Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի իմիջն աշխարհում վատթարացել է


Իրաքյան պատերազմից հետո Միացյալ Նահանգների իմիջն աշխարհում կտրուկ անկում է ապրել։ Այդ է վկայում The Pew Global Attitudes Project կազմակերպության եզակի հարցախույզը, որն անցկացվել է 44 երկրներում։

Ըստ նշված կազմակերպության ղեկավար, ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադելին Օլբրայթի նախաձեռնությամբ անցկացված հարցման, ներկայումս Գերմանիայում, Ֆրանսիայում եւ Իսպանիայում բնակչության մեծ մասը բացասական կարծիք ունի Ամերիկայի մասին, այնինչ դեռ երկու տարի առաջ ֆրանսիացիների ու գերմանացիների 60 տոկոսից ավելին դրականորեն էր վերաբերում Միացյալ Նահանգներին։

Ընդհանրապես աշխարհի 44 երկրներից, որտեղ անց է կացվել հարցումը, ընդամենը 7-ում է բնակչության մեծ մասը դրական վերաբերվել ԱՄՆ-ին։ Դրանք են՝ Մեծ Բրիտանիան, Իտալիան, Կանադան, Իսրայելը, Ավստրալիան, Քուվեյթը եւ Նիգերիան։

Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ աշխարհը դժգոհ է Միացյալ Նահանգներից ու նրա քաղաքականությունից, բայց ոչ ամերիկացիներից։ 21 երկրներից, որտեղ մարդկանց հարցրել են՝ հավանո՞ւմ եք արդյոք ամերիկացիներին, 14-ում, այսինքն՝ երկու երրորդում, մեծ մասը դրական պատասխան է տվել։ Հարցվածների մեծ մասը Միացյալ Նահանգների մասին իր բացասական պատկերացումները կապում է Ջորջ Բուշի հետ։

Անկախ ԱՄՆ-ի եւ Ջորջ Բուշի նկատմամբ վերաբերմունքից, հարցվածների մեծ մասը կարծիք է հայտնել, որ կյանքը վերջին 5 տարիների ընթացքում վատացել է։

Թեեւ հարցումը Հայաստանում չի անցկացվել, դրա արդյունքները վկայում են, որ Հայաստանը ամենեւին էլ միակ երկիրը չէ, որտեղ իշխանությունները սուր քննադատության են ենթարկվում։ Աշխարհի երկրների մեծ մասում, այդ թվում նաեւ Ամերիկայում, մարդկանց մեծամասնությունը համոզված է, որ իրենց կառավարությունը անարդյունավետ է գործում։

Հարցվածների մեծ մասը ասել է նաեւ, որ ուզում է ապրել մի պետությունում, որտեղ կարելի է հրապարակավ քննադատել իշխանություններին, անցկացնել ազնիվ ընտրություններ եւ ունենալ ազատ մամուլ՝ առանց որեւէ գրաքննության։



Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG