Մատչելիության հղումներ

Բջջային կապի ոլորտում երկրորդ օպերատորը «ՂարաբաղՏելեկոմ»-ն է


Երեկ երեկոյան Հայաստանի կառավարության արտահերթ նիստում հաստատվել էր «ԱրմենՏել»-ի թիվ 60 լիցենզիայի նոր տարբերակը, որով այդ ընկերությունը զրկվել էր բջջային կապի ոլորտում մենաշնորհից՝ փոխարենը պահպանելով ինտերնետ կապի մենաշնորհը՝ գումարած IP հեռախոսակապի մենաշնորհը: Այսօրվա՝ արդեն հերթական նիստում Հայաստանում շարժական կապի ծառայություններ մատուցելու համար որոշվեց թույլատրել երկրորդ օպերատորի մուտքը՝ եւ լիցենզիա տրամադրել այսպես կոչված «Ղ-Թելեկոմ» ընկերությանը։

Ընդ որում, կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունը նշում է, որ այդ որոշումը ընդունվել է հաշվի առնելով այսօր ստեղծված մրցութային հանձնաժողովի անցկացրած մրցույթի արդյունքները։

Թե իրականում ինչ է այդ նորահայտ ընկերության լրիվ անվանումը, եւ ինչու այդքան հապճեպ, կարելի է ասել՝ կայծակնային արագությամբ բառացիորեն մեկ օրվա ընթացքում կազմակերպվեց այդ մրցույթը, այսօր իրազեկ առաջին աղբյուրից անհնար եղավ պարզել, քանի որ մրցութային հանձնաժողովի նախագահ՝ տրանսպրոտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, ինչպես նաեւ նրա մամուլի ծառայությունը անհասանելի էին։

Այդուհանդերձ, այլ աղբյուրներից պարզվեց, որ կայծակնային մրցույթը շահած «ՂԹելեկոմ» ընկերությունը «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության վերանվանված տարբերակն է։ Լիբանանյան ծագմամբ Ղարաբաղ Տելեկոմ ընկերությունը մոտ 10 միլիոն դոլարով 2001 թվականից ձեւավորել եւ շահագործում է Լեռնային Ղարաբաղի բջջային հեռախոսակապի ցանցը։ Այն ծածկում է Ղարաբաղի տարածքի 70 տոկոսը։

Այսօրվա մրցույթը հայաստանյան մրցույթների պատմության մեջ բացառիկ է, որի արդյունքը, ամենայն հավանականությամբ, արդեն կանխավ որոշված էր։

Պարզ է, որ երկրորդ օպերատորի մուտքը հայաստանյան բջջային կապի շուկա ապահովելու համար որեւէ փաստացի մրցույթ չի եղել. համենայն դեպս հայտնի չէ այն ընկերությունների անունները, որոնք հայտեր են ներկայացրել ու որոշակի ներդրումային առաջարկներ են արել։ Կամ ասենք, թե ինչպիսի՞ն է մրցույթը շահած «Ղ-Թելեկոմ» ընկերության ներդրումային առաջարկը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG