Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Հայերը դարձյալ սխալվեցին, հույս ունեին, թե կհաղթի Քերին, իսկ հաղթանակը Բուշի կողմն է», - անդրադառնում է «Առավոտ» թերթը: «Մենք, ամեն դեպքում, ո’չ Ֆրանսիա ենք, ո’չ Գերմանիա, ո’չ էլ, առավել եւս, Մեծ Բրիտանիա, որպեսզի մեր նախապատվություններն ունենանք աշխարհի ամենաազդեցիկ երկրի նախագահի ընտրությունների հարցում: Առավել եւս, որ իրականում Հայաստանի համար բացարձակ նշանակություն չունի, թե ով կլինի Ամերիկայի հաջորդ նախագահը: Նախեւառաջ այն պատճառով, որ Քերին ոչ մի ցեղասպանություն էլ չէր ճանաչի», - համոզված է «Առավոտ»-ը: - «Իսկ մեծ հաշվով, մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, լավ կլինի նախ ինքներս սովորենք մեզ համար նախագահ ու խորհրդարանական ընտրել, ապա նոր կողմնորոշվել, թե ում ենք ցանկանում տեսնել Ամերիկայի նախագահի պաշտոնում»:

«ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջորջ Բուշ կրտսերի վերընտրությունը չափազանց տպավորիչ ստացվեց», - գնահատում է «Հայկական ժամանակ» թերթը: - «Փաստորեն, ամերիկացի ընտրողները հավանության արժանացրին նախագահ Բուշի վարած արտաքին քաղաքականությունը եւ մասնավորապես Իրաքի պատերազմը»: «Ի՞նչը ստիպեց ամերիկացիներին՝ կատարել հենց այսպիսի ընտրություն» հարցին «Հայկական ժամանակ»-ը կցել է հետեւյալ պատասխանը. - «Բուշի թիմը կարողացավ ամերիկացիներին բացատրել, որ 2001 թվականին Ամերիկայի տարածքում սանձազերծված պատերազմը կարող էր շարունակվել հենց Ամերիկայի տարածքում, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը կարողացավ այդ պատերազմը դուրս բերել ԱՄՆ-ից: 2001 թվականից ի վեր՝ ԱՄՆ-ում ոչ մի ահաբեկչություն տեղի չի ունեցել, եւ սա ի վերջո դարձավ այն առանցքային փաստը, որ հաղթանակ պարգեւեց հանրապետական Բուշին»:

«Ազգ» թերթի փոխանցմամբ, «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը մեծ ցավ է զգում Ջոն Քերիի պարտության համար: «Քերիի ընտրությունը մեծ տարբերություն պետք է տար Հայ դատի հետապնդման գործում», - ասել է նա: - «Հակառակ այս ժամանակավոր ձախողման, մենք պետք է հպարտ զգանք, որ պաշտպանեցինք այն կողմին, որն ավելի նպաստավոր էր մեր դատին: Աշխարհի վերջը չէ, կյանքը շարունակվելու է, ինչպես նաեւ՝ մեր պայքարը»: Սասունյանը չի կարծում, թե Բուշի վերընտրությունը որեւէ բացասական ազդեցություն կունենա հայ-ամերիկյան հարաբերությունների վրա: ՌԱԿ (Ռամկավար ազատական կուսակցություն) համաատենապետ Երվանդ Ազատյանի կարծիքով էլ, քաղաքական կուսակցությունները, որոնք Քերիի կողքին կանգնեցին, հետագա գործունեության ընթացքում որեւէ դժվարություններ չեն ունենա, քանի որ Ամերիկան ժողովրդավարական երկիր է: «Այս իմաստով մտահոգություններ չկան, բայց Հայաստանի եւ Կովկասի առումով, դժբախտաբար, Բուշի քաղաքականությունը պիտի շարունակվի, եւ դրա հետեւանքով Հայաստանը քաղաքականապես ավելի է մեկուսանալու», - ավելացնում է Երվանդ Ազատյանը: - «Կովկասի ընդհանուր քաղաքականությունում Հայաստանի կշիռը ԱՄՆ արտաքին գերատեսչությունում ավելի թեթեւ է»:

Դաշնակցության ներկայացուցիչների երեկվա ասուլիսի հետքերով «Հայկական ժամանակ» թերթի մեկնաբանը գրում է. - «Կոալիցիոն կառավարության ստեղծումից ի վեր ՀՅԴ-ն այդպես էլ չի ստանում այն, ինչ ուզում է, բայցեւ՝ այդպես էլ չի իրականացնում կոալիցիայից դուրս գալու իր սպառնալիքը: Պատճառն էլ երեւի այն է, որ դաշնակցության հիմնական պահանջների հասցեատեր Ռոբերտ Քոչարյանը ՀՅԴ լիդերների հետ հանդիպումներից մեկի ժամանակ նրանց «դուխ» է տալիս, թե ՀՅԴ սեւ ցուցակի պաշտոնյաները շուտով պաշտոնանկ կարվեն... Դաշնակցությունը, ինչպես պարզվեց երեկվա ասուլիսից, մեծ դժկամությամբ եւ չուզողությամբ կշարունակի մնալ կոալիցիայի կազմում եւ կշարունակի կրել իշխանության ծանր ու անշնորհակալ բեռը», - խտացվում է «Հայկական ժամանակ»-ում: - «Իսկ 2 տարի անց ՀՅԴ-ն կհայտարարի, որ ինքը մինչեւ վերջին պահը պայքարեց այս իշխանություններին ազգային-պետական ուղեգծի վրա պահելու համար, բայց իր ուժերը բավարար չէին: Ուստի՝ ՀՅԴ-ն դուրս է գալիս կոալիցիայից ու միանում ժողովրդին»:

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը «Հայոց աշխարհ» թերթի հարցազրույցում ձեւակերպել է. - «Եթե իշխանությունը հայտարարի իրավիճակը փոխելու իր վճռականության մասին եւ որոշ ժամանակի կտրվածքով գործնականում ապացուցի, որ կատարում է իր խոստումը, դա երկրի համար շատ օգտակար կլիներ: Բայց ես չեմ հավատում դրան, որովհետեւ իշխանական համակարգում անձնական շահերն ու հավակնությունները շատ ավելի առանցքային նշանակություն ունեն այսօր, քան ընդդիմության ներսում»: Ըստ Վազգեն Մանուկյանի, ընդդիմությունը կարող է ցանկացած պահի միավորվել, երբ սեղանի վրա դրվի ընդհանուր գործողությունների կոնկրետ սցենար. - «Բոլորը պատրաստ են դրան, բայց հիմա այն փուլն է, երբ յուրաքանչյուրը փոփոխությունների համար իր սցենարն է առաջարկում: Այսինքն՝ ոչ թե ծրագիր չկա, այլ դրանք բազմաթիվ են: Դրանցից մեկի վրա կանգ առնելու դեպքում միայն միավորումը կկայանա»: «Հիմա ոչ ոք չի համախմբվի որեւէ կուսակցության կամ անձի շուրջ, այլ՝ միայն հեռանկար խոստացող գործողությունների կոնկրետ մարտավարության», - ընդգծում է ԱԺՄ նախագահը:

Գործարար, պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը «168 ժամ» շաբաթաթերում այսօր «Իշխանությունները գործարարներին խառնում են քաղաքականության մեջ, քաղաքական հսկողություն կատարում» հարցադրմանը արձագանքել է. - «Գործարարների մեծ մասը այժմ Ազգային ժողովի պատգամավորներ են, հետեւաբար՝ արդեն իսկ քաղաքականացված են: Մենք բոլորս պատգամավոր դարձանք, չնայած հիմա կարծում եմ, որ դա այնքան էլ ճիշտ չէր, քանի որ չէինք կարծում, թե այս որակի խորհրդարան կունենայինք... Եթե պրոֆեսիոնալ խորհրդարան լիներ, գործարարները մեծ անելիք կարող էին ունենալ տնտեսական բարեփոխումների առումով», - վստահեցնում է Ռուբեն Հայրապետյանը՝ նաեւ բանաձեւելով. -«Հայաստանը փոքր երկիր է, շուկան էլ փոքր: Ընդամենը 5 միլիոն դոլարով հնարավոր է ցանկացած բիզնես կլանել»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG