտակցում ենք, որ երկրի այդ սեւ էջը փակված է վաղուց։ Եվ հիմա առավել քան տարօրինակ է, թե ինչո՞ւ է պահպանվում «Հոկտեմբերի 27»-ի անջատված մասով վարույթը»: Մի խոսքով, ըստ «Հայոց աշխարհ»-ի, ժամանակն է, որ գլխավոր դատախազությունը հանդես գա հայտարարությամբ. - «Քննության վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնի՝ վարկածներից որոնք են հերքվել, որոնք հաստատվել։ Եթե կա գոնե մեկ վարկած, ապա ինչ հիմքով է այն հաստատվել։ Իսկ եթե ոչ մի խելքին մոտ կամ քիչ թե շատ հիմնավոր վարկած գոյություն չունի, որի շուրջ կարելի լիներ քննությունը շարունակել, ապա թող այդպես էլ հայտարարեն»։ «Գլխավոր դատախազությանը այլ բան չի մնում անելու, քան վարույթը կարճելու մասին որոշում կայացնելը, այլապես հանրությունը հիմա էլ պարտադրված է լինելու հայտնվել «անջատված մաս» կոչվող տենդի մեջ», - եզրափակում է «Հայոց աշխարհ»-ը։

Իսկ «Ղ-Տելեկոմ»-ին առավելագույն արագությամբ Հայաստանի կապի շուկա մտնելը, «Հայոց աշխարհ» թերթի շեշտադրմամբ, «առնչվում է Հայաստանի եւ ողջ աշխարհի հետ Արցախի անխափան կապի ապահովմանը»: Եվ Հայաստանի իշխանություններին «հաջողվեց անհրաժեշտ ճկունություն դրսեւորելով չեզոքացնել վերոհիշյալ վտանգը»: «Իրավունք» թերթի տեղեկություններով էլ, «Ղ-Տելեկոմ»-ի հարցում որոշիչը եղել է արտաքին գործոնը. «Ղարաբաղ-Տելեկոմ»-ը կարող էր կորցնել 5 միլիոն դոլար՝ դուրս մնալով միջազգային GSM ասոցիացիայից, եթե մինչեւ նոյեմբերի 4-ը չդառնար հայաստանյան ընկերություն:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG