Մատչելիության հղումներ

Կառլոս Պետրոսյանին կփոխարինի իր տեղակալը


Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով երկուշաբթի օրը Գորիկ Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Նախագահի նույն հրամանագրով Հակոբյանն ազատվել է Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։

Նախագահ Քոչարյանը երկուշաբթի օրը նորանշանակ տնօրենին ներկայացրել է ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին:

58-ամյա գեներալ-մայոր Գորիկ Հակոբյանը ծնվել է Գյումրիում: Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը եւ ՍՍՀՄ ՊԱԿ-ի բարձրագույն դասընթացները:

«1970 թվականից աշխատում է անվտանգության համակարգում` զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ սկզբում ՀՍՍՀ Պետական անվտանգության կոմիտեում, ապա` ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչությունում», - տեղեկացնում է նախագահի մամլո ծառայության հրապարակած տեղեկանքը: - «1997-1999թթ. զբաղեցրել է ՀՀ ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ 1999-2002թթ-ին` ազգային անվտանգության նախարարի տեղակալի պաշտոնը: 2002թ. դեկտեմբերից մինչ նոր նշանակումը զբաղեցրել է Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնը»:


Լեոնիդ Զիլֆուղարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG