Մատչելիության հղումներ

logo-print

Բջջային կապի նոր օպերատորի ընտրությունը «քաղաքական որոշում» էր


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասել է Հայաստանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը, հայաստանյան բջջային կապի ոլորտում երկրորդ օպերատորի ընտրությունը «ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական» որոշում էր:

Նրա խոսքերով, եթե մրցույթին մասնակցեին այլ ընկերություններ եւ ավելի մեծ գումարներ առաջարկեին, դժվար կլիներ «տրամաբանական պատասխան տալ, թե ինչու են մերժում նրանց»:

«Ղ-Տելեկոմ»-ը Հայաստանի բջջային կապի շուկա մտնելու համար վճարելու է 7 միլիոն դոլար, որից 5 միլիոնը վճարվելու է լիցենզիայի համար, իսկ 2 միլիոնը՝ հարկերի ձեւով:

«ԱրմենՏել»-ի հետ միասին հինգ տարով մենաշնորհ ստացող ընկերությունը առաջիկա մեկ տարվա ընթացքում պետք է 50 միլիոն դոլարի ներդրումներ կատարի: «Ղ-Տելեկոմ»-ի քարտերից հայաստանցիները կկարողանան օգտվել, հավանաբար, 2005 թվականի կեսերից: Նախատեսվում է մեր տարվա ընթացքում ունենալ 50 հազար բաժանորդ:

Հայաստանում գործունեւության պատրաստվող «Ղ-Տելեկոմ»-ը իրավանաբանորեն նույն «Ղարաբաղ-Տելեկոմ» ընկերությունը չէ, բայց սեփականատերը նույնն է՝ լիբանանացի Պիեռ Պատուշը: Հայաստանում գործող «Ղ-Տելեկոմ»-ը միջազգային որեւէ խնդիր չի ունենա, եւ այս ճանապարհով կապահովի նաեւ «Ղարաբաղ-Տելեկոմ»-ի միջազգային կապը: Խնդիրն այն է, որ Ադրբեջանը դիմել էր մի քանի տասնյակ երկրների, որպեսզի նրանք փակեն «չճանաչված» Ղարաբաղում գործող ընկերության` «Ղարաբաղ-Տելեկոմ»-ի ռոումինգային կապը:

«ԱրմենՏել»-ին բջջային կապի մենաշնորհից զրկելու մասին Հայաստանի կառավարության եւ հունական OTE ընկերության միջեւ վարված բանակցությունների եւ ակնկալվելիք հաշտության պայմանագրի դեմ բողոքել էին ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանի կուսակցությունը եւ IP հեռախոսակապ տրամադրող մոտ 250 հայաստանյան ընկերություններ: Վերջիններս, ըստ կառավարության որոշման, այեւս այդ ծառայությունը պետք է զիջեն բացառապես «ԱրմենՏել»-ին:

Երկուշաբթի օրը, մինչդեռ, տարածվել է Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) խորհրդի հայտարարությունը, որում նշված է, թե կառավարությունը «ավելի ամրապնդեց ու հստակեցրեց «ԱրմենՏել»-ի մենաշնորհը:

«Որոշումը անմիջապես վավերացվեց ՀՀ նախագահի կողմից, իսկ նույն գիշերը կազմավորված հանձնաժողովը կես օրում, գաղտնի անցկացրեց մրցույթ բջջային կապի երկրորդ օպերատորին որոշելու համար եւ հայտարարեց այդ մրցույթի նախապես որոշված հաղթողին», - հայտարարում է ԱԺՄ խորհուրդը: - «Իշխանությունը ներկայացնող քրեականացված կլանները Հայաստանի ռազմավարական շահերի հաշվին տուրք տվեցին դիզելու-հաստանալու իրենց անհագուրդ ցանկությանը, Հայաստանին հետ մղելով մի քանի տասնամյակ՝ դարձնելով տարածաշրջանային եւ համաշխարհային մրցակցության մեջ էլ ավելի թույլ եւ ոչ մրցունակ, է’լ ավելի ամրապնդելով կորուստների ախուսափելիությունը` մասնավորապես Ղարաբաղի հարցում»:

ԱԺՄ խորհուրդը «ազգային շահի բաց սակարկումով ոտնահարման հետեւանքների» ողջ պատասխանատվությունը դնում է Հայաստանի նախագահի եւ կոալիցիայի 3 կուսակցությունների վրա:

ԱԺՄ-ն գտնում է, որ օր առաջ անհրաժեշտ է վերջ տալ կապի ոլորտի մենաշնորհին, բաց-հրապարակային մրցույթով կապի բնագավառ ներգրավել մրցունակ ներդրողների, իսկ «հերթական խայտառակ որոշման մասնակիցներին ենթարկել պատասխանատվության»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG